Հայաստանի կառավարությունը հաստատել է ՓՄՁ-ի պետական<br /> աջակցության 2009թ. ծրագիրը<br />


Հայաստանի կառավարությունը հաստատել է ՓՄՁ-ի պետական
աջակցության 2009թ. ծրագիրը

  • 11-12-2008 16:16:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 11-ի նիստում Հայաստանի կառավարությունը հաստատել է Փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը (ՓՄՁ) պետական աջակցության 2009թ. ծրագիրը: Որոշումն ընդունվել է` ղեկավարվելով «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով: Նիստում նշվել է, որ ՓՄՁ-ին պետական աջակցության ծրագրերը հիմնված են Հայաստանի Հանրապետության որդեգրած տնտեսական քաղաքականության հիմնարար սկզբունքների վրա եւ նպաստում են երկրի, հատկապես նրա հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանն ու անհամամասնությունների հաղթահարմանը, ինչը ներկայումս ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության ռազմավարական եւ գերակա ուղղություններից է: Ծրագրի հիմնական նպատակը` շարունակական աջակցությամբ ՓՄՁ դերի աստիճանական բարձրացմանը նպաստելն է` երկրի սոցիալ-տնտեսական եւ տարածաշրջանային կայուն զարգացման ասպարեզում: Ծրագրի նպատակների թվում նշվել են նաեւ ՓՄՁ սուբյեկտների աջակցության համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումն ու ամրապնդումը, ՓՄՁ սուբյեկտների ֆինանսական եւ ներդրումային հնարավորությունների ընդլայնումը` նախապատվություն տալով հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերում գործողներին, ՓՄՁ սուբյեկտների նորարարական եւ արտաքին տնտեսական գործունեության, գործարար ուսուցողական, տեղեկատվական եւ խորհրդատվական ծառայություններից օգտվելու, ինչպես նաեւ սկսնակ գործարարների, աշխատաշուկայում անմրցունակ խմբերի, հատկապես սահմանափակ կարողություններով անձանց համար գործարարությամբ զբաղվելու հնարավորությունների ընդլայնումը, նոր աշխատատեղերի ստեղծման եւ գործող աշխատատեղերի պահպանման միջոցով հանրապետությունում գործազրկության մակարդակի կրճատումը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այդ ծրագիրը 2009թ.-ին Հայաստանի նախապատվություններից մեկն է լինելու, եւ փոքր ու միջին բիզնեսը խթանելու ուղղությունը լինելու է հակաճգնաժամային կարեւորագույն տարրերից մեկը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն