Ջալալ Հարությունյանը հրետանու պետին կապով ասել է՝ մերոնք են, ասա հանկարծ չկրակեն, հետո պարզվել է՝ հակառակորդի 250 հոգանոց ջոկատ է եղել․ Փաստաբան Գոռ Գևորգյան


Ջալալ Հարությունյանը հրետանու պետին կապով ասել է՝ մերոնք են, ասա հանկարծ չկրակեն, հետո պարզվել է՝ հակառակորդի 250 հոգանոց ջոկատ է եղել․ Փաստաբան Գոռ Գևորգյան

  • 04-09-2021 12:52:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Օգոստոսի 28-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ 2020 թվականին 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գործողություններում ներգրավված ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպան կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, հավելենք, որ այդ արարքները պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներեք տարի ժամկետով` գույքի բռնագրավումով կամ առանց դրա)։
 
Հրետանային դիվիզիոնի շտաբի պետ մայոր Գևորգ Գևորգյանի  փաստաբան Գոռ Գևորգյանն ասուլիսի ժամանակ ասաց, որ իր պաշտպանյալը բարեխղճորեն կատարել է բոլոր հրամանները, սակայն անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատներին ներկայացրել են, որ նրա մեղքն է եղել, որ 24 հոգուց 7-ը զոհվել են, 14-ը՝ անհետ կորել:
 
«Նա մարտական գործողությունների ընթացքում ստացել է բազմաթիվ հրամաններ և կատարել է անշեղորեն: Եղել են հրամաններ, որոնք հակասել են իրականությանն ու մարտի դաշտին, բայց դրանք ակնհայտ են դարձել 2020 թվականի հոկտեմբերի 11-ին: Նրանք թշնամուն խոցել են Դ-20 հրանոթով, որը խոցում է մոտ մինչև 17 կմ-ից, բայց հրաման է եղել այն տեղակայել 4 կմ հեռավարության վրա: Իմ պաշտպանյալի մոտ հարց է առաջանում, թե ինչու է այդքան հեռահար խոցող զենքը այդքան մոտ տեղակայվել և իր մտահոգությունները հայտնել է բարձր հրամանատարական կազմին՝ ասելով, որ թշնամական այդ տարածությունը շատ կարճ ժամանակում կարող է անցնել և հասնել մեզ, որից հետո տեղափոխում են նրանց, նորից նույն առաջադրանքն են կատարել, արդեն 8 կմ հեռավարության վրա, որը մի քիչ տրամաբանական է եղել: Երբ նշված տեղը տեղափոխելու մասին զեկուցել են Արցախի ՊԲ հրետանու պետ Բաղդասարյանին, նա, ըստ քրեական գործի նյութերի ու նաև ըստ պաշտպանյալիս ցուցմունքի, բարկանալով ասել է, թե՝ ձեզ ո՞վ է թույլ տվել, որ դուք գաք այս տեղամաս, նորից հետ վերադարձեք նույն տեղամաս»,-նշում է պաշտպանը:
 
Ըստ Գոռ Գևորգյանի՝ իր պաշտպանյալը պարտադրանքով տեղափոխվել է նախկին տեղամաս՝ գիտակցելով, որ այլ տարբերակ չկա, հրամանը պետք է կատարել:
 
Փաստաբանը նշում է, որ մայոր Գևորգ Գևորգյանը 36 էջանոց ցուցումունք է տվել, մանրամասն ներկայացնելով՝ ամբողջ եղելությունը:
 
«Պաշտպանյալս ասում է՝ մարտական առաջադրանքները կատարելու պահին ստացանք հրաման, դիվիզիոնի հրամանատարը կապ տվեց ու ասաց՝ անցնել շրջանաձև պաշտպանության: Նա ցուցմունքում նշել է, որ դա ամենավերջին աստիճանն է հրետանավորի համար, այսինքն թողնել տեխնիկան և անցնել ավտոմատներով շրջանաձև պաշտպանության: Պաշտպանյալս ասում է՝ ստացել էինք հրամանը և անցնում ենք կատարման, երբ պատրաստ էինք և գիտակցում էինք, որ հակառակորդ ունենք դիմացից եկող, ստանում ենք 2-րդ հրամանը՝ թողնել, չկրակել, մերոնք են, որից հետո ստանում ենք նահանջ հրամանը, երբ մեքենաները մոտեցնում են, որպեսզի պատրաստվեն նահանջին, նոր հրաման են ստանում՝ թողնել, որից հետո մեքենաները հետ են վերադարձվում իրենց տեղը: Վերջին հրամանը, երբ ստացել են, պաշտպանյալս բառացի ասում է՝ դիվիզիոնի հրամնատարը վազելով, հևալով ասել է՝ ով ոնց կարա հելեք ըտեղից: Դա որպես այդպիսին հրաման չէ, դա կոչ է եղել փրկվելու»,-ասում Է Գոռ Գևորգյանը:
 
Պաշտպանն ասում է, որ Գևորգ Գևորգյանը զինվորներին հավաքել է, նստել են մեքենաները ու գնացել, կարճ ժամանակ անց հասկացել է, որ 2 մեքենա չկա: Զորքին իջեցրել է ապահով տեղ, սպայական կազմով նորից հետ են գնացել:
 
«Սպայական կազմին է միացել նաև Արարատ Մելքումյանը, ով Արցախում բարձրաստիճան պաշտոնյա է, իմ տեղեկություններով, նա միանում է ու գնում են, որ տղերքին հետ բերեն, ռացիայով կապի են դուրս գալիս մնացած տղերքի հետ հայտնում են տեղը: Արարատ Մելքումյանը որոշում է, որ պետք է ոտքով գնան, պաշտպանյալս ավտոմատը ձեռքն ընկնում է առաջ: Հետո Արարատ Մելքումյանն ասել է, որ այդպես անտրամաբանական է, շատ ուշ կհասնեն»,-պատմում է Գոռ Գևորգյանը:
 
Նա նշում է, որ անհիմն են իր պաշտպանյալին մեղադրում անգործության մեջ, քանի որ ֆորսմաժորային իրավիճակ է եղել, իսկ Գևորգ Գևորգյանը կատարել է բոլոր հրամանները:
 
«Ըստ որոշման մանրամասների՝ բանակի հրետանու պետը զեկուցում է Ջալալ Հարությունյանին՝ Պաշտպանության բանակի հրամանատարին, որ այսինչ տեղանքում ունենք տեղաշարժ, ասեք՝ ով է, որ մեր հրետանավորներն իմանան իրենց գործողությունները: Որոշման մեջ այսպես է՝ Ջալալ Հարությունյանը կապ է տալիս հրետանու պետին և ասում է՝ մերոնք են, ասա հանկարծ չկրակեն: Այդ հրամանը հերթով ներքև է իջնում, որ ասեն՝ մերոնք են չկրակեք: Ըստ տեղեկությունների թշնամական 250 հոգանոց ջոկատ է եղել, որոնցից կեսը հայկական ֆորմաներով: Հետո նշել է, որ ինքն այնտեղ ԱԹՍ չի ունեցել, տեսախցիկներ չի ունեցել և չէր կարող նման բան ասել: Ինչպե՞ս կարող է Պաշտպանության բանակի հրամանատարը չիմանալ իր ստորաբաժանումների տեղը»,-նշում է Գոռ Գևորգյանը:
 
Փաստաբանը նաև ասաց, որ մայոր Գևորգ Գևորգյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
 
«Միանշանակ, պատասխանատու անձ է Ջալալ Հարությունյանը, հրետանու պետը, դիվիզիոնի հրամանատարը: Նրանք հարցաքննվել են, բայց իրենց ցուցմունքներն այս պահին ինձ հասանելի չեն»,-ասաց նա:
 
Նշենք, որ Քննչական կոմիտեից հայտնել են, որ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որն օգոստոսի 28-ին բավարարվել է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play