Ինչ են պայմանավորվել Պուտինն ու Էրդողանը Լավրովի այցից առաջ


Ինչ են պայմանավորվել Պուտինն ու Էրդողանը Լավրովի այցից առաջ

  • 06-05-2021 18:49:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ը գրում է. «Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Երեւանի ժամանելու օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում ողջունել են երեք հայ գերիների ազատ արձակումը եւ առաջարկել մնացած հարցերով շարունակել բարձր մակարդակի բանակցությունները։
 
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով, գերիներն ազատվել են Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի շնորհիվ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունել է Ադրբեջանի կողմից երեք հայ գերիների ազատ արձակումը։
 
Ավելի վաղ, մեկնաբանելով Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթն ասել է, որ «երկու նախագահները պայմանավորվել են վերսկսել ջանքերը Մինսկի խմբի շրջանակում իրավիճակի ամուր կարգավորման հասնելու համար։ Մոտ ժամանակներս այդ ուղղությամբ որոշակի նախաձեռնություններ են լինելու»։ Դեսպանն ընդգծել է, որ ղարաբաղյան խնդրի բանակցությունների վերսկսումը համանախագահների համար առաջնահերթություն է, ինչպես նշված է ապրիլի 13-ի հայտարարությունում։
 
Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը նշել է․ «Ուրախ եմ արձանագրել, որ համանախագահությունը կարծես թե ցույց է տալիս իր վերակենդանացման նշանները: Մենք լիահույս ենք, որ կունենանք ուժեղ համանախագահություն, որը ոչ թե կհետևի գործընթացներին, այլ կղեկավարի գործընթացները»։
 
Լավրովը Երեւանում սակայն մերժեց քաղաքական հարցերի քննարկումը Մինսկի խմբի ձեւաչափում։ Լավրովը մեկնելու է Բաքու, եւ նա ժամանել է ինչ որ առաջարկներով, որոնք, ըստ ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի, վերաբերում են Բաքվի եւ Երեւանի շահերը համադրելուն՝ հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքների շարունակման համար։ Խոսքը Երեւան-Բաքու-Մոսկվա եռանկյունու մասին է, ասել է նա։
 
Հաղորդակցությունների բացումը փակուղի է մտել, որովհետեւ պարզվել է, որ համաշխարհային դերակատարները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Իրանը, Հնդկաստանը, ամենեւին էլ շահագրգռված չեն հայ-իրանական սահմանի վերացմամբ եւ այն ռուսական պարեկությամբ թյուրքական միջանցքի վերածելու մեջ։ Մինսկի խմբի ակտիվացումը, ամենայն հավանականությամբ կապված է Հայաստանի «սիրիականացումը» կանխելու փորձի հետ։
 
Հատկանշական է, որ Լավրովի այցից առաջ հեռախոսազրույց են ունեցել Պուտինն ու Էրդողանը։ Սիրիայից ու Լիբիայից բացի նրանք խոսել են նաեւ ղարաբաղյան կարգավորման մասին, այդ թվում՝ «հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնի գործունեության համատեքստում», ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։
 
Պուտինն ու Էրդողանը խոսե՞լ են միջանցքների հարցն ուժով լուծելու անհրաժեշտության մասին։ Թե՞ Էրդողանը Պուտինին «խնդրել է» թույլ չտալ քաղաքական կարգավորումը Մինսկի խմբի ձեւաչափում»։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play