«Ձեր էդ միլիոններով ինչքան գործ կարելի էր անել հանուն երկրի բարօրության»․Թամարա Խոյեցյան
12-04-2021 15:57:29 | Հայաստան | Հասարակություն
Ողջ համացանցը լցված է Ծառուկյանի որդու հարսանիքի տեսագրությամբ․․․
Դարի հարսանի՜ք․․․շատերն այդպես են անվանում։
Ասեմ, որ սրտանց երիտասարդներին երջանկություն եմ մաղթում , բայց և խոսքս ուղղում եմ հենց նրանց՝ որքանո՞վ եք դուք ձեզ երջանիկ համարում այս համատարած վշտի և դժբախտության ֆոնի վրա։ Ի սերն Աստծո, չմտածեք, որ ես դեմ եմ ձեր միությանը, կամ ընդհանրապես հարսանիքներին․․․ Ո՜չ, բազմիցս ոչ․․․թող բոլոր երիտասարդներն ամուսնանան, երջանկանան, երեխաներ ունենան։ Բայց որքանո՞վ է բարոյական, այսօր այդպիսի անհավանական շքեղություն, զվարճանք ցուցադրել ի լուր աշխարհի, երբ հազարավոր հայ ընտանիքներ սգում են իրենց զավակների մահը, երբ հարյուրավոր տղաներ կեղեքվում են ոչ-բարով հարևան երկրի բանտերում, երբ դեռ բերվում ու բերվում են խեղանդամ եղած, հոշոտված դիեր։ Ի՞նչ խղճով եք դուք ապրելու, չէ՞ որ այդ զինվորները զոհվեցին, խեղանդամ դարձան, հոշոտվեցին , որ դուք այսօր համարձակ ձեր տաշի տուշին անեք։ Բարոյականությունը պահանջում էր, որ հիշեիք ու հարգեիք նրանց հիշատակն ու նրանց ծնողների անամոք վիշտը։ Հարսանիքն անեիք, բայց զուսպ և չափավոր, այլ ոչ թե ընդգծված ցուցամոլությամբ;
Ու՞մ եք զարմացնում, վշտից կռացած այդ մարդկա՞նց ․․․
Շուտով կսկսվեն ընտրությունները և Ծառուկյանը բարի քեռու ժպիտով հեռուստաէկրանից կհայտարարի, որ ՛՛ժողովուրդ, ես ձեր հետ եմ՛՛, իսկ հետո կսկսվի ընտրակաշառքի բաժանումը և մեր անինքնասերների մի բազմություն, ում համար նույնպես չկա բարոյական նորմ, կվերցնեն ու իրենցից գոհ կընտրեն <մեծ բարերարին>։ Կրկնում եմ, ես ոչ հարուստներին եմ դեմ, ոչ էլ հարսանիքներին, եթե միայն այդ ամենը պատշաճության, բարոյականության սահմաններում է։
Վատ չէր լինի, մի քիչ զուսպ լինեիք ․․․ անտառներում, ծերպերում և քարքարուտներում դեռ անթաղ երեխաներ կան․․․
Իսկ ձեր էդ քամուն տված միլիոններով ինչքան գործ կարելի էր անել հանուն երկրի բարօրության։