«Կասպերսկի» ընկերությունը հրապարակել է թափանցիկության մասին իր առաջին հաշվետվությունը


«Կասպերսկի» ընկերությունը հրապարակել է թափանցիկության մասին իր առաջին հաշվետվությունը

  • 07-10-2021 11:33:51   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն։ «Կասպերսկի» ընկերությունն իր Տեղեկատվական թափանցիկության գլոբալ նախաձեռնության շրջանակներում  2020-ին և 2021-ի առաջին կեսին ամբողջ աշխարհում իրավապահ մարմիններից և պետական կառույցներից ստացված հարցումների վերաբերյալ տվյալներ է հավաքել: 2020-ի ընթացքում ընկերությունը 15 երկրներից 160 հարցում է ստացել իշխանության մարմիններից, իսկ 2021-ի առաջին կեսին՝ 105-ը 17 երկրներից։ Բոլոր հարցումները հենց սկզբից անցնում են ներքին ստուգման պարտադիր ընթացակարգ, որի նպատակն է համոզվելը, որ դրանք ռիսկեր չեն ստեղծում օգտատերերի անվտանգության և գաղտնիության համար, ինչպես նաև համապատասխանում են տեղական կամ միջազգային օրենսդրությանը:
 
Օգտատերերի տվյալների ստացմանն ուղղված հարցումների բաժինը կազմել է 17,5% 2020-ին և 15% 2021-ի առաջին կեսին: Բոլոր նման հարցումները մերժվել են, քանի որ չեն համապատասխանել ներքին ստուգման պահանջներին կամ պահանջվող տվյալները չեն հայտնաբերվել:
 
Օգտատերերի տվյալները ենթադրում են տեղեկատվություն, որը «Կասպերսկի» ընկերության պրոդուկտների և ծառայությունների օգտատերերը կամավոր տրամադրում են ընկերությանը, որպեսզի նրա լուծումները կարողանան լիարժեք աշխատել սարքերում: Դա, օրինակ, տեղեկատվություն է լիցենզիայի կամ օպերացիոն համակարգի տարբերակի մասին: Ընդ որում, ընկերությունը չի մշակում և չի պահպանում տվյալներ, որոնք ստեղծում և փոխանցում են օգտատերերը (անգլերենով դրանք անվանում են "content data")։ Բացի այդ, «Կասպերսկի» ընկերությունը պետական և իրավապահ մարմիններին չի տրամադրում ոչ ուղիղ, ոչ էլ միջնորդավորված հասանելիություն այն ենթակառուցվածքներին, որտեղ գտնվում են օգտատերերի տվյալները։
 
«Կասպերսկի» ընկերությունն ստացել է նաև տեխնիկական փորձաքննություն ստանալու հարցումներ՝ MD5-հեշերի, կոտրանքի ցուցիչների, կիբեռգրոհների առանձնահատկությունների և դրանց իրականացման համար օգտագործվող միջոցների վերաբերյալ տվյալների, վնասաբեր ԾԱ-ի ռևերս-ինժինիրինգի արդյունքների, տարբեր հետազոտությունների ընթացքում ստացված վիճակագրության վերաբերյալ: Նման տեղեկատվությունը հարցվում է կիբեռմիջադեպերի հետաքննության համար։
 
«Մենք «Կասպերսկի» ընկերությունում ձգտում ենք հրապարակայնորեն լուսաբանել, թե ինչ և ինչպես ենք մենք անում միջազգային կիբեռհանցավորության դեմ պայքարելու համար, և հավատում ենք, որ դա կօգնի ամրապնդել վստահությունը մեր պրոդուկտների նկատմամբ, առաջին հերթին նրանց կողմից, ովքեր օգտվում են դրանցից։ Մենք վստահ ենք, որ հարցումների և դրանց հետ աշխատելու մեր սկզբունքների մասին տվյալների հրապարակումը կարևոր քայլ է հաճախորդների և գործընկերների հետ հարաբերություններում»,- մեկնաբանում է  «Կասպերսկի» ընկերության պետական մարմինների հետ կապերի ուղղության ղեկավար Օլեգ Աբդուռաշիտովը։
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ