Հովհաննես Մարտիրոսյանի և Մարատ Գրիգորյանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
05-05-2021 11:01:41 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Ս.թ. մայիսի 5-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի և Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։
Հուշագրի նպատակն է ապահովել անհրաժեշտ համագործակցություն Ֆակուլտետի փորձագետների, հետազոտողների, ուսանողների և պետական կառավարման ոլորտում Տեսչական մարմնի միջև՝ աջակցելով Տեսչական մարմնի գործունեությանը և նպաստելով ուսանողների գործնական հմտությունների ու կարողությունների զարգացմանը:
Համագործակցության շրջանակում ընդգրկված են ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաների անցկացումը, նաև փորձի երկկողմանի փոխանակումը, այդ թվում՝ վերապատրաստումները, հետազոտությունների արդյունքների տրամադրումը, լաբորատոր փորձաքննությունների համատեղ իրականացումը և այլն։
Ֆակուլտետի մասնագիտական ներուժը և Տեսչական մարմնի գործունեության ընթացքում կուտակված փորձն ու կարողությունը, հիմքեր կստեղծեն գործնական կիրառման արդյունավետության բարձրացման, համակարգը երիտասարդ մասնագետներով համալրման համար։