Որ հիմա խոսում եք Հադրութից, ո՞ւր էիք. գայի՛ք, թուրքի դիմացը կանգնեի՛ք, որ թշնամին էլ չմտներ Հադրութ. Կարյուն Ղումաշյան
27-07-2021 20:30:48 | Հայաստան | Քաղաքական
Մեր ժողովուրդը հերոս ժողովուրդ է, և հադրութցիները կռվել են հերոսաբար: Չկա նման բան` փախուստ, եղել է խուճապ, բայց ոչ փախուստ: Այս մասին Նոյյան Տապանի «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում նշեց «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր-տնօրեն, գնդապետ Կորյուն Ղումաշյանը:
«Կա խոսակցություն, թե Հադրութի պոլկը չի կռվել և հանձնվել է, դա շատ մեծ սխալ է: Ամեն զորամաս ունի իր մարտական առաջադրանքը պատերազմի և խաղաղ պայմանների համար, և եթե պատերազմ է լինում, կա հստակ առաջադրանք, թե ինքը ինչ դիրքեր պետք է պահի և այլն:
Հադրութի պոլկը պատերազմը սկսելու հետ մեկտեղ դուրս է եկել իր մարտական առաջադրանքը կատարելու իրենց հիմնական դիսլոկացիոն վայրից, որը գտնվել է Հադրութ քաղաքի ներսում: Այդ մարդիկ կատարել են իրենց առջև դրված խնդիրները Հադրութից 20-25 կմ հեռավորության վրա, Հադրութ քաղաքում չի եղել զինվոր, նրանք իրենց մարտական առաջադրանքներն են կատարել:
Հարգելինե'րս, պատերազմի խրամատները եղել են Հադրութից ու Ֆիզուլիից մոտ 16 կմ հեռավորության վրա, որտեղ գտնվել է Հադրութի հիմնական զորքը, բոլորը եղել են այդ խրամատների մեջ, իսկ դուք ո՞ւր էիք, իրենց կողքին կանգնած չէիք: Գայի'ք, թուրքի դիմացը կանգնեի'ք, որ թշնամին էլ չմտներ Հադրութ:
Երբ մենք այստեղից ջոկատ կազմեցինք և գնացինք Արցախ , մենք գիտակցում էինք, որ մեզ պետք է ինչ-որ զորամասի կցեին, և մենք նրանց հետ պետք է կատարեինք մարտական առաջադրանք, ենթարկվենք այդ զորամասի սպաներին: Ես` լինելով գեներալ, ենթարկվել եմ լեյտենանտին, մայորին, բայց առաջնահերթ ենթարկվել եմ տվյալ գնդի հրամանատարությանը:
Մենք Հադրութ տեղափոխվեցինք նոյեմբերի 6-ի երեկոյան: Դիվերսիոն խումբը Հադրութ է հասել նոյեմբերի 7-ին, վերևից` սարից իջել են, շատ խելոք գործողություն են կատարել, ըստ իմ տվյալների, որովհետև ինձ Ֆիզուլիում դիմավորեց անմիջապես Հադրութի հրամանատարը՝ Յայլոյան, ու հենց պետք է տեղափոխվեինք արդեն դիրքեր, հանկարծ զանգեցին իրեն, թե Հադրութ դիվերսիոն խումբ է մտել, տներ վառելով իջնում են: Նույնիսկ խոսակցություն կար, որ Հադրութի զինկոմին սպանել են:
Երբ մենք իմացանք դիվերսիայի մասին, խումբ առանձնացրեցինք, որ անտառներով հասնանք զորամաս, որովհետև զորամասում մնացել էին Հադրութի զինծառայողների ընտանիքները, ամբողջ խոսակցությունը ես անձամբ եմ լսել: Ես եմ հեռախոսը վերցնում, ասում, դուրս եկեք, դիրքավորվեք, մենք անտառով գալիս ենք հասնենք ձեզ: Հետո զանգում, ասում են, ՄՈԲ-ը արդեն գնաց դիրքավորվեց: Հետո էլ զանգեցին հրամանատարին, որ սպեցնազը եկել-հասել է, հիմա թշնամու դեմը կառնենք, ու մեր գնալը «ատբոյ» տվեցին (չեղարկեցին), մեզ ուղարկեցին դիրքեր: Մենք շարժվեցինք Ֆիզուլի, այնտեղից էլ դիրքեր, որտեղ մեզ դիմավորեցին հենց Հադրութի պոլկի տղաները:
Հաջորդ օրը լուրեր հասցրին դիրքեր, թե իբր Հադրութը գրավել են թուրքերը, ելնում են գյուղերի վրա: Հադրութցիները խնդրեցին, ասացին` մեր ընտանիքները այնտեղ են, գնանք, նրանց հանենք, տեղափոխենք, էլի հետ գանք: 27-28 տղա գնացին, և նրանց գնալը շատ ծանր նստեց մեզ վրա, քանի որ առանց այն էլ մարդ չկար դիրքերում: Եվ այսքան որ խոսում են, կամավորականներ, ՄՈԲ, ես չեմ տեսել:
Ես տեսել եմ հայոց բանակի զինվորին, ես տեսել եմ «Թութակ»-ների բնակիչներին, և տեսել եմ մեր սպաներին: Այդ որ կանգնել ասում էիք, զորմասում մարդ չկար, ցիրուցան են եղել, գայք, կռվեիք»,- ասաց գեներալը: