Համանախագահները կոչ են անում անհապաղ հանդարտեցնել իրավիճակը, վերադառնալ բանակցություններին


Համանախագահները կոչ են անում անհապաղ հանդարտեցնել իրավիճակը, վերադառնալ բանակցություններին

  • 29-07-2021 20:28:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) մտահոգությամբ հետևում են հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի ունեցած վերջին միջադեպերին, մարդկային զոհերի մասին հաղորդումներին, հայտնում է Ազատություն ռադիոկայանը
 
Համանախագահները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ հանդարտեցնել իրավիճակը, ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ամբողջությամբ կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և հրադադարի համաձայնեցման այլ պայմանավորվածությունները:
 
Համանախագահները վերահաստատում են հակամարտության բոլոր հիմնական հարցերը բանակցված, համապարփակ և կայուն կարգավորմամբ լուծելու անհրաժեշտությունը և կողմերին կոչ են անում հնարավորինս շուտ վերադառնալ բանակցություններին իրենց հովանու ներքո:
 
«Նրանք կրկնում են իրենց հովանու ներքո ուղիղ երկկողմ խորհրդակցություններ կազմակերպելու առաջարկը, որպեսզի կողմերը վերանայեն և համատեղ համաձայնեցնեն կառուցվածքային օրակարգը` արտացոլելով իրենց առաջնահերթությունները` առանց նախապայմանների», - ասված է հայտարարության մեջ:
 
Համանախագահները վերահաստատում են ամուր աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի շարունակական ջանքերին:
 
Հուլիսի լույս 28-ի գիշերը և առավոտյան մարտական գործողություններ են ծավալվել հայ - ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում: Հայկական կողմը հաղորդում է դրանց հետևանքով 3 զոհի և 4 վիրավորի, ադրբեջանական կողմը՝ 2 վիրավորի մասին:
 
Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Հուլիսի 28-ի ժամը10։40-ից հաստատվել է հրադադար։
 
Այդուհանդերձ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է այս գիշեր և առավոտյան ադրբեջանական կողմից հրադադարի խախտումների մասին, որոնց հետևանքով վիրավորվել է հայ զինծառայող։
 
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդում է, թե կրակի դադարեցման պայմանավորվածությունն իրենք պահպանում են, հայկական կողմն է կրակ բացել Քարվաճառի սահմանին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play