Հատուկ գունդը 31 տարեկան է


Հատուկ գունդը 31 տարեկան է

  • 20-09-2021 21:00:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սրանից 31 տարի առաջ, 1990 թվականի սեպտեմբերի 20-ին, դեռևս Խորհրդային Հայաստանի ՆԳՆ կազմում ստեղծվեց Հատուկ Գունդը, որը Հայաստանի սահմաններում ու Արցախում մարտնչող  առաջին կանոնավոր զինվորական ստորաբաժանումն էր, և որն ըստ էության դարձավ այն հիմքը, որի վրա ձևավորվեց Հայկական բանակը։
 
Առանց չափազանցության կարելի է փաստել, որ մինչև Հայաստանի Հանրապետության հռչակումն ու կանոնավոր բանակի ձևավորումը, Հատուկ Գունդն էր մեր երկրի անկախության և ինքնիշխանության կարևորագույն երաշխավորը։
 
Արցախյան առաջին պատերազմում փառապանծ մարտական ուղի անցած գնդի մարտիկները որպես կամավորներ մասնակցեցին նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմին։
 
Քառասունչորսօրյա պատերազմի արդեն երրորդ օրը Հատուկ Գնդի հարյուրավոր վետերաններ, գնդի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանի հրամանատարությամբ, արդեն հյուսիսային ուղղության դիրքերում էին և մինչև պատերազմի վերջին օրը մարտնչեցին, առանց քայլ իսկ նահանջելու։
 
Այսօր՝ Հատուկ Գնդի ստեղծման 31-րդ տարելիցի օրը, մենք դարձյալ խոնարհվում ենք մեր նահատակ ընկերների առջև և արևշատություն մաղթում կենդանի հերոսներին։
 
Ազատամարտիկների Դաշինքի վարչություն
 
ԵՐԵՎԱՆ 20․09․2021
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն