ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մեկնել է Սյունիք՝ սահմանների հետ կապված իրավիճակին տեղում ծանոթանալու


ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մեկնել է Սյունիք՝ սահմանների հետ կապված իրավիճակին տեղում ծանոթանալու

  • 13-05-2021 15:46:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մեկնել է Սյունիք՝ սահմանների հետ կապված իրավիճակին տեղում ծանոթանալու, փաստահավաք աշխատանքներ իրականացնելու համար
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությունը
մեկնել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ` սահմանների հետ կապված
իրավիճակին տեղում ծանոթանալու, փաստահավաք աշխատանքների և սահմանային բնակիչների
իրավունքների պաշտպանության նպատակով:
 
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ի գիտություն միջազգային
կառույցների հատուկ արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերի անօրինական
առաջխաղացումը դեպի ՀՀ սահմաններից ներս, մասնավորապես՝ Սև լճի տարածք ու այդ
տարածքից դեպի քաղաքացիական բնակավայրեր ընկած հատված կոպտորեն խախտում է ՀՀ
սահմանային բնակիչների իրավունքները, ունի մարդկանց ահաբեկելու նպատակ: 
 
Ադրբեջանական զինվորականների ներկայությունը կոպտորեն խախտում է
մարդու իրավունքների միջազգային պահանջները և զրկում է ՀՀ քաղաքացիներին իրենց
ընտանիքների եկամտի միակ աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու
հնարավորությունից, իրական վտանգ է ստեղծում համայնքների բնակիչների համար ոռոգման
ու խմելու ջրի հասանելիության, նրանց կյանքի ու անվտանգության համար:
 
Ադրբեջանական զինված ուժերի նշված անօրինական արարքը ևս մեկ անգամ
ապացուցում է անվտանգության գոտի ստեղծելու Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի
բացարձակ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա երաշխավորել ՀՀ սահմանային
բնակիչների իրավունքներն ու խաղաղ կյանքը, ֆիզիկական ու հոգեկան
անձեռնմխելիությունը:
 
Սյունիքի մարզ Պաշտպանի այցի ընթացքում տեղում հատուկ սկզբունքով
կիրականացվեն փաստահավաք աշխատանքներ, կձեռնարկվեն ՀՀ սահմանային բնակիչների
իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլեր:
 
ՀՀ ՄԻՊ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն