«Արհեստական բանականություն»․ մագիստրոսական նոր ծրագիր Ֆրանսիական համալսարանում


«Արհեստական բանականություն»․ մագիստրոսական նոր ծրագիր Ֆրանսիական համալսարանում

  • 11-06-2021 22:00:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանում ֆրանսիական համալսարանը մի քանի տարի է, ինչ ռազմավարական գործընկեր Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի հետ առաջարկում է ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի բակալավրիատի ծրագիր։ Այս ծրագիրն իրականացվում է Թուլուզի ինֆորմատիկայի հետազոտական ինստիտուտի, Գիտական հետազոտությունների ֆրանսիական ազգային կենտրոնի, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի հետ սերտ համագործակցության արդյունքում։
 
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանում ֆրանսիական համալսարանից, 2021թ․ հունիսի 9-ին այս համագործակցության շրջանակում ՀՖՀՀ-ի և Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի միջև «Արհեստական բանականություն» մագիստրոսական ծրագրի մեկնարկն ազդարարող նոր համաձայնագիր է կնքվել։
 
2020 թվականի դեկտեմբերին համալսարանը որոշեց զարգացնել տեխնոլոգիական ոլորտում կրթության առաջարկը, և անձնակազմի քրտնաջան աշխատանքի արդյունքում 6 ամսվա ընթացքում մշակվեց ինժեներական կրթության նոր ծրագիր։ Այս ծրագիրը միտված է զարգացնելու տեխնոլոգիական ոլորտի բարձրորակ կրթությունը ՀՖՀՀ-ում։ Ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարը նշում է․ « Մագիստրոսական այս ծրագիրը համահունչ է տեխնոլոգիական վերջին զարգացումներին, այն ՀՖՀՀ-ի, այսինքն՝ նաև Ֆրանսիայի կողմից կարևոր ներդրում է՝ ի շահ Հայաստանի։ Մենք մշակել ենք այս առաջարկը՝ հաշվի առնելով Հայաստանի արդյունաբերական ոլորտի կարիքները, հավատարիմ մնալով Հայաստանի հետ 20 տարի ի վեր ունեցած մեր համագործակցության տեսլականին»։
 
Հայաստանում ֆրանսիական համալսարանի զարգացման հաջորդ քայլերն են այս տարի նոր մագիստրոսական ծրագրի առաջին ուսանողների ընդունելությունը, գիտահետազոտական ծրագրերի զարգացումը և տեխնոլոգիական ոլորտում մագիստրոսական մի շարք այլ ծրագրերի մշակումը։ Ի դեպ, արհեստական բանականության մագիստրոսական ծրագիրն ավարտելիս ուսանողները կստանան ֆրանսիական (եվրոպական) և հայկական պետական դիպլոմներ, որոնք ունեն միջազգային ճանաչում։
 
Մագիստրոսական ծրագրի վերաբերյալ մանրամասները կներկայացվեն հունիսի վերջին կայանալիք մամուլի
ասուլիսի ժամանակ, որին ներկա կլինեն համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարը և Թուլուզ 3 Պոլ
Սաբատիե համալսարանի Գիտությունների և ճարտարագիտության ֆակուլտետի ինֆորմատիկայի ամբիոնի
վարիչ Ալեն Կրուզիլը, ով նաև ՀՖՀՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի
համադեկանն է:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն