Հայ-վրացական գործընկերությունը մեր տարածաշրջանում կայունության ապահովման կարևորագույն երաշխիքներից է. Փաշինյան


Հայ-վրացական գործընկերությունը մեր տարածաշրջանում կայունության ապահովման կարևորագույն երաշխիքներից է. Փաշինյան

  • 12-05-2021 18:34:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բանակցություններից հետո հանդես են եկել մամուլի համատեղ հայտարարությամբ: ՀՀ կառավարությունը ներկայացրել է այն.
 
Նիկոլ Փաշինյան - Մեծարգո պարոն Ղարիբաշվիլի, սիրելի Իրակլի, պատվիրակության հարգելի անդամներ, ուրախ եմ ձեզ ողջունել և հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում:
 
Ինձ համար մշտապես մեծ պատիվ և հաճույք է հանդիպել Վրաստանի կառավարության ղեկավարի հետ և բարեկամական մթնոլորտում քննարկել մեր երկու երկրների միջև համագործակցության օրակարգը: 
 
Վրաստանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունների զարգացումն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ։ 
 
Մեր երկու ժողովուրդները միահյուսված են բազմաթիվ թելերով: Մեր դարավոր բարեկամությունը, ինչպես նաև ժողովրդավարության և օրենքի գերա¬կայության ընդհանուր արժեքները կազմում են այն ամուր հենքը, որի վրա խարսխված է մեր երկու պետությունների գործընկերությունը:  
 
Վրաստանի հայ համայնքը, որը բազմադարյա պատմություն ունի, հանդիսանում է այն կամուրջը, որն էլ ավելի ամուր է կապում մեր երկու երկրները:  Մենք ունենք դինամիկ զարգացող համագործակցության լայն օրակարգ: Այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ: 
 
Այսօր պարոն Ղարիբաշվիլիի հետ մենք հնարավորություն ունեցանք շարունակել Վրաստանի կառավարության հետ հաստատված կառուցողական երկխոսությունը: 
 
Մենք անդրադարձանք տրանս¬պորտի, էներգետիկայի և տնտեսության այլ կարևոր ոլորտներում համագործակ¬ցության ընթացիկ վիճակին և զարգաց¬ման հեռանկարներին: Որոշեցինք մեր հարաբերություն¬ներում այսուհետ էլ ավելի մեծ շեշտա¬դրում կատարել առևտրի և տնտեսական կապերի զարգացման վրա: Մեր կողմից, մասնավորապես, նշվեց տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների առավել արդյունավետ օգտագործման և տարանցման ներուժի զարգացման կարևորությունը: Ընդգծվեց երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ներուժն ու դրա օգտագործման անհրաժեշտությունը:
 
Ինչպես միշտ, քննարկվեցին նաև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության հարցեր: 
 
Մտքեր փոխանակեցինք մեր երկրներում համավարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված քայլերի վերաբերյալ: 
 
Իմ վրացի գործընկերոջ հետ անդրադարձանք նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին: 
 
Մեզ համար աներկբա է, որ հայ-վրացական գործընկերությունը մեր տարածաշրջանում կայունության ապահովման կարևորագույն երաշխիքներից է։
 
Անդրադառնալով տարածա¬շրջա¬նային հիմնախնդիրներին՝ ես համոզմունք հայտնեցի, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է իր վերջնական կարգովորումը ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո գործընթացի շրջանակում և նրանց առաջարկած սկզբունքների հիման վրա: Ես նաև վստահություն հայտնեցի, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունը։ Այս առումով կարևորեցի միմյանց համար զգայուն հարցերի շուրջ հավասարակշիռ և կառուցողական դիրքորոշման պահպանումը։
 
Ավարտելով խոսքս՝ վերստին ցանկանում եմ ողջունել մեր բարեկամներին և սիրով խոսքը փոխանցում իմ գործընկերոջը:
 
Իրակլի Ղարիբաշվիլի - Շնորհակալություն: Ինձ համար մեծ պատիվ է հերթական հյուրընկալությունը Հայաստանի Հանրապետությունում: 
Մեր երկրներին կապում են բազմադարյան պատմական բարեկամական հարաբերությունները: Համոզված եմ, որ ապագա համագործակցությունը ևս այս ոգով կշարունակվի: Վրաստանն ու Հայաստանն աչքի են ընկնում իրենց մեծ պատմությամբ, ինքնօրինակ մշակույթով և հետաքրքիր ավանդույթներով: Այս արժեքների վրա պետք է կառուցվի մեր երկրների ապագան, որն ամրապնդում են հզոր պետական ինստիտուտները, ժողովրդավարությունը, բաց և թափանցիկ կառավարումը, տնտեսական առաջընթացը և նորարարությունը: 
Համաձայնում ենք, որ այս ամենը ձեռք է բերվում միայն խաղաղության ու տարածաշրջանային կայունության պայմաններում: Մի կողմից, Covid-19-ով հարուցված համավարակը, մյուս կողմից՝ պատերազմը Ղարաբաղում, իհարկե, էական դժվարությունների առջև է կանգնեցնել ողջ տարածաշրջանը: Կարծում եմ, որ խաղաղ բանակցություններն ու երկխոսությունն այլընտրանք չունեն: 
Վրաստանը միշտ եղել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության ու համագոյակցության  կողմնակից, և այս կուրսը կշարունակվի հետագայում: Մենք պատրաստ ենք նպաստել տարածաշրջանային երկխոսություն վարելուն և զարգացնել տնտեսությունը, առևտուրը, այլ հումանիտար հարցեր: Հենց կայունության, խաղաղության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման նպատակով է վրաց ժողովուրդն ընտրել եվրոպական և եվրատլանտյան ուղին: 
 
Ուզում եմ նշել, որ այսօրվա մեր հանդիպման ժամանակ քննարկեցինք համագործակցության բոլոր ուղղությունները: Մենք ընդգծեցինք, որ պետք է ունենալ ինտենսիվ քաղաքական երկխոսություն, զարգացնել առևտրատնտեսական հարաբերությունները, նոր նախագծեր քննարկել, համագործակցել այնպիսի ուղղություններով, ինչպիսին են տրանսպորտը, էկոնոմիկան, մշակույթը, նորարարությունները և զարգացնել արդեն առկա ինտենսիվ հարաբերությունները: Չնայած այդ հարաբերություններին՝ դեռ ունենք զարգացման հնարավորություն:
Հայաստանի կայունությունը և ժողովրդավարական զարգացումն անչափ կարևոր են Վրաստանի և ամբողջ տարածաշրջանի համար: Մենք համոզված ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն բաց և թափանցիկ, և հայ ժողովուրդը մեկ անգամ ևս ցույց կտա աշխարհին իր հավատարմությունը ժողովրդավարության սկզբունքներին:
Մենք պատրաստակամություն հայտնեցինք հանդիպումները շարունակել, բարձր մակարդակի փոխայցելությունների դինամիկան պահպանել և նպաստել ոլորտային գերատեսչությունների համագործակցությանը:
 
Պարոն վարչապետ, ևս մեկ անգամ շնորհակալություն ընդունելության և արգասաբեր համագործակցության համար:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play