«Սիրե՛ք ձեր աչքերը» այսօր տեսողության համաշխարհային օրն է


«Սիրե՛ք ձեր աչքերը» այսօր տեսողության համաշխարհային օրն է

  • 14-10-2021 11:13:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Այսօր տեսողության համաշխարհային օրն է: Այս տարի տեսողության համաշխարահին օրվա միջոցառումները անցկացվում են «Սիրե՛ք ձեր աչքերը» կարգախոսի ներքո՝ նպատակ ունենալով հասարակության ուշադրությունը հրավիրել կանխարգելելի կուրության եւ տեսողական խանգարումների հիմնահարցերի վրա: 
 
«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը (ՀԱՆ), որը ՀՀ առողջապահության հետ գործակցությամբ այս տոնը նշում է 2004թ.-ից, տեսողության համաշխարհային օրվան ընդառաջ՝ ի հավելումն իր մշտական աշխատանքների, իրականացրեց ակնային զննումների լայն շարք մշակութային գործիչների, մանկապարտեզների երեխաների, խոցելի  խմբերի շրջանում: Մասնավորապես, ՀԱՆ-ի բժշկական խմբերն այցելեցին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ, մարզային մի քանի մանկապարտեզներ, ինչպես նաեւ, իբրեւ սոցիալական պատասխանատվության միջոցառում, ՀԱՆ-ի գրասենյակում ակնային զննումների հրավիրեցին այն համայնքի բնակիչներին, որտեղ հիմնադրամը տեղակայված է արդեն շուրջ 15 տարի: Ակնային ստուգում անցածներն անհրաժեշտության դեպքում ակնոցներ եւ անվճար բուժման ուղեգրեր ստացան: Շաքարային դիաբետ ունեցող բոլոր այցելուները հատուկ սարքավորմամբ ակնահատակի մանրակրկիտ զննում անցան, ինչի շնորհիվ հնարավոր եղավ բացահայտել դիաբետիկ ռետինոպաթիա ունեցողներին կամ այդ հիվանդության ռիսկի խմբում գտնվողներին եւ անհրաժեշտ բուժում առաջարկել: ՀԱՆ-ն իրականացրեց նաեւ տեղեկատվական միջոցառում՝ ակնային խնամքին վերաբերող գրքույկներ բաժանելով հանրային վայրերում: Միջոցառման շրջանակներում արդեն ավելի քան 100 մեծահասակ եւ 150 երեխա ակնային զննում է անցել, միջոցառումները կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի վերջ: 
 
Կուրության կանխարգելման միջազգային գործակալության տվյալներով՝ աշխարհում 1.1 միլիարդ մարդ տառապում է տեսողության կորստից՝  պայմանավորված ակնաբուժական ծառայությունների անհասանելիությամբ, իսկ մինչեւ 2050 թվականը տեսողությունը կորցրած մարդկանց քանակը կհասնի 1.7 միլիարդի՝ պայմանավորված, հիմնականում, բնակչության թվաքանակի աճով եւ ծերացմամբ: Տեսողության կորուստը 90% դեպքերում հնարավոր է կանխարգելել: Տեսողությունը կորցրած մարդկանց 90%-ն ապրում է ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում: Նրանց 73%-ը 50 տարեկանից բարձր են: Տեսողության կորստի հիմնական պատճառներն են ռեֆրակցիայի խանգարման այն դեպքերը, որոնք ակնաբուժական միջամտության չեն ենթարկվել, վիրահատությունից դուրս մնացած կատարակտի դեպքերը, տարիքային մակուլյար դեգեներացիան, գլաուկոման և դիաբետիկ ռետինոպաթիան:
 
ՀԱՆ-ը 2003թ.-ից ի վեր ակնաբուժական հետազոտություններ եւ բուժում է իրականացնում ՀՀ մարզերի բնակչության շրջանում: Լույս հայի աչքերին ծրագրի շրջանակներում ՀԱՆ-ը իրականացրել է շուրջ 500.000 ակնային ստուգում, կատարել է 30.000-ից ավելի ակնային վիրահատություն եւ լազերային միջամտություն, բաժանել է ավելի քան 75.000 ակնոց: Ըստ Հայկական ակնաբուժության նախագծի իրականացրած հետազոտության՝ Հայաստանում աչքի հիվանդություններն առավել տարածված են 50 և ավելի տարեկան բնակչության շրջանում: Տարիքային այս խմբում տեսողության խաթարման տարածվածությունը 1.8 անգամ ավելի բարձր է՝ քան ընդհանուր առմամբ մեծահասակների շրջանում և կազմում է 8.4%, կատարակտի տարածվածությունը` 27%, մակուլյար դեգեներացիայինը՝ 6.5%, գլաուկոմայինը՝ 3.4%, դիաբետիկ ռետինոպաթիայինը՝ 4.4%:
 
Հայաստանի մեծահասակ բնակչության (16+ տարեկան) շուրջ 13%-ն ունի կուրության բերող առնվազն մեկ ակնային հիվանդություն, այսինքն` ունի խոցելի ակնային առողջություն: 50 և ավելի տարեկանների շրջանում խոցելի ակնային առողջություն ունեցողների ներկայացվածությունը գրեթե 3 անգամ ավելին է և կազմում է 37%: 50-ից հետո խոցելի ակնային առողջություն ամենացածր հավանականությունն ունեն 50-54 տարեկանները (23.8%): Դրանից հետո կյանքի յուրաքանչյուր լրացուցիչ 5 տարին ավելացնում է խոցելի ակնային առողջություն հավանականությունը 9%-ով:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play