2018 թվականից հետո լսե՞լ եք, որ որևէ մեկը որևէ տեղ փայ մտնի՞ որևէ բիզնեսի մեջ. Նիկոլ Փաշինյան
10-05-2021 18:57:59 | Հայաստան | Տնտեսություն
Երբ 2018 թվականին ես ստանձնել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, կառավարությունը բիզնեսին ունեցել է 274 մլրդ դրամի պարտք: Այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստին իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ դա այն գումարն էր, որ ՀՀ օրենսդրությամբ բիզնեսը պետք է չվճարեր, այսինքն՝ այդ գումարը պետք է մնար բիզնեսի և տնտեսվարողների տրամադրության տակ, բայց դրանք ամենատարբեր ձևերով և եղանակներով հարկային մարմինների կողմից մուտքագրվել են միասնական գանձապետական հաշիվ կամ պետական հաշվեհամարներ:
«Այսինքն՝ էական չէ պատճառը, ըստ էության՝ բիզնեսից վերցվել են: Կարևոր եմ համարում արձանագրել, որ երեք տարվա ընթացքում այս պարտքի պրոբլեմը լուծվել է՝ ոչ միայն դե ֆակտո, փաստացի վճարումների տեսքով, այլև ինստիտուցիոնալ առումով: Կարող եմ արձանագրել, որ 2021 թվականի մայիսի 1-ի դրությամբ պետությունը բիզնեսին ժամկետանց պարտք չունի, այսինքն՝ ըստ էության, այդ պարտքը զրոյացվել է: Սա նշանակում է, որ մենք շուրջ 500 մլն դոլար 3 տարվա ընթացքում վերադարձրել ենք բիզնեսին:
Շատ է, չէ՞, խոսվում Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ տեղի ունեցել են, թե՞ տեղի չեն ունեցել: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կոնկրետ 500 մլն դոլար, որը օտարված էր բիզնեսից, վերադարձրել է բիզնեսին: Եվ, ընդ որում, կրկին ասում եմ՝ այս վճարումը նախ կատարվել է դե ֆակտո, ապա կատարվել են ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Համաձայն այդ բարեփոխումների՝ եթե 2018 թվականի դրությամբ ավելացված արժեքի հարկի վերադարձման ժամկետ էր սահմանված վեց ամիս, որը միշտ չէ, որ պահպանվում էր, մենք հեղափոխությունից անիմիջապես հետո այս ժամկետը դարձրեցինք երեք ամիս, իսկ բոլորովին վերջերս դարձրեցինք մեկ ամիս: Այսինքն՝ այսօր օրենսդրությամբ արձանագրված է, որ ավելացված արժեքի հարկի գծով կառավարությունը մեկ ամսից ավելի իրավունք չունի պարտք լինել տնտեսվարողին: Եթե կուզեք՝ այո, սա հեղափոխական փոփոխություն է Հայաստանի Հանրապետության տնտեսության համար»,- ասաց նա:
Փաշինյանը կարևորեց այն ինստիտուցիոնալ փոփոխությունը, որ իրենց կառավարությունն արել է եկամտային հարկի ասպարեզում։ «Արձանագրենք, թե դա ինչպիսի արդյունքներ բերեց: 2018 թվականի դրությամբ, մենք ունեինք եռաստիճան եկամտային հարկ՝ 36 տոկոս, 28 տոկոս և 23 տոկոս: Մենք շատ արագ Հայաստանի Հանրապետությունում սահմանեցինք համահարթ եկամտահարկ՝ 23 տոկոս, և օրենսդրության մեջ արձանագրեցինք, որ ամեն տարի եկամտային հարկը մեկ տոկոսով կիջնի և արդյունքում՝ 2023 թվականի հունվարի 1-ից կլինի 20 տոկոս համահարթ եկամտահարկ: Միևնույն ժամանակ, մենք շահութահարկի դրույքաչափը իջեցրինք և 20 տոկոսից դարձրեցինք 18 տոկոս:
Բայց շատ կարևոր է, թե ինչ ունեցանք այս վերնագրի ներքո: Ըստ էության, մենք ինստիտուցիոնալ առումով լուծեցինք ստվերային աշխատատեղերի, ստվերային աշխատավարձերի խնդիրը, և այդ պրոցեսը շարունակվում է: Ունենք հետևյալ արդյունքը՝ 2021 թվականի մարտին, 2018 թվականի մարտի դրությամբ, երկրում ունենք 85038-ով ավելի աշխատատեղ: Սրանք այն աշխատատեղերն են, որոնք կոնկրետ աշխատավարձ են ստանում: Որովհետև ունենք նաև զրոյական աշխատավարձով աշխատատեղեր, որոնք ֆորմալ արձանագրվում են: Բայց ես խոսում են միայն աշխատավարձ վճարող աշխատատեղերի մասին՝ 85000 աշխատատեղով կամ 15.5 տոկոսով ավելի»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:
Փաշինյանը նշեց, որ եթե բացեք 4-5 տարի առաջվա մամուլը, կտեսնեք, որ ամեն շաբաթ հրապարակումներ են այն մասին, թե ինչպես է հարկայինն ավելի գումար ուզում տնտեսվարողից: Ըստ նրա՝ դրա անունը դրել էին գերավճար, այսինքն՝ օրենսդրությամբ սահմանված հաշվետվությամբ բիզնեսը պետք է 100 դրամ վճարի, բայց բիզնեսից ուզում են, որ վճարի 120 դրամ կամ 150 դրամ, որպեսզի հարկային եկամուտների պլանը կատարեն:
«2018 թվականից հետո ընդհանրապես բոլորը մոռացել են, որ այդպիսի թեմա երբևէ Հայաստանի Հանրապետությունում գոյություն է ունեցել: Դուք այսօր չեք տեսնի մի բիզնեսմեն, մի բիզնես, որ ասի, կներեք, հարկայինը իրենք քերում է, ներողություն այդ բառիս համար, և ավելի գումարներ է ուզում: Եթե նույնիսկ այդպիսի դեպքեր լինեն, համոզված եղեք, որ այդ բոլոր դեպքերը հետագայում, բողոքարկման հանձնաժողովում, հենց Պետական եկամուտների կոմիտեում, կլուծվեն:
Բոլորը մոռացել են, որ Հայաստանի Հանրապետության տնտեսության 30 տարվա պատմության մեջ ամենաակտուալ թեմաներից մեկը, այսպես կոչված, փայ մտնելու թեման էր: Դուք 2018 թվականից հետո լսե՞լ եք, որ որևէ մեկը որևէ տեղ փայ մտնի՞ որևէ բիզնեսի մեջ: Դուք որևէ տեղ լսե՞լ եք, որ որևէ մեկը մտածի, որ իր սեփականությունը կշարունակի իր սեփականությունը մնալ, թե՞ ինչ-որ մեկը կգա, կասի՝ գիտես ինչ, այս սեփականության 10 տոկոսը, կամ 5 տոկոսը, կամ 50 տոկոսը, կամ ամբողջն իմն է: Կա՞ այդպիսի դեպք: Որևէ մեկն այդպիսի դեպք գիտի՞։ Իհարկե՝ չկա: Բնականաբար մոռացվել է: Եվ այս ֆոնին ասում են՝ կառավարման բոլոր ոլորտներում ձախողեց կառավարությունը և այդպես շարունակ:
2019 թվականին, 2019 թվականի արդյունքներով՝ մենք 43 տոկոսով ավելացրել ենք պետական բյուջեի եկամուտները: Պատկերացնո՞ւմ եք՝ մեկ տարվա ընթացքում երկրում 43 տոկոսով ավելանան պետական բյուջեի եկամուտներ, կրկնում եմ՝ հարկային դրույքաչափերի և հարկային բեռի նվազեցման պայմաններում: Բոլորը մոռացել են, որ Հայաստանի Հանրապետությունում եղել են մենաշնորհներ, եղել են մարդիկ, ովքեր իրավունք են ունեցել կոնկրետ ինչ-որ բան ներմուծելու, և մյուսներն իրավունք չեն ունեցել: Այդ թեման չկա։ Որևէ մեկը լսե՞լ է 2018 թվականից հետո, որ որևէ մեկն ինչ-որ բան ներմուծելու կամ արտահանելու մենաշնորհ ունի: Չի կարող լինել այդպիսի բան»,- ասաց Փաշինյանը: