Հայաստանի «ՊրոԿրեդիտ Բանկ»-ը 300 մլն դրամով ավելացնում է<br /> կապիտալը<br />


Հայաստանի «ՊրոԿրեդիտ Բանկ»-ը 300 մլն դրամով ավելացնում է
կապիտալը

  • 17-12-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «ՊրոԿրեդիտ Բանկ»-ը (www.procreditbank.am) ավելացրել է իր կապիտալը 300 մլն ՀՀ դրամով եւ այժմ այն կազմում է 6 մլրդ 90 մլն դրամ (մոտ 20 մլն ԱՄՆ դոլար): Ինչպես հայտնեցին բանկից, լրացուցիչ կապիտալը թույլ կտա բանկին ընդլայնվել եւ շարունակել զարգացումը հաջորդ տարի: Կապիտալի ավելացման արդյունքում «ՊրոԿրեդիտ Բանկ»-ի կանոնադրական կապիտալում «ՊրոԿրեդիտ Հոլդինգ» բաժնետիրական ընկերության (ProCredit Holding AG-www.procredit-holding.com) բաժնեմասը 67,49% է, «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ»-ինը (EBRD)` 16,67%, գերմանական «Զարգացման Բանկ»-ինը (KfW)` 15,84%: Ապագայում «ՊրոԿրեդիտ Բանկ»-ը մտադիր է մնալ հավատարիմ իր հիմնական ուղղությանը` գերփոքր, փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը, հաճախորդների հետ երկարաժամկետ համագործակցություն հաստատելով: Բացի այդ, բանկը մտադիր է շարունակել Հայաստանում խնայողության մշակույթի զարգացումը` ապավինելով այն համոզմանը, որ խնայողությունները տնային տնտեսություններին հաղորդում են երկարաժամկետ կայունություն: Բանկը նպատակ ունի ավելացնել իր հաճախորդների միջոցների մասնաբաժինը` շեշտը դնելով մասնավոր անձանց խնայողությունների վրա: Հիշեցնենք, որ «ՊրոԿրեդիտ Բանկ»-ը Հայաստանում իր գործունեությունն սկսել է 2008թ.-ի փետրվարի 5-ին: Այն հանդիսանում է Հայաստանում բանկային եւ ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ տրամադրող, 100% օտարերկրյա կապիտալով բանկ: Հայաստանի «ՊրոԿրեդիտ Բանկ»-ը հանդիսանում է «ՊրոԿրեդիտ» խմբի անդամ, որը բաղկացած է Արեւելյան Եվրոպայում, Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում գործող 22 ֆինանսական կառույցներից, որոնց գործունեությունը ղեկավարվում եւ վերահսկվում է խմբի մայր ընկերության` Ֆրանկֆուրտում (Գերմանիա) գտնվող «ՊրոԿրեդիտ Հոլդինգ»-ի կողմից: Հայաստանի «ՊրոԿրեդիտ Բանկ»-ը ներկայումս ունի ավելի քան 4 000 հաճախորդ, ներառյալ խնայողական ծառայություններից օգտվողները, ինչպես նաեւ մոտ 24 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկային պորտֆել եւ մոտ 7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ավանդային պորտֆել:
Նոյյան տապան  -   Տնտեսություն