Եթե պետությունը հարկերը հավաքում է «ամանի տակը քերելով», դա լավ բանի չի հասցնելու. տնտեսագետ
07-05-2021 17:20:42 | Հայաստան | Տնտեսություն
Այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում գործող կառավարությունը հավաքագրել է նախատեսվածից 22 մլրդ դրամ ավելի շատ հարկեր, իսկ ապրիլին հավաքագրել են 180 մլրդ դրամ, որը Հայաստանի նորանկախ շրջանում ամենաբարձր ցուցանիշն է: Սակայն պետությունը պետք է ստանձնի ոչ միայն հարկ հավաքագրողի ֆունկցիան, այլ նաև տնտեսություն կառավարողի, կարգավորողի ֆունկցիան: Այս մասին «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Նա նկատեց` անշուշտ հարկային հավաքագրումները շատ կարևոր են, քանի որ դրա միջոցով են իրականացվում պետական ծրագրերը, սակայն պետք է հասկակալ, թե այդ հավաքագրումներն ինչի հաշվին են տեղի ունեցել և դա ինչպես կարող է ազդել տնտեսության վրա:
«Եթե մենք հարկերը հավաքագրում ենք այսպես ասած «ամանի տակը քերելով», սա լավ բանի չի հասցնելու: Պետք է հասկանանք, որ տնտեսությունն այս պահին անկման մեջ է, պաշտոնական վիճակագրությամբ 2 տոկոս անկում ունենք, բայց հարկային հավաքագրումներն աճում են: Շատ կարևոր է, որ եթե պետությունը մի ձեռքով հավաքագրում է, մյուսով կարողանա տնտեսությանը խթանել»,- ասաց տնտեսագետը:
Նա նշեց, որ այս տարվա 1-ին եռամսյակի ընթացքում ունենք վերջին տարիների համեմատ բարձր գնաճ` պաշտոնական վիճակագրության համաձայն 5,2 տոկոս: «Ցանկացած երկրի պարագայում երբ ապրանքների գներն աճում են, աճում են նաև հարկային մուտքերը: Մյուս գործոնն էլ հարկային վարչարարությունն է, որը վերջին տարիներին խստացվել է, նաև ստվերն է կրճատվել, ինչը դրական է: Սակայն մտահոգիչ է մեկ այլ փաստ. եթե 2020 թվականին 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ամբողջ հարկային մուտքերի 85,5 տոկոսը, ապա այս տարի 81,4 տոկոսը, այսինքն մոտ 4 տոկոս խոշոր հարկատուները նվազեցրել են իրենց վճարումները: Ստացվում է` ավելացել է մանր ու միջին բիզնեսների բեռը: Հավելեմ նաև, որ 2020 թվականին պաշտոնական վիճակագրությամբ 22 հազար տնտեսվարող սյուբեկտ դադարեցրել է իր գործունեությունը , սրանք հիմնականում փոքր ու միջին բիզնեսների ներկայացուցիչներն են: Սրանք շատ մտահոգիչ հարցեր են»,- նկատեց Պարսյանը: