Հայաստանը պատրաստ է բանակցությունների վերսկսմանը, սակայն Ադրբեջանը որևէ արձագանք չի տվել. Փաշինյան

Հայաստանը պատրաստ է բանակցությունների վերսկսմանը, սակայն Ադրբեջանը որևէ արձագանք չի տվել. Փաշինյան

  • 17-07-2021 17:58:13   | Հայաստան  |  Քաղաքական

Ուժի կիրառումը և զանգվածային ոճրագործությունները չեն կարող լուծել ղարաբաղյան հակամարտությունը, որի կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով՝ միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպումից հետո: 
 
«Այս համատեքստում, կարևոր եմ համարում հիշատակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որով նրանք կոչ են անում կողմերին, լավ հայտնի սկզբունքների հիման վրա, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերման նպատակով առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո:
 
Ես արդեն մի քանի անգամ հրապարակայնորեն ողջունել եմ խաղաղ բանակցություններ սկսելու այս հայտարարությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է բանակցությունների վերսկսմանը, սակայն Ադրբեջանը որևէ արձագանք չի տվել, և ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն, Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին, ինչի արտահայտությունը մենք այսօր տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում: Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս նաև սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային և դեմարկացիային ուղղված աշխատանքները, որոնց նույնպես ես մի քանի անգամ հրապարակային անդրադարձել եմ, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում»,- ասել է Փաշինյանը: 
 
Նախագահ Միշելի հետ մեր բանակցություններում՝ որպես առաջնահերթ գերակայություն, կարևորվել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը՝ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Ուզում եմ ընդգծել, որ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց չվերադարձնելու Ադրբեջանի գործելակերպը նրա կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտման միակ դեպքը չէ: 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական