2021թ. մայիսին գրանցվել է աշխատատեղերի ամենաբարձր ցուցանիշը


2021թ. մայիսին գրանցվել է աշխատատեղերի ամենաբարձր ցուցանիշը

  • 22-06-2021 10:29:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա ամփոփվել են 2021 թվականի մայիս ամսվա ցուցանիշները: 
 
Մասնավորապես, 2021 թվականի մայիսի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 635 հազար, ինչը 2021 թվականի ապրիլի համեմատ՝ ավելի է շուրջ 8.5 հազարով, 2020 թվականի մայիս ամսվա համեմատությամբ` 37 հազարով, 2019 թվականի մայիս ամսվա համեմատությամբ` 34 հազարով, իսկ 2018 թվականի մայիս ամսվա համեմատությամբ` 87 հազարով: 
 
Միաժամանակ, 2021 թ․ մայիսին՝ նախորդ տարիների նույն ամիսների համեմատությամբ, աճել է նաև աշխատատեղերի գծով հայտարարագրված եկամուտը (հարկման բազան)` կազմելով շուրջ 134.7 մլրդ դրամ, ինչը գերազանցում է 2020 թվականի մայիս ամսվա նույն ցուցանիշին` 16.2 %-ով, 2019 թվականի մայիս ամսվա ցուցանիշին` 19.8 %-ով, իսկ 2018 թվականի մայիս ամսվա ցուցանիշին` 39.3 %-ով:
 
 2021 թվականի մայիս ամսին, նախորդ տարիների նույն ամսվա համեմատ, աճել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան)՝  կազմելով շուրջ 212 հազար դրամ: 2020 թվականի մայիս ամսվա այս ցուցանիշը կազմել է 194 հազար դրամ, 2019 թվականին` 187 հազար դրամ, իսկ 2018 թվականին` 176 հազար դրամ:
 
Հիշեցնենք՝ 2020 թվականի սեպտեմբեր ամսվա համար եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվը կազմում էր շուրջ 632 հազար, որն աննախադեպ էր և Հայաստանի Հանրապետության վիճակագրական պատմության մեջ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն էր, սակայն 2021 թվականի մայիս ամսին գերազանցվել է նաև այդ ցուցանիշը:
 
Հարկային մարմինն իր գոհունակությունն է հայտնում շարունակաբար կարգապահ վարքագիծ դրսևորող հարկ վճարողներին և ողջունում՝ ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված համատեղ քայլերի արդյունքները:
 
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ ցանկացած գրանցված աշխատատեղ ձևավորում է լրացուցիչ հարկային եկամուտ, որը նպաստում է երկրի անվտանգության ապահովմանը: 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play