ԼՂ-ում «Իսկանդեր» չի կիրառվել. Մոսկվայի պատասխան նամակը չի գոհացրել Բաքվին. ՏԱՍՍ
20-04-2021 21:11:57 | Ադրբեջան | Միջազգային
Ադրբեջանը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից ստացել է պատասխան նամակ Հայաստանում «Իսկանդեր-Մ» հրթիռների մասին, սակայն գոհ չէ գերատեսչության այդ պատասխանից: Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրթիռները չեն արձակվել Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում:
«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատասխանել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության նամակին: Ես ծանոթացել եմ այդ նամակին: Պատասխանում նշված է, որ ռուսական կողմը բալիստիկ հրթիռների արձակում չի նախաձեռնել: Իրականում սա մեր նամակի ամբողջական պատասխանը չէ, քանի որ մեր հայցի հիմնական հարցն այն էր, թե ինչպես է Հայաստանը ստացել «Իսկանդեր-Մ» մահաբեր հրթիռները»,- ասել է Ալիեւը: