Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանը՝ Իրանի դեսպանին

Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանը՝ Իրանի դեսպանին

  • 16-09-2021 17:31:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: ՀՀ ԱԺ-ն տեղեկացնում է, որ ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն:
 
Նա նշել է, որ հարյուրամյակների բարեկամությունը եւ երկու ժողովուրդների խաղաղասիրությունը յուրօրինակ կամուրջ են ՀՀ-ի և Իրանի միջեւ: Հայաստան-Իրան փոխգործակցության արդյունքում ձեւավորված ակտիվ քաղաքական երկխոսությունն ամուր հիմք եւ երաշխիք է բոլոր ոլորտներում միջպետական համագործակցության շարունակական զարգացման ու ամրապնդման համար:
 
Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ մեր երկիրը ձգտում է պահպանել եւ առավել ամրապնդել քաղաքական ու տնտեսական ոլորտների երկխոսության եւ առեւտրային համագործակցության շարունակական աճը: Այս իմաստով խորհրդարանի ղեկավարն ուշադրություն հրավիրեց հատկապես այն փաստի վրա, որ 2020 թվականի ընթացքում, չնայած COVID-19-ի տարածմանը եւ դրա բացասական հետեւանքներին, հայ-իրանական առեւտրաշրջանառությունը լրջագույն փոփոխությունների չի ենթարկվել, իսկ արտահանումը նույնիսկ որոշ չափով աճել է: Ալեն Սիմոնյանը նկատել է նաեւ, որ Հայաստանում իրանական ներդրումների եւ Իրանում հայկական ներդրումների ցուցանիշները փաստում են, որ հայ-իրանական առեւտրատնտեսական հարաբերությունների ներուժը չի իրացվում իր ողջ ծավալով: Հայկական կողմի տեսանկյունից Իրանը վստահելի ընկեր եւ լավ հարեւան է: Ալեն Սիմոնյանը կարեւորել է հայ-իրանական փոխգործակցությունը տարածաշրջանային ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման գործում, ինչպես նաեւ տարածաշրջանային ռազմաքաղաքական անվտանգային հարցերում:
 
Անդրադարձ է եղել Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտակայքում տիրող իրավիճակի լուծման աշխատանքներին:
 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը փաստել է, որ զգալի է հայկական մշակութային ժառանգության դերը իրանցիների կյանքում, իսկ հայկական համայնքը բավականին ակտիվ եւ ընդգրկուն է ներկայացված Իրանում:
 
Կողմերն անդրադարձել են երկկողմ փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման գործում միջխորհրդարանական համագործակցության դերին: Այս համատեքստում մեծապես կարեւորվեց պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն