Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ մեկ ժամից «Էրեբունի» օդանավակայան վայրէջք կկատարի հայ ռազմագերիներին Բաքվից Երևան տեղափոխող հերթական ինքնաթիռը։ Այս պահին չկա ստույգ տեղեկություն , թե քանի ռազմագերի կա ինքնաթիռում։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի հետ երեկվա հանդիպմանը Հայաստանի վարչապետը կրկին բարձրացրել է գերիների հարցը և ընդգծել՝ այս խնդիրը մինչ օրս չի կարգավորվել։ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ զրույցում հիշատակել է նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված հայտարարության 8-րդ կետը, որով կողմերը պայմանավորվել են կատարել ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը «Ազատությանը» տեղեկացրել է, որ հայկական կողմը ՄԻԵԴ է ուղարկել 250 անձի վերաբերյալ դիմումներ: 230-ի վերաբերյալ Ստրասբուրգի դատարանը կիրառել է միջանկյալ միջոց և հաշվի առնելով անցած ամիսներին վերադարձածներին՝ այժմ ՄԻԵԴ-ի ուշադրության ներքո է 183 անձի գործ։ Սրանցից միայն 72-ի մասին է, որ Ադրբեջանը տեղեկություններ է տրամադրել Ստրասբուրգ՝ պարզաբանելով, որ այդ անձինք գտնվում են իր տարածքում։ Նրանց մեջ են նաև եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված պահեստազորայինները։