Թուրքերն իրենց ստոր արարքները արդարացնելու հատուկ ոճ են որդեգրել: Իբր պատերազմի հետևանքով են հայերի զոհեր եղել, դա չի եղել կանխամտածված: Սակայն իրականությունը և պատմության վավերագրերը հակառակն են հավաստում: Հայոց Մեծ եղեռը 1915 թվագրելը ճիշտ չէ: Եղեռնի տարեգրությունը ավելի վաղ է սկիզբ առել, այն մերթ կոչվել է Հայոց ջարդեր, մերթ՝ կոտորածներ, մերթ՝ գաղթ, մերթ՝ փախեփախ:
Ներկայացվող նյութը ,,Փախեփախի,, մասին տատիս պատմածն է:
Տատս գյուղի տատմերն էր:Կանացի բժիշկները կամ ծնունդ ընդունող բժիշկները հետո են մուտք գործել:Գյուղում ծնված բոլոր երեխաների տատմերը իմ տատն է եղել:Նա երբ գյուղամեջ էր մտնում, բոլոր կանայք ոտքի էին կանգնում, խոնարհվում՝ ձեռքերը համբուրելով պատվի արժանացնում:
Տատս սակայն մի ցավ ուներ հոգում: Ինձ միշտ խնդրում էր միասին գնալ իր ծննդավայր, որը մեր գյուղից հեռու էր, սարերի մեջ փռված վճիտ և սառնորակ ջրերով Տաբացխուրի լճի ափին: Գյուղն այդ կոչվում էր Ղզրքիլիսա: Ես այդ լճի մասին աշխարհագրության դասից գիտեի, որ Վրաստանի ամենաբարձր լիճն է, Հայաստանում գտնվող Սևանա լճից փոքր է, սակայն քաղցրահամ ջրով և այնտեղ լողացող Ալաբլախ ձկների համով չի զիջում Սևանի Իշխանին:Որքան էլ տատս ինձ գայթակղեր իրենց գյուղի ձկներից պատրաստվող համադամ կերակուրներով, ես չէի ոգևորվում, շարունակ մտածելով երկար, լեռնային ճանապարհի մասին, հետաձգում էի վերջնական որոշում կայացնելը: Մի օր էլ տատս գրկեց ինձ, փաթաթվեց և լացակումաց ձայնով ասաց.
- Բալես, ես քեզ ճանապարհին բան ունեմ պատմելու, էսօր-էգուց կմեռնեմ, հո հետս չեմ տանելու էն աշխարհ, արի էգուց գնանք: Ես անկարող էի այս անգամ տատիս մերժելու, և մենք հաջորդ օրը, առավոտ կանուխ ճանապարհ ընկանք:
Գյուղից հեռացել էինք: Մեր հարևան վրացական գյուղն էլ էինք անցել, տատս լուռ էր, մեկընդմերթ լսվում էին նրա հոգոցները: - Տատ, դե ասա, ի՞նչ էիր ուզում պատմել:
- Վրացու էս գյուղն էլ անցնենք, պատմեմ:
- Վրացու գյուղն ի՞նչ կապ ունի քո պատմելու հետ:
- Մեր գլխի գալիքը վրացու գյուղն անցնելուց հետո եղավ:
Վրացու երկրորդ գյուղն անցնելուց հետո տատս սկսեց՝
- Երկու սայլերով ճանապարհ ընկանք դեպի իմ հերանց գյուղ:Պապդ իմացել էր, որ թուրքերը արդեն եկել են, այ էն սարի հետևի գյուղը տեսնու՞մ ես, թուրքի փաշի գյուղ էին կոչում, այդ գյուղին հիմա Գոգիա կասեն:Թուրքերը վրացիներին ձեռք չէին տալիս, նրանց խելքը-միտքը հային վնաս տալն էր:Մենք դա գիտեինք և ստիպված էինք մեր հետ վերցնել մեր եղած-չեղածն ու փախչել:Դեկտեմբեր ամիսն էր, սաստիկ այազը /սառնամանիքը/ վրա էր տվել:Եզները դժվար էին առաջ գնում:Առջևից գնում էր մեր սայլը:Ետևից գալիս էր պապիդ ախբոր՝ Ափոյի սայլը:Մեր սայլի մեջ էինք պապդ, ես, մերդ, քեռիդ:Քեռիդ 4 ամսեկան էր
- Մայրս քանի՞ տարեկան էր , տատ:
- Իննը տարեկան:
- Չէի՞ք մրսում:
- Մրսելն էն խոսքը չէր:
- Ետևի սայլի մեջ էր պապիդ ախբոր կինը՝ Աննիկը:Նրանք նոր էին ամուսնացել:Աննիկը գյուղի ամենասիրուն աղջիկն էր: - Հասանք այս բլրի հետևը, քեռիդ զարթնեց, սկսեց թնկթնկալ, ձեռքերն ազատ արձակեցինք, ձենը կտրեց:Մեկ էլ Աննիկը տեսավ, որ այ էն բլրի ետևից երկու ձիավոր դեպի մեր կողմն են գալիս:
- Գալիս էին, թող գային:
- Մենք հասկացանք, որ դրանք թուրքեր էին:Մենք սայլով, նրանք ձիով, եզները հազիվ էին քարշ տալիս սայլերը, թուրքերը մեզ կհասնեին շուտով:
- Բա ի՞նչ արիք,- այդ պահին սիրտս արագ-արագ խփում էր:
- Պապդ ինձ ասաց՝ երեխեքին առ, արագ-արագ ոտով առաջ գնա, դիմացի բլրի ետևում թաքուն մի տեղ մտեք, մինչև մենք թուրքերի հետ լեզու գտնենք, գանք ձեզի հասնենք:
- Պապս թուրքի լեզուն գիտե՞ր:
- Շան լեզու էր թուրքի լեզուն, պապդ հույսը դրել էր սայլի մեջ թաքցրած խանչալի վրա: Նրանց միացավ նաև Աննիկը, Աննիկը նոր էր նշանվել չուզեցավ մարդուն թողնել, հեռանալ:
-Հետո՞, տատիկ:
- Հետո էն, որ մենք՝ ես, մերդ, քեռիդ իջանք սայլից և ոտքով վազելով փախանք դեպի այս բլուրը: Մենք մոտենում էինք տատիս ցույց տված բլրին:
- Մորդ մեջքին կապել էի քեռուդ բարուրը, ես սայլից վերցրել էի մեր ունեցած-չունեցած բաները, վազում էինք առաջ: -Թուրքերը ձեր հետևից չեկա՞ն:
- Մեկ-մեկ հետ էինք նայում, թուրքերի ձիավորները արդեն մոտեցել էին մերոնց սայլերին, նրանցից մեկը սկզբում գալիս էր դեպի մեր կողմը, հետո հետ դարձավ:Մենք արդեն մոտեցել էինք ահա այս բլրին, տեսնու՞մ ես այն մեծ քուռչը /ժայռը,/, կհասնենք ցույց կտամ:
Մենք մոտեցանք հսկա մի ժայռի:Ժայռի մեջ տեսանք մի մեծ փոս, ողորկ էր, կարծես հատուկ էին փորել: Հետո տատս պատմեց, որ կայծակն էր այդ փոսը բացել:
-Մենք տեղավորվեցինք այս փոսի մեջ:Մեր շնչառությունից փոսը տաքացավ:Քեռիդ սկսեց լաց լինել:Նա ձեռքերը դուրս էր հանել բարուրից, սառնամանիքից մատները դեղնել, ցրտահարվել էին:
- Քեռու մատները դրանի՞ց էր կոլոտ մնացել:
- Հա, բալես, քեռուդ ձենը չէի կարողանում կտրել, մայրդ էլ իր հերթին էր լացում թուրքերի վախից: -Ի՞նչ եղավ, տատ, թուրքերն եկա՞ն:
-Թուրքերը չեկան, մենք մեր թաքստոցից դուրս չէինք գալիս, սպասում էինք մեր սայլվորներին: - Հետո՞, տատ:
-Ես մորդ ու քեռուդ թողեցի այս փոսի մեջ, դուրս եկա, տեսնեմ՝ ինչ եղան սալվորները :Տեսա թուրք ձիավորները գնում են, սայլերը դանդաղ շարժվում էի մեր կողմ:
- Սայլերը եկա՞ն:
- Սայլերն եկան, - տատս լռեց, -սայլերի մեջ պապիդ և ախբեր Ափոյի մարմիններն էին՝ արյունլվա, անշնչացած: Երկար ժամանակ տատս լռեց, բերանումս դառնահամ էր, արցունքները սեղմում էին կոկորդս: -Բա Աննի՞կը:
-Գեղեցկուհի Աննիկին թուրքերը տարել էին՝ իրենց փաշային նվիրելու:
- Էլ չտեսա՞ք նրան:
- Փախեփախը վերջանալուց հետո, ետ վերադարձանք, Աննիկը գյուղում էր: Խեղճ աղջիկ, այդպես էլ չամուսնացավ ոչ մեկի հետ: -Կարո՞ղ է մեր հարևան Աննիկ մամն է:
Տատս լռեց, ամբողջ ճանապարհին մենք երկուսով լուռ էինք:Նա իր հիշողությունների հետ էր, ես՝ իմ պատկերացումների:
Մնացական Հարությունյան
գրող - հրապարակախոս