Դիլիջանում անցկացվել է «Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» համաժողովը

17-05-2021 21:50:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Մայիսի 15-16-ը «Դիլիջան Հոթել Ռեզորթ» հյուրանոցում տեղի է ունեցել «Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» ֆորումը՝ կազմակերպված Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) և ՀՀ
բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից։ Ֆորումի անցկացման հիմքում դրված էր COVID-19-ի և պատերազմի արդյունքում Հայաստանում առաջացած ճգնաժամի հետևանքները առաջատար տեխնոլոգիաների ոլորտի փորձի և ներուժի միջոցով վերացնելու կենսական կարևորությունը, տեղեկանում ենք Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից:
 
Երկօրյա ֆորումին իրենց մասնակցությունն ունեցան առաջատար տեխնոլոգիական ոլորտի, գիտահետազոտական կառույցների, համալսարանների, բիզնեսի, ինչպես նաև պետական գերատեսչությունների մի շարք ներկայացուցիչներ։ Բացման արարողությանն ԱՏՁՄ վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանն ու գործադիր տնօրեն
Րաֆֆի Քասարջյանը ողջունեցին ներկաներին ու հույս հայտնեցին, որ նման ձևաչափի հանդիպումները կխթանեն միջոլորտային համագործակցությունը։
 
«Հատկանշական է, որ նախորդ տարիների քննարկումների արդյունքում հենց այս սենյակում ծնվել են բազմաթիվ կարևորագույն գաղափարներ, որոնք արդյունքում վերածվել են հաջողված նախագծերի։ Մենք մի սեղանի շուրջ ենք և մեր նպատակները մեկ են. բոլորս պետք է պայքարենք մեր հնարավորությունների շրջանակներում այդ նպատակներն իրականություն դարձնելու համար: Այստեղ ենք մեր երազանքներն ու նպատակները ձևակերպելու ու վաղվանից ի վեր դրանք կյանքի կոչելու համար: Ես համոզված եմ, որ վաղը շատ կարևոր  օրակարգով ենք դուրս գալու Դիլիջանից», - նշեց ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը։
 
«Գաղտնիք չէ, որ կրթությունն ու տնտեսությունն այժմ իրարից անկախ են զարգանում, ուստի պետք է այնպես անենք, որ դրանք համահունչ լինեն ու ծառայեն պետության առաջ ծառացող մարտահրավերների հաղթահարմանը։ Մենք նոր տնտեսական քաղաքականություն ենք մշակել, ու այն շուտով կներկայացվի լայն քննարկման, ու դրանում առանձնահատուկ դեր ունի գիտությունը՝ որպես մեր երկրի զարգացման միակ ճանապարհ», - նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։ 
 
Քննարկման հիմնական թեմաներն էին Հայաստանում գիտահետազոտական ներուժի վերականգնման հնարավորությունները, արդյունաբերության և գիտահետազոտական ոլորտի զարգացմանը նպաստող էլ. կառավարման համակարգերի և պետական անվտանգության ստանդարտների մշակումը, արդի արդյունաբերական համալիրի համար ինժեներական կրթությամբ մասնագետների ապահովումը, գիտահետազոտական ոլորտի համար անհրաժեշտ կադրերի նվազագույն քանակի ապահովումը։ 
 
Կազմակերպիչներն են՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 88 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար