Մեծագույն տնտեսագետը բացահայտում է Էրդողանի ստերը Թուրքիայի սնանկացած տնտեսության վերաբերյալ


Մեծագույն տնտեսագետը բացահայտում է Էրդողանի ստերը Թուրքիայի սնանկացած տնտեսության վերաբերյալ

  • 07-06-2021 13:11:33   |   |  Քաղաքական

 
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը լիովին անտեղյակ է տնտեսագիտությունից, հանդիպել է ամերիկյան 26 խոշոր ընկերությունների գլխավոր ղեկավարների հետ և բազմաթիվ ստեր ասել նրանց Թուրքիայի տնտեսության մասին: Իրականությունն այն է, որ Թուրքիայի տնտեսությունը սնանկացած է, և Թուրքիայի միլիոնավոր քաղաքացիներ հայտնվել են սովի եզրին, մինչ կորոնավիրուսը մոլեգնում է անտառային հրդեհի նման՝ Թուրքիան դարձնելով աշխարհում հինգերորդ երկիրը վարակվածությամբ։   
 
Ահա Էրդողանի ստերից մի քանիսը, որ նա ասել է ամերիկացի գլխավոր ղեկավարներին․
 
«Շատ երկրների առջև ծառացած խնդիրներից ու մատակարարման շղթայի խափանումներից ոչ մեկը չի եղել Թուրքիայում: Այն ժամանակ, երբ աշխարհի շատ տնտեսություններ փակուղի մտան, մենք շարունակեցինք ներդրումներ անել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում:
 
Մեր մասնավոր հատվածի ջանքերի, մեր պետական աջակցության և եռանդուն  համաճարակային միջոցառումների շնորհիվ մեր տնտեսությունը 2020 թվականը փակեց աճով։ Մենք 1.8 տոկոս ցուցանիշով G-20-ի ամենաարագ զարգացող երկիրն ենք Չինաստանից հետո:
 
Չնայած արտահանման մեր ավանդական շուկաներում լուրջ տնտեսական անկմանն ու արտաքին պահանջարկի կրճատմանը, մենք հասել ենք 170 միլիարդ դոլարի արտահանման։ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առևտրի ծավալն աճել է 4 տոկոսով և գերազանցել 21 միլիարդ դոլարը:
2021թ․ հունվար-ապրիլ ամիսներին մեր արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 33․1 տոկոսով:
 
2021 թ․ առաջին եռամսյակում մեր արդյունաբերական արտադրանքն աճել է 12․3 տոկոսով ՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ: Մենք նաև նկատում ենք ներդրումների պահանջարկի զգալի աճ Թուրքիայում:
 
Միացյալ Նահանգների ընդհանուր ուղղակի ներդրումները Թուրքիայում հասել են 13 միլիարդ դոլարի, իսկ թուրքական ընկերությունների ներդրումները ԱՄՆ-ում`7․2 միլիարդ դոլարի: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ամերիկյան բոլոր ընկերություններին, որոնք վստահում են Թուրքիային և Թուրքիայի տնտեսությանը»։
 
Զարմանալիորեն, Էրդողանն այնուհետև որոշեց պատմել ամերիկացի գլխավոր  ղեկավարներին Բայդենի կողմից ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, այդպիսով նրանց տեղեկացնելով հայերի դեմ Օսմանյան Թուրքիայի իրականացրած սարսափելի զանգվածային հանցագործությունների մասին:
 
«Չնայած նախագահ Բայդենի հայտարարությունը 1915 թ․ իրադարձությունների մասին լրացուցիչ բեռ է դնում մեր հարաբերությունների վրա, ես հավատում եմ, որ հանդիպումը, որը մենք կանցկացնենք պարոն Բայդենի հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում [հունիսին],  կարձանագրի մի նոր դարաշրջանի սկիզբ», հույս հայտնեց Էրդողանը:
 
Այնուհետև Էրդողանը հակասեց իր բազմաթիվ դաժան, անմարդկային, հակասեմական և ցեղային խտրականության հանրային հայտարարություններին ու քաղաքականությանը՝ ասելով. «Մենք երբեք թույլ չենք տվել և թույլ չենք տա, որ խեղաթյուրված մտածելակերպերը, ինչպիսիք են՝ այլատյացությունը, հակասեմականությունը և ցեղային խտրականությունը, տեղ գտնեն մեր հասարակության մեջ: Մենք վճռականորեն շարունակում ենք մեր ջանքերը բարեփոխելու տնտեսությունը, ազատությունները, օրենքներն ու արդարությունը՝ ըստ փոփոխվող պայմանների և կարիքների: Մենք հանրությանը ներկայացրել ենք Մարդու իրավունքների գործողությունների մեր ծրագիրը և տնտեսության բարեփոխումների մեր ծրագիրը»:
 
 Ահա գլխավոր գործադիր ղեկավարների ցուցակը, որոնց հետ Էրդողանը հանդիպել է.
 
«Քարգիլ» սննդամթերքի բաղադրիչների և կենսաարդյունաբերական ձեռնարկությունների ավագ փոխնախագահ Դեյվիդ Վեբսթեր․ DowAksa-ի գլխավոր գործադիր տնօրեն Դուգլաս Փարկս․ «Հիլթոն»-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Քրիս Նասետա․ MetLife-ի նախագահ Նուրինա Գարսիա (Եվրոպա, Մերձավոր Արևելք, Աֆրիկա)․ «Նեթֆլիքս»-ի ֆինանսական տնօրեն Սպենսեր Նոյման․ «Բոինգ» ավիաուղիների գլխավոր գործադիր տնօրեն Սթեն Դիլ ․ Kellogg ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սթիվեն Քեհիլեյն․ «Գուգլ»-ի հանրային քաղաքականության գծով փոխնախագահ Քարան Բհաթիա (Եվրոպա, Մերձավոր Արևելք, Աֆրիկա և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան)․ GE օդագնացության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Սլեթերի․ Varian Medical Systems-ի գլխավոր գործադիր տնօրեն Քրիս Թոթ․ PepsiCo-ի գլխավոր գործադիր տնօրեն Սիլվիու Պոպովիչի (Եվրոպա)․ «Ամազոն»-ի հանրային քաղաքականության գծով փոխնախագահ Սյուզան Փոյնթըր․ Cheniere Energy-ի առևտրային տնօրեն Անատոլ Ֆեյգին․ Citi-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Դեյվիդ Լիվինգստն (Եվրոպա, Մերձավոր Արևելք, Աֆրիկա)․ Procter & Gamble-ի նախագահ Լոիկ Թասել (Եվրոպա)․ Progress Rail-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Մարթի Հէյքրաֆթ․ Tellurian Inc.-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Օկտավիո Սիմոես․ Medtronic-ի փոխնախագահ և Եվրոպայի բաժնի ավագ փոխնախագահ Ռոբ թեն Հոյեթ․ Archer Daniels Midland-ի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի բաժնի նախագահ Իսմայիլ Ռոյիգ․ Microsoft-ի ընկերության  փոխնախագահ, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի բաժնի ղեկավար Սամեր Աբու Լթայիֆ․ Cisco-ի ավագ փոխնախագահ և ընկերության ռազմավարության ղեկավար Մայքլ Թիմենի․ Honeywell Aerospace-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Մայք Մադսեն․ Nova Power Solutions-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սթիվ Զիֆ․ Coca-Cola ընկերության նախագահ (Եվրոպա և Մերձավոր Արևելք) Ջենի Ստոիչկովա․ Johnson & Johnson-ի զարգացող շուկաների գծով նախագահ Ջորջիո Միլեզի, և Baker Hughes-ի փոխնախագահ (Մերձավոր Արևելք, Թուրքիա, Հյուսիսային Աֆրիկա) Զահեր Իբրահիմ։
 
Այժմ դիմենք աշխարհի մեծագույն տնտեսագետներից մեկին`Թուրքիայում ծնված հայազգի Տարոն Աճեմօղլուին, որն այժմ Բոստոնի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագիտության պրոֆեսոր է: Նրա անունը հաճախ նշվում է որպես Նոբելյան մրցանակի ապագա թեկնածու:
Տեսազրույցի ընթացքում Աճեմօղլուն ուղղակիորեն հակասեց Էրդողանի՝ Թուրքիայի տնտեսության վերաբերյալ քարոզչական պատկերին՝ ասելով. «Ես մեծ մտավախություն ունեմ, որ տնտեսական ճգնաժամը կարող է խորանալ Թուրքիայում»:
 
Ահա որոշ հատվածներ Աճեմօղլուի՝ Թուրքիայի տնտեսության անմխիթար վիճակի նկարագրությունից:
 
«Երբ Թուրքիան գնաց նախագահական ընտրությունների, և ամբողջ իշխանությունը հավաքվեց պալատում, դա մեծ ազդեցություն ունեցավ տնտեսական քաղաքականության վրա։
 
Այս ազգայնական և մենատիրական ամբոխավարական վարչակարգերը կամ այդ շարժումները, ընդհանուր առմամբ, թուլացնում են պետական տարողությունը, երբ գալիս են իշխանության: Սա և՛ ռազմավարություն է, և՛ մի բան, որ նրանք անում են ակամա, քանի որ չեն կարող ղեկավարել օրինականությամբ: Մենք դա տեսնում ենք Հնդկաստանում, Բրազիլիայում, Թուրքիայում, Ռուսաստանում և Հունգարիայում։
 
Այն երկրները, որտեղ կորոնավիրուսից ամենից շատ մարդիկ են մահացել աշխարհում, եղել են Բրազիլիան, Թուրքիան, Հնդկաստանը, Ռուսաստանը և ամբոխավարական մենատիրական վարչակարգերը, ինչպես, օրինակ Ամերիկան Թրամփի կառավարման տարիներին։
 
Թուրքիան ապրում է ամենածանր տնտեսական ճգնաժամերը վերջին հինգ տարիների ընթացքում: Եղել են խոշոր ճգնաժամեր, որոնք սկսվել են ոչ միայն համաճարակից հետո, այլև դրանից առաջ: Պարտքերի ավելացումը, հաշվեկշիռների վատթարացումը, կարո՞ղ է ճիշտ արդյունք բերվել դրանց դեմ: Ոչ։ Ինչո՞ւ։ Քիչ մարդիկ կան պաշտոնակալությունում, որ կարող են պատշաճ կերպով գործ ունենալ տնտեսության հետ և բարելավել այն: Հատկապես Բերաթ Ալբայրակի [Էկոնոմիկայի և գանձապետարանի նախարարը և Էրդողանի փեսան] օրոք կայացած խմբակը չէր կարող ճիշտ մոտեցում ցուցաբերել անելիքների հարցում: Ժողովրդավարությունը շատ առավելություններ ունի բռնապետությունների և մենատիրական համակարգերի նկատմամբ: Բայց ամենամեծ առավելություններից մեկը նրանց ձգտումն է՝ ամենամեծ սխալները, տաղանդներն ու անկարողությունը առաջնակարգ դիրքերում պահելը ավելի թույլ է: Հատկապես, երբ նախագահական ընտրություններ էին Թուրքիայում և ամբողջ իշխանությունը հավաքվեց պալատում, դա մեծ ազդեցություն ունեցավ տնտեսական քաղաքականության վրա:
 
Հատկապես վերջին հինգ տարիներին գործազրկությունն ու անհավասարությունը [Թուրքիայում]  հասել են շատ բարձր մակարդակի։
 
Առևտրի կենտրոններն ու շինարարական ընկերությունները, որոնք հինգ տարի շարունակ իրենց հաշվեկշռում հսկայական խնդիրներ են ունեցել, դեռ կանգուն են: Որքա՞ն կկարողանան կանգուն մնալ։ Ինչպիսի՞ն կլինի ազդեցությունը բանկերի վրա։ Որքա՞ն ժամանակ կկարողանանք պահպանել տոկոսադրույքների քաղաքականությունն այս ճանապարհով, մինչ մեր պահուստներն այդքան նվազել են: Այս չափերը, ամենայն հավանականությամբ, շատ ավելի բացասական կդառնան: Այս խնդիրները առկա են ոչ միայն Թուրքիայում, դրանք կան նաև այլ տեղերում, բայց որտեղ էլ որ տեսնում ես այդ խնդիրները, տեսնում ես տնտեսությունը ճիշտ չկառավարելու որոշումների դերը»:
 
Հուսով եմ, որ ամերիկացի գլխավոր ղեկավարներն ավելի շատ ուշադրություն կդարձնեն Աճեմօղլուի ճշգրիտ գնահատմանը, քան Էրդողանի քարոզչությանը, որը Թուրքիան հասցրել է տնտեսական աղետի:
 
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական