Փաշինյանը Բաթումում մոտ 3-4 ժամ անակնկալ «անհետացել» է. Էդուարդ Այվազյան


Փաշինյանը Բաթումում մոտ 3-4 ժամ անակնկալ «անհետացել» է. Էդուարդ Այվազյան

  • 20-09-2021 18:37:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Բացարձակապես տեղեկություն չկա, թե ուր կարող էր անհետանալ Փաշինյանը։ Անգամ այցելության մասին պաշտոնական հաղորդագրություններում շատ բան չի եղել նրա հանդիպումների մասին։ Ես նաև վրացական մամուլում չեմ հանդիպել որևէ տեղեկության՝ Փաշինյանի՝ Բաթումի այցելելու մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչ էր նա անում այնտեղ։
 
Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն էդուարդ Այվազյանն՝ անդրադառնալով մամուլում առկա տեղեկատվությանը, թե Վրաստան այցի ընթացքում Փաշինյանը Բաթումում մոտ 3-4 ժամ անակնկալ «անհետացել» է, և նրա տեղը չեն իմացել ո՛չ վրացական կողմը, ո՛չ էլ նույնիսկ վարչապետի արարողակարգի աշխատակիցները: Ավելի ուշ նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպելու առաջարկ է փոխանցել։
 
Հարցին, թե արդյոք Վրաստանը կարող է միջնորդ հանդիսանալ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսոթյուն սկսելու համար՝ Այվազյանն ասաց, որ Վրաստանը վերջին ամիսների ընթացքում փորձում է ակտիվ միջորդի դեր ստանձնել Ադրբեջանի և Հայաստանի միջև։ «Հայտնի է, թե ինչպես Վրաստանի գործադրած ջանքերի շնորհիվ ազատ արձակվեցին մի խումբ գերիներ, որոնք գերեվարվել էին Բաքվի կողմից և Վրաստանը վերահաստատեց այն փաստը, որ իրենք պատրաստ են շարունակել միջնորդի դերը տարածաշրջանում, այստեղից ելնելով՝ Թուրքիայի հետ ևս հաշտեցնողի դերը նույնպես Վրաստանը կարող է ստանձնել։
 
Չնայած տրանզիտային կոմունիկացիաների մասով չեմ կարծում, որ Վրաստանին ձեռնտու է Հայաստանի հետ Թուրքիայի սահմանի բացումը, քանի որ բոլոր տրանզիտային ծրագրերում Վրաստանը ներգրավված է։ Հետևաբար, տրանզիտային ենթակառուցվածքների բացումը չեմ կարծում, որ Վրաստանի շահերից է բխում։
 
Այդուհանդերձ, տարածաշրջանում Վրաստանի դերակատարությունը բարձրացնելու համար, կարծում եմ, Վրաստանը կցանկանա ստանձնել նման առաքելություն և փորձի հաշտեցնողի դեր խաղալ, ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ Հայասանի և Թուրքիայի միջև։ Սակայն չպետք է մոռանանք նաև, որ Վրաստանը ձգտում է դեպի ՆԱՏՕ, դեպի Եվրամիություն, այդ համատեքստում Վրաստանի գործունեությունը շատ շահեկան կլինի։ Վրաստանը, կարծում եմ, շահագրգռված է Հյուսիս-Հարավ ծրագրով, քանի որ եթե միջազգային տրանսպորտային ճանապարհը գործի Իրանից մինչև Վրաստան, ապա դեպի Եվրոպա՝ այդ ծրագրին կարող են միանալ բազմաթիվ այլ երկրներ և դա բավական ակտիվ ու մեծ տրանսպորտային գիծ կարող է դառնալ։ Մինչդեռ, տրանզիտային կոմունիկացիաների ապաշրջափակման դեպքում Վրաստանը կզրկվի տարածաշրջանում իր շահեկան դիրքից։ Այս համատեքստում Վրաստանը փորձում է ակտիվանալ, որպեսզի խաղից դուրս չմնա ապագայում»։
 
Միաժամանակ, նա ընդգծեց, որ երբ խոսում ենք Հյուսիս-Հարավ ճանապարհի մասին՝ պետք է նաև հաշվի առնենք, որ Սյունիքի սահմանին լարվածություն կա այս պահին։ «Այդ լարվածությունը փոքր ինչ թուլացնելուն նույնպես կարող է ուղղված լինել երկկողմ հարաբերություններ ստեղծելու առաջարկը։ Իմ կարծիքն այն է, որ դրա մասին խոսում են, որպեսզի թշնամանքի լեզվից հրաժարվելով՝ փորձեն մի փոքր ժամանակ շահել՝ Հյուսիս-Հարավ ճանապարհը կառուցելու և այն գործարկելու համար, որից հետո էլ կփորձեն երկիրը ուշքի բերել, այսինքն երկկողմ հարաբերությունները բարելավվելու հայտարարություններն ուղղված են վտանգները չեզոքացնելուն։ Չեմ կարծում, որ մոտ ապագայում Թուրքիայի հետ սահմանը կբացվի, սա ավելի շուտ խաղի է նման, ինչպես նախկինում դա արեց նախագահ Սերժ Սարգսյանը։ Սա էլ մի նոր խաղի տեսակ է Թուրքիայի հետ։ Տեսնենք, թե սա ինչով կավարտվի, անցան անգամ սկսված ֆուտբոլային դիվանագիտությունը, չեմ կարծում թե նորմալ ավարտվեց»։
 
Ինչ վերաբերում է բանակցությունների համար գնին՝ Այվազյանն ընդգծեց, որ Թուրքիան պարզ ասում է, թե երկկողմ հարաբերությունների բարելավման գինը որը կարող է լինել։ «Էրդողանը պարզ հայտարարեց, որ իրենք միջանցք են ուզում Սյունիքով։ Նախկինում եթե խոսքը միայն Արցախի շրջանների մասին էր, ապա հիմա ախորժակն ավելի է մեծացել ու իրենք ավելի շատ խոսում են հենց միջանցքի մասին, սակայն կարծում եմ, որ դա անընդունելի է թե Հայաստանի Հանրապետության համար, թե ողջ հայ ժողովրդի, ոչ ոք չի հաշտվի այն մտքի հետ, որ Ադրբեջանը Հայաստանի սուվերեն տարածքով միջանցք ունենա դեպի Թուրքիա։ Կարծում եմ, բացառված է և Հայաստանի իշխանությունները պետք է բացառեն նման մոտեցումը, կարծում եմ՝ պետք է հասկացնել տալ, որ դա անընդունելի է ամբողջ հայության, Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների համար»։
 
Անդրադառնալով հարցին, թե եթե Փաշինայնը իսկապես նման առաջարկով դիմել է Վրաստանի վարչապետին, ապա ինչո՞ւ մինչ այժմ վերջինս այդ առաջարկը պաշտոնապես չի փոխանցել Էրդողանին, իսկ Էրդողանի հայտարարություններից պարզ էր դառնում, որ Վրաստանի վարչապետն այդ առաջարկը դեռ չի փոխանցել իրեն՝ նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ պաշտոնական հայտարարություն այդ մասին չի եղել։ «Այդ մասին Էրդողանն է խոսել ու հասկացնել տվել, թե որն է բանակցությունների գինը, ինչը կրկնեմ հայկական կողմի համար անընդունելի պետք է որ լինի»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը