Ներկայանալով մահացած զինծառայողի հարազատների անունից՝ խոշոր չափի գումար է ստացել. ԱԱԾ բացահայտումը


Ներկայանալով մահացած զինծառայողի հարազատների անունից՝ խոշոր չափի գումար է ստացել. ԱԱԾ բացահայտումը

  • 31-03-2021 10:30:04   | Հայաստան  |  Իրավունք



ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արարատի մարզային վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Յու. Մ.-ն, ազգակցական կապերի բերումով տեղեկացված լինելով, որ Արարատի մարզի Վանաշեն գյուղի բնակիչ Ռ. Հ.-ի թոռը զոհվել է Արցախյան պատերազմի ընթացքում, խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով նամակագրական կապ է հաստատել Կանադայում բնակվող Ռ. Հ.-ի մտերիմ Ա. Գ.-ի հետ և, նրան ներկայանալով մահացած զինծառայողի հարազատների անունից, զոհվածի գերեզմանատան բարեկարգման և շիրմաքարի տեղադրման ծախսերը հոգալու պատրվակով, խնդրել է գումար ուղարկել իրեն՝ այդ կերպ խեղաթյուրելով իրական փաստերը և մոլորության մեջ գցելով գույքի իրական սեփականատերերին, ինչի արդյունքում դրամական փոխանցումների համակարգով նրանցից ստացել է խոշոր չափերի՝ 1.399.329 ՀՀ դրամին համարժեք 2700 ԱՄՆ դոլար գումար և խաբեության եղանակով հափշտակել այն:
 
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով Յու. Մ.-ն ձերբակալվել է, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
 
Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները և տուժողների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:
 
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են Յու. Մ.-ի նույնաբնույթ այլ գործողությունների արդյունքում, դիմել իրավապահ մարմիններին, և զգուշացնում է, որ հետևողականորեն շարունակելու է ձեռնարկել ակտիվ միջոցառումներ՝ նմանատիպ դեպքերը բացահայտելու և դրանք չեզոքացնելու ողղությամբ:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք