Հայաստանի իշխանությունները Ադրբեջանին են փոխանցել պետական գաղտնիք պարունակող նյութեր. «Փաստինֆո»


Հայաստանի իշխանությունները Ադրբեջանին են փոխանցել պետական գաղտնիք պարունակող նյութեր. «Փաստինֆո»

  • 21-07-2021 20:38:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ իշխանությունները Ադրբեջանին են հանձնել պետական գաղտնիք պարունակող փաստաթղթեր։ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան դա փաստել են թե ՀՀ պաշտպանության նախարարությունը, թե Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը։ 
 
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել Աղդամի, ապա՝ Ֆիզուլիի և Զանգելանի ականապատ տարածքների վերաբերյալ քարտեզները՝ դա ներկայացնելով որպես բարի կամքի դրսեւորում։
 
«Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ԶՈՒ ԳՇ, ՀՀ ՊՆ և Արցախի ՊԲ՝ պարզելու, թե արդյոք սահմանված կարգով դրանք գաղտնազերծվել են, ով է կայացրել որոշումը՝ ականապատ տարածքների տեղորոշման վերաբերյալ փաստաթղթերն ադրբեջանցիներին տրամադրելու վերաբերյալ։ Այսպես, ՀՀ ԶՈՒ ԳՇ-ից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, թե ականապատված տարածքների վերաբերյալ քարտեզներ անունով փաստաթղթեր չունեն, հետևաբար՝ տեղեկատվություն տրամադրել չեն կարող։ ԳՇ-ի կողմից նման պատասխան ստանալուց հետո նույն կառույցին երկրորդ հարցումն ենք ուղարկել՝ այս անգամ նշելով «ականների տեղորոշման հնարավորություն տվող որևէ փաստաթուղթ» չեզոք եզրույթը, սակայն ԳՇ-ից կրկին հրաժարվել են պատասխանել հարցերին։
 
«Փաստինֆո»-ն նույն հարցի առնչությամբ գրավոր հարցում է ուղարկել ԱՀ ՊԲ, որտեղից նշել են, որ տեղեկատվության տրամադրել չեն կարող, քանի որ հայցվող տեղեկատվությունը պարունակում է պետական գաղտնիք համարվող տեղեկություններ։
 
Նույնաբովանդակ պատասխան է ստացվել ՀՀ ՊՆ-ից։ «Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարին հասցեագրված Ձեր 30․06․2021թ N 59-Ա-21 հարցման՝ հայտնում եմ, որ հարցման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելը մերժվում է՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի և ՀՀ կառավարության 13,03,1998թ N173 որոշմամբ հաստատված ցանկի 5-րդ և 8-րդ կետերի պահանջները, քանի որ հարցապնդվող տեղեկությունները գաղտնի են»,- նշված է ՀՀ ՊՆ-ի կողմից տրամադրված պատասխանում։
 
Այլ խոսքով՝ ՀՀ իշխանությունները առանց գաղտնազերծելու պետական գաղտնիք համարվող տեղեկատվությունը փոխանցել են թշնամի երկրին, եւ սա այն դեպքում, երբ ոչ միայն տրամադրված փաստաթղթերը, այլ անգամ  դրանց  գաղտնազերծված-չգաղտնազերծված լինելու մասին տեղեկատվությունը հայ հասարակության համար համարվում է պետական գաղտնիք: 
 
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play