«Շախտյորը» հաղթեց վերջին վայրկյաններին, իսկ Կառլեն Մկրտչյանն իր նորամուտը նշեց «Մետալուրգի» կազմում
18-04-2011 14:37:05 | Հայաստան | Սպորտ
Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության շրջանակներում կայացան 25-րդ տուրի հանդիպումները: Դոնեցկի «Շախտյորը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի առանցքային ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը Սեւաստոպոլում հյուրընկալեց տեղի «Տավրիային»: Հայ ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ առաջին րոպեներից եւ մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Ինչպես եւ սպասվում էր, հանդիպումն անցավ «Շախտյորի» բացահայտ առավելությամբ: Նրանք էլ հանդիպման արդեն 22-րդ րոպեին Ժադսոնի դիպուկ իրացրած 11 մետրանոց հարվածի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ` 1-0: Թվում էր, թե «Շախտյորը» արդեն ապահովել է իր հաղթանակը, սակայն հանդիպման 69-րդ րոպեին, «հանքափորների» հարձակվող Էդուարդոյի թույլ տված կոպիտ վրիպումից հետո, «Տավրիայի» ֆուտբոլիստ Գումենյուկը հեռահար հարվածով անակնկալի բերեց դարպասապահ Անդրեյ Պյատովին` 1-1: Բաց թողած գոլից հետո, դոնեցկյան ակումբը նետվեց առաջ եւ ցանկալի արդյունքի հասավ մրցավարի ավելացրած ժամանակի 3-րդ րոպեին: Անկյունայինի խաղարկումից հետո Հենրիկ Մխիթարյանը գլխով գնդակը շեղեց դեպի Ֆեռնանդինյոն, ով մոտ տարածությունից չվրիպեց եւ 2-1 հաշվով հաղթանակ պարգեւեց «Շախտյորին»:
Դոնեցկյան մյուս ակումբը՝ «Մետալուրգը», որի կազմը վերջերս համալրել է Հայաստանի 2010թ. լավագոույն ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանը, սեփական հարկի տակ ընդունեց Զապոռոժյեի «Մետալուրգին»: Հադիպումն ավարտվեց հյուրերի 1-0 նվազագույն հաշվով առավելությամբ, իսկ Մկրտչյանը խաղադաշտ դուրս եկավ հանդիպման 60-րդ րոպեին: Ցավոք հայ ֆուտբոլիստի դեբյուտային խաղը նոր թիմում անհաջող ստացվեց:
Հավելենք, որ 25-րդ տուրից հետո «Շախտյորը» շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը 64 միավորով, իսկ Դոնեցկի «Մետալուրգն» այս հաղթանակից հետո նահանջեց եւ հիմա 29 միավորով ընթանում է 11-րդ տեղում: