1993-2020թթ. Հայաստանը երբևէ վստահելի և կանխատեսելի չի եղել ոչ Ռուսաստանի, ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ Եվրոպայի համար. Նաիրի Հոխիկյան


1993-2020թթ. Հայաստանը երբևէ վստահելի և կանխատեսելի չի եղել ոչ Ռուսաստանի, ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ Եվրոպայի համար. Նաիրի Հոխիկյան

  • 28-05-2021 19:11:36   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է
 
«1918-ին Հայաստանը կարողացավ ինքնակազմակերպվել ու հաղթել Թուրքիային լոկ այն պատճառով, որ աշխարհը ընդհանուր անկայուն վիճակում էր, չկար համաշխարհային որևէ խաղի կանոն, և հաղթեց հայկական միասնականությունը։ 
 
Հետագա 2 տարիներին՝ 1919-1920 թվականներին Հայաստանը սկսեց խաղալ երկու լարի վրա, դաշնակցային բանակցություն վարել Արևմուտքի ու Ռուսաստանի հետ միաժամանակ՝ փորձելով խաբել երկուսին էլ։ 
 
Վրաստանն ու Ադրբեջանը 1920-ին հասկացել էին մեր տարածաշրջանը բոլշևիկյան հեղեղի տակ անցնելու հեռանկարը և իրենք էին արել առաջին քայլը, իսկ Հայաստանը ԱՄՆ-ի հետ շարունակում էր ամերիկյան մանդատի անհեռատես ծրագիրը, ինչի հետևանքով նախ ամերիկացիները մեր մասին մոռացան, Լենինն էլ գերադասեց ադրբեջանական ու վրացական վեկտորը։ 
 
Դրա հետևանքով Հայաստանը դարձավ անվստահելի բոլոր բևեռների համար միաժամանակ, ինչը բերեց 1920-ի Կարսի անկման, հետո նաև մեր երկրի մասնատման, Արցախի, Նախիջևանի ու Ջավախքի կորստի։ 
 
1988-ից սկսված արցախյան շարժման ժամանակ ևս աշխարհը անկայուն էր, փլուզվում էր ԽՍՀՄ-ը, և կրկին չկար համաշխարհային խաղի կանոն, և կրկին հաղթեց հայկական միասնականությունը։ 
 
Հետագա 3 տասնամյակի ընթացքում Հայաստանը կրկին փորձեց խաղալ տարբեր լարերի վրա՝ իր կարծիքով հիմարացնելով գերտերություններին։ Մի կողմից Հայաստանը 1997-ին դաշնակցային հարաբերությունների պայմանագիր էր կնքում ՌԴ-ի հետ, մյուս կողմից փորձում դառնալ ԱՄՆ-ի հենակետը Կովկասում։ Այդպես չի լինում։ 
 
1993-2020 թվականների ընթացքում Հայաստանը երբևէ վստահելի և կանխատեսելի չի եղել ոչ Ռուսաստանի, ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ Եվրոպայի համար։ 
 
Եթե դուք երբևէ քիթը դուրս հանեք մեր փոքր երկրից և շփվեք ուրիշ  երկրների ոչ թե առևտրականների կամ սուրճի սեղանի շուրջ սերիալ նայողների, այլ փորձագիտական դաշտի կամ քաղաքական գործիչների հետ, կհասկանաք, որ Հայաստանի՝ որպես կայուն և հստակ ճանապարհ ունեցող երկրի հետ որևէ մեկը հույս չի կապում։ 
 
Մենք լավ դաշնակից չենք ՌԴ-ի համար, բայց միաժամանակ վստահելի երբեք չենք եղել ԱՄՆ-ի կամ եվրոպական երկրների համար։ Մեր իշխանությունները մշտապես փոխել են երկրի վեկտորները՝ փոխելով նաև դրսի վերաբերմունքը մեր նկատմամբ։ 
 
Մենք փոքր պետություն ենք և չենք կարող լինել լիարժեք անկախ (թեպետ աշխարհում չկա լիարժեք անկախ երկիր), բայց մենք կարող ենք լինել վստահելի ու արժանապատիվ գործընկեր, ոչ թե քծնող ու պարբերաբար ճամբար փոխելու ձգտող։ 
2018-ին Հայաստանը հպարտորեն նշում էր Սարդարապատի հաղթանակի 100-ամյակը՝ շեշտելով, որ մենք կարողանում ենք ճիշտ գնահատել մեր հնարավորությունները։ 
 
2020-ին Հայաստանը այդպես էլ չկարողացավ հասկանալ, որ աշխարհը կայունացել է, կան համաշխարհային խաղի կանոններ, և պետք է կողմնորոշվել։ Երկրի ղեկավարությունն, իհարկե, կողմնորոշվեց, գնաց գործարքի, բայց կրկին ի վնաս հայկական պետականության՝ կրկնելով Հայաստանի մասնատման 100-ամյակը։ 
 
1920-ին Կարսը թշնամուն տալու պատճառով կորցրինք պետականությունը։ 
 
2020-ին Շուշին թշնամուն տալու պատճառով կորցրինք Արցախի մեծ մասը, մեր անվտանգային ռեսուրսները, դիմակայունությունը, հաղթանակների բերկրանքը և ազգային արժանապատվությունը։ 
 
Պետականությունը դեռ չենք կորցրել, բայց մեծ քայլերով գնում ենք դրան»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play