ՀԱԷԿ-ը կկանգնեցվի 141 օրով. մեկնարկել է առանցքային պլանային-նախազգուշացնող վերանորոգում

15-05-2021 13:36:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ԱԷԿ-ում մայիսի 15-ին մեկնարկել է առանցքային պլանային-նախազգուշացնող վերանորոգումը (ՊՆՎ-2021)՝ կայանի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի շրջանակում։ Արդիականացման պայմանագրի շրջանակում աշխատանքների կազմակերպումն իրականացնում է «Ռոսատոմ» Պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկ դիվիզիոնի մեջ մտնող «Ռոսատոմ Սերվիս» ընկերությունը։ 
 
Հայկական ԱԷԿ-ը կկանգնեցվի 141 օրով՝ սա ամենաերկարատև ՊՆՎ է նախագծի մեկնարկից ի վեր։ Նման երկար դադարը պայմանավորված է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման ուղղությամբ իրականացվող կարևոր եզրափակիչ աշխատանքներով։
 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հայկական ԱԷԿ-ից, կայանում իրականացվող միջոցառումները միտված են դրա արդյունավետության և հուսալիության բարձրացմանը։ «Ուզում եմ ընդգծել, որ անցյալ տարին նվիրված էր ՊՆՎ-2021 շրջանակում նորոգման աշխատանքների նախապատրաստմանը․ անցկացվել են անհրաժեշտ բոլոր ստուգումները, մատակարարվել
են սարքավորումները, իրականացվել են ռեակտորի ակտիվ գոտու վթարային հովացման համակարգի արդիականացման և ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման նախապատրաստական աշխատանքները։ Հիմնական բոլոր միջոցառումները ֆիզիկապես կիրականացվեն ՊՆՎ-2021-ի ընթացքում՝ մինչև 2021-ի հոկտեմբեր ներառյալ», - ասաց Հայկական ԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Արթուր Գրիգորյանը։
 
Այս տարի լրանում է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի աշխատանքի մեկնարկի 45-ամյակը՝ 45 տարի առաջ այն միացել է էներգահամակարգին։ Խորհրդանշական է, որ այժմ, արդիականացումից հետո, կվերականգնվեն ռեակտորի իրանի ֆիզիկա-մեխանիկական հատկությունները և այն հնարավոր կլինի շահագործել 2026 թվականից հետո՝ առնվազն մինչև 2036 թվականը։
 
«Այս առանցքային դադարը կլինի որոշիչ Հայկական ԱԷԿ-ի աշխատանքի համար։ Աշխատանքներն իրականացնելու նպատակով կայան է ժամանել ռուսաստանցի 120 մասնագետ։ Այս տարվա ընթացքում, նորոգման ժամանակահատվածում, Ռուսաստանից կներգրավվի շուրջ 350 ատոմագործ։ Սա Հայաստանի ատոմային էներգետիկայի զարգացման կարևոր փուլ է, և մենք ուրախ ենք մասնակցել այս իրադարձությանը և օգնել մեր ընկերներին կերտել Հայաստանի ատոմային ոլորտի պատմությունը», - ասաց Յուրի Սվիրիդենկոն ՝ հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման նախագծի ղեկավարը ռուսական կողմից: 
 
Հայկական ԱԷԿ-ը՝ Հարավային Կովկասի միակ ատոմային կայանն է, որն արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի ավելի քան 30 տոկոսը։ Ատոմային
էներգետիկայի բնագավառում Հայաստանի և Ռուսաստանի առանցքային նախագիծն է՝ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացումն ու շահագործման ժամկետի երկարաձգումը։ Հայաստանը կուտակել է ԱԷԿ-ի շահագործման եզակի փորձ։ Երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել է շուրջ 6.5 տարվա դադարից հետո։ Կայանը կարևորագույն դեր է խաղում Հայաստանի էներգահամակարգի զարգացման և երկրի սոցիալ-տնտեսական կյանքի համար։ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի գլխավոր կապալառուն է «Ռոսատոմ Սերվիս» ընկերությունը։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 205 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար