«Հանուն Հանրապետության» կուսակցությունը պատրաստ է համագործակցել իշխանությունների հետ. հայտարարություն


«Հանուն Հանրապետության» կուսակցությունը պատրաստ է համագործակցել իշխանությունների հետ. հայտարարություն

  • 24-06-2021 13:07:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելով «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» կուսակցությունների դաշինքի կազմում չհաղթահարեց ընտրական շեմը և ներկայացված չի լինի նորընտիր խորհրդարանում։
 
Միևնույն ժամանակ, «Հանուն Հանրապետության» կուսակցությունն արձանագրում է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվել են ազատության, արդարության և թափանցիկության պայմաններում՝ ապահովելով լեգիտիմ իշխանության ձևավորումը։
 
Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը՝ նշելով, որ այդուհանդերձ, մտահոգիչ է այն հանգամանքը, որ բացարձակ մեծամասնություն ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանում ներկայացված միակ ռեֆորմիստական քաղաքական ուժն է, մինչդեռ խորհրդարանական մյուս երկու ուժերն ամենևին միտված չեն ժողովրդավարական և իրավական բարեփոխումներին և իրենց շահը տեսնում են Հայաստանի մոդերնիզացումն ամեն կերպ խոչընդոտելու, հետխորհրդային ավտորիտար, քրեաօլիգարխիկ համակարգի վերականգնման մեջ։
 
«Ստեղծված իրավիճակում մեծ է վտանգը, որ խորհրդարանը, երկրի զարգացման, դատաիրավական, ռազմական, տնտեսական և սոցիալ-մշակութային բարեփոխումների համալիր քննարկման և քաղաքական որոշումների կայացման ինստիտուցիոնալ հարթակ լինելու փոխարեն, դառնալու է անձնական թիրախավորման, պիտակավորման, հանրության զգալի սեգմանտին թյուրիմացության մեջ պահելու, անձնական բնույթի բախումներ հրահրելու, թանկարժեք ժամանակն անպտուղ վատնելու վայրի՝ նպաստելով սողացող հետադիմության ռևանշիստական նկրտումներին։
 
Հայաստանի Հանրապետությունը, ընկղմված լինելով ներքին և արտաքին վտանգավոր մարտահրավերների խոր հորձանուտում, չունի ժամանակ և ռեսուրս բարեփոխման և արդիականացման օրակարգն իրագործելու հնարավորությունը մսխելու համար։ Հետևաբար, նորընտիր իշխանությունը որևէ կերպ չպետք է տուրք տա խորհրդարանական ընդդիմության կարգավիճակում հայտնված հետադիմական ուժերի նկրտումներին և բարեփոխումները վիժեցնելուն ուղղված սաբոտաժին և պետք է օր առաջ ձևավորի արտախորհրդարանական առողջ ուժերի հետ համագործակցության գործուն ձևաչափեր երկրի վերափոխման և արդիականացման ուղղված բարեփոխումների շուրջ հասարակական-քաղաքական կոնսենսուս ձևավորելու համար։
 
Երկրում ժողովրդավարության անշրջելիության ինստիտուցիոնալ երաշխիքների ձեւավորմանը՝ դատա-իրավական ոլորտի, իրավապահ մարմինների, հատուկ ծառայությունների, դիվանագիտական գերատեսչության, ողջ պետական ապարատի լայնածավալ եւ արմատական բարեփոխումների իրականացմանը, սոցիալ-տնտեսական և ռազմա-քաղաքական արդիականացմանը նպաստելու նպատակով
 
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարում է, որ․
 
- պատրաստ է համագործակցել գործող իշխանության համատեղ ուժերով ձևավորվելիք ինստիտուցիոնալ հարթակի շրջանակում,
- ունի անհրաժեշտ գիտելիքներն ու փորձը՝ մասնագիտական և փորձագիտական ներուժը Հայաստանում դատաիրավական բարեփոխումների և սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանն աջակցելու նպատակով,
- համագործակցելով Հայաստանում դատա-իրավական բարեփոխումների ջատագով իրավաբանների հետ՝ սկսում է դատաիրավական խորքային բարեփոխումների ծրագրի մշակումը՝ այն գործող իշխանության և փորձագիտական հանրույթի քննարկմանը դնելու նպատակով։
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը, հավատարիմ մնալով ժողովրդավարական և իրավական պետության կերտման օրակարգի իրացման գործում, առաջարկում է մեկնարկել խորհրդակցություններ առողջ և կառուցողական քաղաքական միավորների հետ ժողովրդավարական և հայաստանակենտրոն համախմբում իրականացնելու նպատակով»,-ասված է հայտարարության մեջ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը