Փորձում են ծածկադմփոց անել մանկատան երեխաների և նրանց օրգանների առքուվաճառքի հետ կապված քրեական գործը. Ռուզան Ադանալյան
13-04-2021 18:48:33 | Հայաստան | Իրավունք
Մանկատան երեխաների և նրանց օրգանների առքուվաճառքի հետ կապված քրեական գործը, կարծես թե, փորձում են ծածկադմփոց անել։ Այս մասին «Նոյյան Տապանի» «Քննարկում» հաղորդաշարի ուղիղ եթերում հայտարարեց «Երեխաների և նրանց օրգանների վաճառքի» գործի բացահայտման նախաձեռնող և Արտյոմ Ադանալյանի սպանության գործով տուժողի իրավահաջորդ Ռուզան Ադանալյանը։
«Քրեական գործով հանձնարարվել է քննություն իրականացնել Շիրակի մարզային քննչական վարչությանը, ինչին ես դեմ եմ, որովհետև այս հաղորդմամբ նշված են պաշտոնատար անձանց անուններ։ Հիմա ինչո՞ւ է գլխավոր դատախազությունը Շիրակի վարչությանը հանձնարարել իրականացնել քննությունը։ Ակնհայտորեն փորձում են ինչ-որ կերպ ծածկադմփոց անել գործը»,- ասաց Ադանալյանը։
Նա պատմեց, որ իրենք վերջերս եղել են Շիրակ գյուղի գերեզմանոցում, որտեղ հատուկ տարածք է նախատեսված մանկատան երեաներին հողարկավորելու համար. «Մենք ականատես եղանք սարսափելի տեսարանի. այնտեղ ընդամենը փոքրիկ ցուցանակներ էին տեղադրված, ջնջված ցուցանակներ, գերեզմանաթումբ չկար։ Դա ավելի շուտ շինծու, պատրանքային գերեզման էր, ինչի վերաբերյալ հաղորդման մեջ նշել ենք՝ փաստելով, որ երեխաների նկատմամաբ կատարվել են կեղծ որդեգրումներ կամ վաճառք, սակայն արձանագրել են որպես մահացած երեխաներ»։
Ադանալյանն ընդգծեց՝ այն, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասում էր, թե դրանք օդում կախված լուրեր են, բոլորովին էլ օդում կախված լուրեր չեն։ «Շատ լավ առերևույթ հանցագործության հատկանիշներ են, քրեական գործ է հարուցված, հիմա տիրություն արեք այս քրեական գործին, աչքներդ վրան պահեք։ Նաև Ձեր սիրելի գլխավոր դատախազին ասեք, թող ձեռնպահ մնա հանցավոր գործողություններից, բազմակողմանի, օբյեկտիվ նախաքննություն իրականացվի։ Պարզե՛ք՝ ով է վաճառել, ում է վաճառել, նախկին և ներկա իշխանավորներից ում է փող հասել, ով է ներքաշված եղել»։