Թբիլիսիում քննարկվել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնության տեսլականը


Թբիլիսիում քննարկվել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնության տեսլականը

  • 24-06-2021 18:26:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2021 թվականի հունիսի 22-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն»  կենտրոնում, թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ և բարեմաղթանքով՝ «Ապագա Հայկականը» (The FUTURE ARMENIAN) հանրային նախաձեռնության շրջանակներում, կայացավ առցանց հանդիպում  նախագծի համաֆինանսավորող  IDeA հիմնադրամի և «Ավրորա» բարեգործական նախագծի համանախագահ Ռուբեն Վարդանյանի հետ: Հանդիպմանը ներկա էին հոգևորականներ, մտավորականներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ: Այս մասին տեղեկանում ենք Վիրահայոց թեմից: 
 
Հանդիպման նպատակը «Ապագա հայկականը» նախագծի քննարկումն էր թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագիծը ներառում է  այն 15 կետերը, որոնք ուրվագծում են  մինչև 2041 թվականը Հայաստան-Արցախ -Սփյուռք եռամիասնության զարգացման, Հայաստանի և հայկականի հզորացմանն ուղղված ծրագրային ուղղությունները:
 
Առցանց հանդիպումն ընթացավ հարց ու պատասխանի ձևաչափով: Հատկանշական է, որ այն մեկնարկեց երախտագիտության խոսքերով՝ ուղղված  Ռուբեն Վարդանյանին և նրա համագործակիցներին, ում  ֆինանսավորմամբ  Թբիլիսիի «Սուրբ Գևորգ» առաջնորդանիստ եկեղեցում իրականացվեց մասշտաբային հիմնանորոգում:
 
Այնուհետև  «Ապագա հայկականը»  նախագծի  համաֆինանսավորողը պատասխանեց  ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին   ՀՀ-ում նորերս տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Արցախյան պատերազմին, մայր հայրենիքի  տնտեսական, մշակութային, կրթական համակարգի և մյուս  ոլորտների զարգացման հեռանկարներին և  նախագծի իրականցմանը  համայն հայության ներուժի ընդգրկմանը:   
 
Ռուբեն Վարդանյանը խոստացավ մոտ ժամանակներս ժամանել Թբիլիսի և  հանդիպում ունենալ թբիլիսահայ համայնքի հետ:  Առցանց հանդիպումը վարում էր  հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն