Պարեկային ոստիկանությունն իր աշխատաոճով, արդյունավետությամբ պիտի նոր խոսք բերի Հայաստանի Հանրապետությանը. Նիկոլ Փաշինյան


Պարեկային ոստիկանությունն իր աշխատաոճով, արդյունավետությամբ պիտի նոր խոսք բերի Հայաստանի Հանրապետությանը. Նիկոլ Փաշինյան

  • 24-06-2021 13:38:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ոստիկանության Պարեկային նոր ծառայության առաջիկա մեկնարկին ընդառաջ՝ ապագա պարեկային ծառայողների, Պարեկային ծառայության ղեկավար կազմի թեկնածուների ուսումնական գործընթացի ամփոփման և դրա արդյունքներին ծանոթանալու նպատակով փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի, ՀՀ ոստիկանության և ՀՀ արդարադատության նախարարության ղեկավար կազմի ուղեկցությամբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանության կրթահամալիր: 
 
ՀՀ ոստիկանության, ինչպես նաև կրթահամալիրի ղեկավար կազմը ՀՀ վարչապետի պաշտոնակատարին են ներկայացրել Պարեկային ծառայության թեկնածուների ուսումնական պրոցեսի կազմակերպման պայմանները և այդ ուղղությամբ իրականացված աշխատանքները, որին, բացի կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմից, ներգրավված են եղել նաև մրցութային կարգով ընտրված դասախոսներ և ԱՄՆ-ից ժամանած մասնագետներ:
 
Նիկոլ Փաշինյանը, ողջունելով պարեկային ծառայողներին, նշել է. «Պարեկային ոստիկանության հարգելի ծառայողներ, նախ ուզում եմ շնորհավորել ձեզ ուսումնառությունն ավարտելու առիթով և շնորհավորել մեզ բոլորիս, որովհետև թևակոխում ենք Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների մի շատ կարևոր փուլ: Շատ շուտով Հայաստանի Հանրապետությունում ի հայտ է գալու նոր ծառայություն՝ Պարեկային ոստիկանություն, որը համոզված եմ՝ իր որակով,  աշխատաոճով, արդյունավետությամբ պիտի նոր խոսք բերի Հայաստանի Հանրապետությանը և մեր երկրում իրավակարգի ու մարդու իրավունքների պաշտպանությանը: Շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ արձագանքել եք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումների այս գործընթացին և ուզում եմ հույս հայտնել նաև, որ ձեզնից յուրաքանչյուրը եկել է առաքելության զգացողությամբ ու այդ առաքելությունը լիարժեք, բարձր մակարդակով ի կատար կածվի: Շնորհավորում եմ»: 
 
Այնուհետև խորհրդակցության ընթացքում Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել Պարեկային ծառայության գործարկման ուղղությամբ կատարված աշխատանքները և ծառայության հաջող մեկնարկն ապահովելու համար առաջիկայում իրականացվելիք միջոցառումները: 
 
Խորհրդակցության սկզբում վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Այսօր  հավաքվել ենք քննարկելու մեր ձեռնարկած ամենակարևոր բարեփոխումներից մեկի՝ Պարեկային ոստիկանության ներդրման հետ կապված մեր ընթացիկ գործերի վիճակն ու անելիքները: Պետք է արձանագրել, որ սա չափազանց կարևոր բարեփոխում է մեզ համար, որն ունի կարևոր քաղաքական նշանակություն: Այն ունի նաև կարևոր նշանակություն մեր երկրում իրավակարգի պահպանությունը և պաշտպանությունը նոր որակի բարձրացնելու ուղղությամբ: Խնդիրը ոչ միայն այն է, որ մենք ինչպես և նախատեսել ենք՝ առաջին փուլով մայրաքաղաք Երևանում ամբողջացնենք ծրագրի իրագործումը, այլև պլանավորվածի համաձայն՝ շարունակենք գործընթացը Հայաստանի Հանրապետության մարզերով և հասցնենք տրամաբանական ավարտին: Իհարկե, հասկանալի է, որ այս ծավալի ու բովանդակության բարեփոխումներն ուղեկցվում են որոշակի դժվարություններով և պիտի արձանագրենք, թե ուր ենք հասել ու առաջիկայում ինչ պետք է անենք, որ մեր անելիքները հնարավորինս համապատասխանեցնենք նախանշված ժամկետներին»:      
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play