Ովքեր մտածում են` Ադրբեջանի հետ դեմարկացիա անենք, թուղթ ստորագրենք, էլ խնդիրներ չենք ունենալու, սխալվում են. Սամվել Բաբայան

Ովքեր մտածում են` Ադրբեջանի հետ դեմարկացիա անենք, թուղթ ստորագրենք, էլ խնդիրներ չենք ունենալու, սխալվում են. Սամվել Բաբայան

  • 18-06-2021 17:27:31   | Հայաստան  |  Քաղաքական



Ճիշտ չի լինի, եթե Հայաստանն այս փուլում շտապի և համաձայնի դեմարկացիայի: Այս մասին Նոյյան Տապանի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Ազատական կուսակցության պատգամավորի թեկնածու Սամվել Բաբայանը:
 
Ըստ նրա` Ադրբեջանն այժմ փորձում է արագացնել այդ գործընթացը, սակայն Հայաստանը պետք է շտապողականություն չցուցաբերի: 
 
«Նախ ասեմ, որ Ադրբեջանը Խորհրդային միության միակ հանրապետություն է, որ ՌԴ-ի հետ դեմարկացիա է անցկացրել 2009 թվին: Մեր քաղաքական դաշտում այդքան ասում են, թե որևէ պետություն չկա, բայց ես ասում եմ, միայն Ադրբեջանն է դեմարկացիա անցկացրել ՌԴ-ի հետ և ունի պետական ահաման, կարող եք ստուգել: Այսօր էլ, Ադրբեջանը շատ լավ հասկանալով իրավիճակը, ուզում է այդ խնդիրն արագացնի: Իրեն թվացել է, որ ինքը ուժեղ է և պետք է այս պրովակացիաների միջոցով հարցն արագ լուծի: Սակայն ես կարծում եմ, որ պետք չի շտապել, պետք է նախ Արցախի խնդրով խոսել, հետո խոսել Հայաստանի սահմանների մասին: Մեզ ի՞նչն է շտապեցնում, որ մենք այս տարիներին չենք արել, ինչ է եղել: Մենք պետք է պարզապես ուժեղ լինենք: Այլապես, քանի դեռ Ադրբեջանը տեսնում է, որ ինքը կարող է ինչ-որ բան կտրել-տանել, կտրելու է և տանի: 
 
Մենք միշտ պետք է պատրաստ լինենք մեզ պաշտպանելու, և ովքեր մտածում են` Ադրբեջանի հետ դեմարկացիա անենք, թուղթ ստորագրենք, էլ խնդիրներ չենք ունենալու, սխալվում են: Հայաստանը պետք է այնպիսի երկիր դառնա, որ մեզ հարգեն ու հասկանան, որ մեզ հետ պետք չի պատերազմներ անել»,- ասաց նա: 
 
Ինչ վերաբերում է ճանապարհների բացման հարցին, Բաբայանն ասաց, որ խնդիր չի տեսնում այդտեղ: «Մեկ-մեկ ծիծաղելի է, երբ ասում են` Թուրքիան առաջարկում է, ձեռք է մեկնում, որ ճանապարհները բացվեն, ախր հենց Թուրքիան ինքն է փակել սահմանները 93 թվին, և  ինքն էլ պետք է բացի Հայաստանը ճանապա՞րհ է փակել: Իրենք փակել են, իրենք էլ պետք է բացեն, իսկ եթե չեն ուզում, ու պայման են դնում, իբր ի՞նչ: Մենք չենք ո’չ փակողը, ո’չ բացողը»,- նշեց Բաբայանը:
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական