Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված 1032 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր.նախապատրաստված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն
Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված 1032 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր.նախապատրաստված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն
30-08-2021 14:02:04 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների անօրինական ներմուծման դեպքերի բացահայտման և կանխման ուղղությամբ:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ստացել է օպերատիվ տեղեկություններ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակավ ոսկյա զարդերի ներմուծման գործընթացին ՀՀ քաղաքացի Ժ.Գ-ի հնարավոր ներգրավվածության մասին:
Ստացված տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` օրերս Ստամբուլ-Մինսկ-Երևան ավիաչվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց և ուղևորների ժամանման սրահի «Կանաչ ուղի» գծանշումը հատելուց հետո, Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների կողմից կանգնեցվել և մաքսային հսկողության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացին:
Վերջինիս նկատմամբ իրականացված անձնական մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված 1032 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր, որոնք թաքցված են եղել քաղաքացու գոտկատեղի հատվածում:
Փաստի առթիվ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, որոնք տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն: Հայտնաբերված 1032 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդերը, որպես մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ, վերցվել և ի պահ են հանձնվել մաքսային հսկողության գոտի: