«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության դիտարկման արդյունքները 18։00 դրությամբ

20-06-2021 20:57:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունն այսօր՝ հունիսի 20-ին, 2021 թ․ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը հետևում է ընտրությունների ընթացքին 200-ից ավել ընտրատեղամասերում, տարածքային և կենտրոնական հանձնաժողովներում:

Ինչպես տեղեկանում ենք «Անկախ դիտորդ»-ից, առաքելության դիտորդները ժամը 18:00-ի դրությամբ արձանագրել են հետևյալ խախտումները․ Քվեարկությունը քվեախցիկից դուրս իրականացնելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի

(84 տեղամաս) 38%-ում: Մեկից ավելի անձանց մուտք քվեախցիկ արձանագրվել է դիտարկված տեղամասերի (70 տեղամաս) 31.5%-ում։ Ըստ դիտարկումների, սակայն, այս դեպքերի միայն 7 տոկոսում է եղել քվեարկությունը վերահսկելու դիտավորություն: Վկայականը տեսանելի չկրելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի (48 տեղամաս) 21.5%-ում:

Քվեարկելուց հետո քվեարկելու մասին այլ անձանց հայտնելու կամ բարձրաձայն հայտարարելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի (34 տեղամաս) 15%-ում: Ընդ որում, տարբեր տեղամասերում քաղաքացիները, օրինակ, բացականչել են «Ապագան ընտրի», «Քոչարյան ընտրի, լավ կլինի», ցուցադրաբար պատռել են բոլոր

քվեաթերթիկները մեկից բացի, ցույց են տվել տարբեր թվեր: Հանձնաժողովի անդամների կողմից քաղաքացիներին քվեարկելու կարգը չներկայացնելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի (38 տեղամաս) 17%-ում: Դիտարկված տեղամասերի (20 տեղամաս) 10%-ում օգնողը չի հարցրել ընտրողի կամքը: Քվեարկելուց հետո քվեասենյակից չհեռանալու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի 4․5%-ում:

Ընտրողներին ոչ բոլոր քվեաթերթիկներն են տրամադրվել (22 տեղամաս) տեղամասերի 10%-ում, քվեաթերթիկներ լուսանկարելու դեպքեր արձանագրվել են տեղամասերի 4%-ում, դուրս հանելու դեպքեր՝ 10%-ում: Քվեաթերթիկների խոտանի նոր դեպքեր չեն արձանագրվել, սակայն նկատելի է, որ չօգտագործված քվեաթերթիկների արկղում քվեաթերթիկները հաճախ վնասվում են այնպես, որ դրանք հնարավոր չլինի օգտագործել: Դիտարկված տեղամասերի (17 տեղամաս) 7.6%-ում զետեղված են եղել քարոզչական նյութեր կամ արվել են քարոզչական կոչեր: Ընդ որում, եղել են, օրինակ, «Հայաստան» դաշինքի համարով շապիկներ կրելու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը քվեարկելու բարձրաձայն կոչերի, տեղամասում միմյանց «պատիվ ունեմ»-ով ողջունելու դեպքեր, որպես քարոզչանյութ օգտագործվել են շապիկներ, նոթատետրեր և այլն:

Դիտարկված տեղամասերի 28%-ում գրանցվել են դեպքեր, երբ ընտրողների անունները բացակայել են ընտրողների ցուցակում: Դիտարկված տեղամասերի (38 տեղամաս) 17%-ում գրանցվել են դեպքեր, երբ վստահված անձինք փորձել են իրենց վրա վերցնել հանձնաժողովի նախագահի գործառույթները: Վիճաբանություն է գրանցվել տեղամասերի (53 տեղամաս) 24%-ում՝ հիմնականում վստահված անձանց, ընտրողների, հանձնաժողովի անդամների, իսկ 6 դեպքում այլ տեղական ՀԿ-ների դիտորդների մասնակցությամբ:

Այս վիճաբանությունների զգալի մասը «Անկախ դիտորդի» դիտորդների կողմից գնահատվել է որպես սադրանք: Այլ անձի փոխարեն ստորագրելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի 4.5%-ում: Դիտարկված տեղամասերի (8 տեղամաս) 3․6%-ում գրանցվել են դեպքեր, երբ հանձնաժողովի անդամը ոչ բոլոր քվեաթերթիկներից է տվել ընտրողին: Քվեաթերթիկները քվեասենյակից դուրս հանելու փորձեր եղել են դիտարկված տեղամասերի 14%-ում: Ընդ որում՝ դիտարկված տեղամասերի 2 տոկոսում այդ փորձերը ստացվել են:

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը օրվա ընթացքում ընտրական հանցագործությունների մասին 7 հաղորդում է ներկայացրել, այդ թվում՝ մեկը՝ նախապատրաստվող հանցագործության մասին: Նշենք, որ դիտորդական առաքելությունը շարունակում է հետևել ընտրությունների ընթացքին տեղամասերում դիտորդների, շրջիկ դիտորդական խմբերի, ինչպես նաև ընտրատեղամասերում տեղադրված տեսախցիկների և լրատվամիջոցների մշտադիտարկման միջոցով:

 

 

Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 81 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար