«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հայտարարությունը 2018 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունի մահվան կապակցությամբ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հայտարարությունը 2018 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունի մահվան կապակցությամբ

  • 02-08-2021 19:23:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մենք սգում ենք հարգարժան իրավաբան Չո Լա Աունի մահը (1941–2021), որն իր կյանքը նվիրել էր անարդարության դեմ պայքարին եւ Մյանմայում ռոհինջա ժողովրդի իրավունքների պաշտպանությանը
 
Խաղաղ բողոքի, ստորագրահավաքներ կազմելու եւ այդօրինակ «հանցանքների» համար ընդհանուր 12 տարի անազատության մեջ անցկացրած Չո Լա Աունը երբեւէ չդադարեց իրավապաշտպանի հմտությունները գործադրել հանուն միլիոնավոր մահմեդական ռոհինջաների իրավունքների պաշտպանության, որոնք բռնաճնշումների հետեւանքով ստիպված էին լքել Մյանմայի տարածքը։ Սեփական հայրենիքում վտանգված իր համայնքի իրավունքները պաշտպանելիս պարոն Աունն ստիպված էր դիմագրավելու թե՛ անձնական, թե՛ համակարգային մարտահրավերներ: Բայց նա երբեք չնահանջեց:
 
Դառնալով 2018 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Չո Լա Աունն ընտրեց միջազգային երեք կազմակերպություն, որոնք Մյանմայում բժշկական օգնություն եւ օժանդակություն էին տրամադրում ռոհինջա փախստականներին ողջ հարավ-արեւելյան Ասիայում, որոնց եւ նվիրաբերեց իրեն շնորհված 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւը. «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն, MERCY Մալայզիական բժշկական նպաստամատույց, Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողով: Ընդհանուր հաշվով՝ մինչեւ այսօր նրանց ջանքերի շնորհիվ աջակցություն է ստացել մոտ 375.000 ռոհինջա փախստական՝ ստանալով երկրորդ հնարավորություն եւ ավելի լավ ապագայի հույս:
 
Չո Լա Աունն ականատես է եղել եւ անձամբ զգացել ռոհինջա համայնքի նկատմամբ մշտապես կիրառվող ճնշող կանոնակարգերի անմիջական ազդեցությունը: Զինված օրենքի մասին իր գիտելիքով եւ անխոնջ վճռականությամբ՝ նա հաջողությամբ պայքարում էր Մյանմայում համակարգային անհավասարության դեմ եւ օգնում իր ռոհինջա քույրերին ու եղբայրներին հասնելու արդարության:
 
«Ավրորան» իր խորին ցավակցությունն ու կարեկցանքն է հայտնում պարոն Չո Լա Աունի ընտանիքին: Նրա հիշատակը վառ կմնա համաշխարհային մարդասիրական համայնքում։
 
Նուբար Աֆեյան, Ռուբեն Վարդանյան` «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ
 
Լորդ Արա Դարզի՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ
 
Բժիշկ Թոմ Քաթինա՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
 
* * *
 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին
 
«Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Նախաձեռնությունն ունի հայկական պատմական արմատներ, քանի որ այն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտելով վերափոխել այս փորձառությունը համաշխարհային շարժման:
 
«Ավրորայի» ողջ գործունեությունը խարսխված է համամարդկային՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի վրա: Սա նշանակում է, որ աշխարհում անհամար մարդիկ, որոնք օգնություն են ստացել ճգնաժամի պահին, իրենց երախտագիտությունը լավագույնս կարող են արտահայտել՝ նույնպիսի աջակցություն տրամադրելով մեկ ուրիշի: Ներգրավելով «Ավրորայի» աջակիցներին աշխարհով մեկ` նախաձեռնությունը կվերածվի  համաշխարհային  շարժման եւ «ձնագնդի» ազդեցությամբ կընդլայնի  փրկողների  շրջանակը, եւ ամենակարեւորը՝ կմեծանա փրկվածների թիվը:
 
Դիմագրավելով մարդասիրական հրատապ մարտահրավերներին՝ նախաձեռնությունը երկրորդ հնարավորություն է ընձեռում նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը: Հավատարիմ իր տեսլականին. «Մենք հավատում ենք, որ պատմության ամենադժվարին պահերին անգամ լուսավոր ապագան այն մարդկանց ձեռքերում է, որոնք օգնում են եւ հույս պարգեւում այլոց»՝ «Ավրորան» ողջունում է բոլոր նրանց, ովքեր ընդունում են այս գաղափարախոսությունը:
 
Այս ութամյա հանձնառության (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝ 1915-1923թթ.) նպատակն է խթանել գործողությունների վրա հիմնված բարեգործությանը, որը կբերի շոշափելի արդյունքի: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի միջոցով՝ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակ, «Ավրորան՝ Արցախին» մարդասիրական ծրագիր, #AraratChallenge շարժում, Aurora Dialogues քննարկումներ, «Ավրորա» դրամաշնորհներ, «Ավրորա» համայնք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ եւ 100 LIVES նախաձեռնություն:
 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը բարերարներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են հազարավոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան` որպես վիրաբույժ, մարդասեր եւ 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, մարդասիրական գործունեության իր փորձառությամբ աշխարհում տարածում է «Ավրորայի»՝ «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձը եւ համախմբում բոլորին համընդհանուր մարդկայնության շուրջ:
 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում են երեք կազմակերպություններ՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամ (Երեւան, Հայաստան):
 
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի մասին
 
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաքելությունն է ճանաչման արժանացնել եւ աջակցել նրանց, ովքեր վտանգի են ենթարկում սեփական կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որպեսզի փրկեն այն մարդկանց կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որոնք տառապում են հակամարտությունների, մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների կամ մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների հետեւանքով։ «Ավրորա» մրցանակի դափնեկիրն ընտրվում է՝ ըստ ցուցաբերած խիզախության, նվիրումի եւ ունեցած ազդեցության:
 
Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի 2015-2023 թթ. (ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝ 1915-1923 թթ.) շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ, որն էլ բացառիկ հնարավորություն է ընձեռում նրան շարունակելու նվիրատվության շղթան եւ աջակցելու իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։
 
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, մարդու իրավունքների ակտիվիստ եւ The Sentry նախաձեռնության համահիմնադիր Ջոն Փրենդերգասթը, Unilever ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն եւ IMAGINE կազմակերպության համահիմնադիր նախագահ Փոլ Փոլմանը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը (1934-2021):  Հանձնաժողովը նախագահում է Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին:
 
Պատվավոր համանախագահներն են խաղաղության եւ մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ Բենջամին Ֆերենցը եւ օսկարակիր դերասան, մարդասեր Ջորջ Քլունին։ Ընտրող հանձնաժողովի պատվավոր անդամներն են Կոստա Ռիկայի նախկին նախագահ եւ Նոբելյան դափնեկիր  Օսկար Արյասը, Մարիինյան թատրոնի գեղարվեստական եւ գլխավոր տնօրեն, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիեւը, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը:
 
Մենք հարգում ենք Ընտրող հանձնաժողովի առաջին համանախագահ, Մարդասիրության «Էլի Վիզել» հիմնադրամի նախագահ, Նոբելյան դափնեկիր Էլի Վիզելի (1928-2016 թթ.) հիշատակը:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն