3 անձի մեղադրանք է առաջադրվել՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար


3 անձի մեղադրանք է առաջադրվել՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար

  • 05-04-2021 17:33:05   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելով զուգորդված, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, շարժառիթը, միջադեպին մասնակից անձանցից մի քանիսի իքնությունը:
 
Մասնավորապես պարզվել է, որ 2021թ. մարտի 22-ին` ժամը 22:30-ից 23:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի շենքերից մեկի շքամուտքում, գումարային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել համաքաղաքացի երիտասարդների միջև, որի վերաբերյալ պարազաբանումները շարունակվել են ժամը 23:30-ի սահմաններում, ինչի  ժամանակ վնասվածքներ ստացած երեք անձինք, պոլիտրավմա ախտորոշմամբ, տեղափոխվել են «Գորիսի բժշկական կենտրոն»:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սկզբում շենքի բաց պատշգամբում, ապա ընդհանուր օգտագործման միջանցիկ սրահում Գորիս քաղաքի չորս բնակիչները, գործով դեռևս չպարզված անձանց հետ, հայհոյելով, աղմուկ-աղաղակով, գոռգոռոցներով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, տագնապի ու վախի մթնոլորտ առաջացնելով` գործով երեք տուժողների նկատմամբ բռնություն են գործադրել, որի ընթացքում, միմյանց գործողությունները փոխլրացնելով, առանձնակի հանդգնությամբ, ձեռքերով, ոտքերով, ինչպես նաև՝ մետաղական առարկաների գործադրմամբ, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջիններիս մարմնի տարբեր մասերին, ապա մեղադրյալներից մեկը, չբավարարվելով կատարածով, ապօրինի մուտք է գործել տուժողներից մեկի բնակարան և շարունակելով իր հանցավոր գործողությունները՝ ոտքով հարվածել վերջինիս դեմքին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:
 
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 147-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, ևս երկուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Երկուսի  նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ մեկի նկատմամբ՝ գրավ և ստորագրություն չհեռանալու մասին:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպին մասնակից չորրորդ անձին, ինչպես նաև՝ խուլիգանությանը մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք