Հայաստանի՝ արդյունաբերական երկիր լինելու հեռանկարը վերականգնվում է

19-04-2021 22:07:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 19-ին այցելել են «Ինժեներական քաղաք»
, տեղեկանում ենք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
 
Հայկ Չոբանյանը մեծապես կարևորել է «Ինժեներական քաղաքի» դերը որպես հայկական ինժեներական մտքի դարբնոց.  «Ինժեներական քաղաքից առավել այսօր կխոսենք արդյունաբերական քաղաքի մասին: Մեր պատասխանը Ադրբեջանին պետք է լինի արդյունաբերական Հայաստանը: Առաջիկա տասը տարիների ընթացքում պետք է վերականգնենք Հայաստանի երբեմնի արդյունաբերական երկիր լինելու հեռանկարը»,- ընդգծել է նախարարը:
 
«Ինժեներական ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արամ Սալաթյանը նախարարներին հանգամանորեն ներկայացրել է «Ինժեներական քաղաք» ծրագրի իրականացման մանրամասները: Վերջինս մասնավորապես նշել է, որ շինարարական աշխատանքները «Ինժեներական քաղաքում» սկսվելու են հունիս֊հուլիս ամիսներին՝ 7 ռեզիդենտ ընկերությունների կողմից: Նրա խոսքով՝ գիտելիքի մասով ծրագիրը բավականին հաջող է ընթանում, իսկ արտադրության հետ կապված դեռևս որոշակի անելիքներ կան: 
 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը նշել է, որ շոշափելի արդյունք արձանագրելու համար հարկավոր է ֆիքսել բոլոր դերակատարներին, աշխատանքային ծրագիր  կազմել, հստակեցնել անելիքները և առաջիկա շաբաթներին գործողությունների ծրագիր մշակել:
 
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն առաջարկել է իր գերատեսչության աջակցությունը «Ինժեներական քաղաքի» միջազգային համագործակցության հետ կապված խնդիրները լուծելու համար։  Նա նշել է, որ մի շարք ֆրանսիական և այլ ընկերություններ արդեն իսկ հետաքրքրվածություն են ցուցաբերել ծրագրի նկատմամբ:
 
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ Արդյունաբերական պարկ կառուցելու նախագիծ է մշակվել: Նախարարն առաջարկել է քննարկել «Ինժեներական քաղաքի» և «Արդյունաբերական պարկի» հնարավոր համագործակցության շրջանակները:
 
Գործընկեր նախարարները, բարձր գնահատելով մեր երկրում ինժեներիայի և գիտության զարգացման համար նպաստավոր նախադրյալների ստեղծման հնարավորությունը, պատրաստակամություն են հայտնել
միավորելու ուժերը՝ երկրի համար կարևորագույն ծրագրի իրականացման գործընթացում: 
 
Վերջում նախարարները  շրջայց  են կատարել  «Ինժեներական քաղաք»-ում,  ծանոթացել հայ ինժեներների գաղափարներին, արդեն իսկ մշակված պրոդուկտներին:
 
«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի հիմնական նպատակը Հայաստանը ինժեներական և բարձր տեխնոլոգիական արտադրանքի ու ծառայությունների՝ գլոբալ շուկաներ արտահանող երկիր դարձնելն է, ինչպես նաև տարածաշրջանային հանգույց՝ ինովացիոն ինժեներական և բարձր տեխնոլոգիական լուծումների համար:  
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 132 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար