Բռնության ենթարկված քաղաքացու երեխան դեպքից հետո տեղափոխվել է հիվանդանոց. մանրամասներ Քեսաբի 6 հասցեում կատարվածից

Բռնության ենթարկված քաղաքացու երեխան դեպքից հետո տեղափոխվել է հիվանդանոց. մանրամասներ Քեսաբի 6 հասցեում կատարվածից

  • 14-10-2021 19:53:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Երեկվանից համացանցում տեսանյութ է տարածվում, որտեղ երեւում է՝ ինչպես են իրավապահ մարմինները բռնի ուժով բերման ենթարկում մի քաղաքացու: Տեսանյութում երեւում են նաեւ բերման ենթարկվող քաղաքացու երեք մանկահասակ երեխաները, որոնք ահաբեկված լաց են լինում՝ տեսնելով՝ ինչպես են իրավապահները գետնին տապալել իրենց հայրիկին ու քաշքշում:
 
Ավելի ուշ պարզվեց, որ կատարվածի մասնակիցներն են Երեւանի քաղաքապետարանի եւ ոստիկանության աշխատակիցները, որոնք գնացել էին Քեսաբի 6 հասցե՝ ինքնակամ կառույցի ապամոնտաժման համար:
 
Ըստ համացանցում տարածվող տեղեկությունների՝ շինությունը, որը Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներն իրավապահ մարմինների հետ միասին գնացել էին քանդելու, քաղաքացի Վազգեն Ռաֆայելյանինն է: Դրա մի մասը բնակելի է, մի մասն էլ քաղաքացին օգտագործում է՝ ընտանիքի հացի խնդիրը լուծելու համար. վաճառում է ավտոպահեստամասեր: Նշենք, որ շինության մի մասն արդեն քանդված է:
 
Փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը, որը ներկա է եղել կատարվածին եւ տեսանկարահանել այն, լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ քաղաքապետարանի աշխատակիցների մեծ մասը ոչ սթափ վիճակում են գտնվել՝ ալկոհոլի ազդեցության տակ:
 
«Հայկական ժամանակը» կատարվածի մասին մեկնաբանություն խնդրեց Երեւանի քաղաքապետարանից: Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ նշված վայրում կա զավթված հանրային տարածքի վրա կառուցված ապօրինի կառույց, որի գոյության անթույլատրելիության մասին սեփականատերը նախօրոք զգուշացված է եղել:
 
«Եթե ապօրինի կառուցապատում իրականացրած անձը պատրաստակամ է լինում իր միջոցներով քանդել, հնարավորություն է տալիս քաղաքապետարանը: Երեկ, երբ հերթական անգամ մեր աշխատակիցները գնացել են քանդման նպատակով, ապօրինի կառուցապատման սեփականատերն ագրեսիվ վարք է դրսեւորել քաղաքապետարանի ներկայացուցիչների եւ նրանց ուղեկցող ոստիկանների նկատմամբ՝ անպարկեշտ արտահայտություններ է արել, հայհոյանքներ հնչեցրել նրանց հասցեին, կոտրել ապակիներ եւ այլն: Որից հետո ոստիկանները համարժեք գործողություն են կիրառել օրինական պահանջը չկատարող եւ ագրեսիվ կերպով ընդդիմացող քաղաքացու նկատմամբ»,-մանրամասնեց նա:
 
Ինչ վերաբերում է քաղաքապետարանի աշխատակիցների ոչ սթափ լինելու մասին հայտարարությանը, Կարապետյանն ասաց. «Դա զրպարտություն է, նման բան չի եղել»:
 
Նա նաեւ ցանկացավ շեշտել, որ ապամոնտաժման ենթակա շինությունը բնակավայր չէ, այն օգտագործված ավտոպահեստամասերի վաճառքի կետ է: Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ երեխաների՝ տվյալ վայրում գտնվելու փաստը քաղաքապետարանի աշխատակիցները հաշվի չեն առել, քաղաքապետի խոսնակն ասաց. «Ես տպավորություն ունեմ, որ այնտեղ երեխաների ներկայությունը շահարկվում էր՝ էմոցիոնալ ֆոն տալու համար: Իհարկե, ցանկացած երեխայի զգացմունք շատ թանկ է մեզ համար, բայց ես տեղեկություն ունեմ, որ երեխաները հատուկ այնտեղ էին բերվել եւ ետնամուտքից ներս մտել այն ժամանակ, երբ քաղաքապետարանի ու ոստիկանության աշխատակիցները գնացել էին իրենց օրինական պահանջի կատարման համար»:
 
Նշենք, որ դեպքից հետո երեխաներից մեկը՝ 5-ամյա տղան, ցնցումների մեջ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխել: «Հայկական ժամանակը» ԲԿ-ից տեղեկացավ, որ երեխան շտապօգնության մեքենայով առավոտյան տեղափոխվել է հիվանդանոց, սրտխառնոց է ունեցել, առաջին բուժօգնություն է ստացել, բժիշկները դեղեր են նշանակել, գնացել է:
 
Կատարվածի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաեւ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ հայտնելով, որ ՀՀ գլխավոր դատախազությունում տեսանյութը ֆիքսվել է, այն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ տեսանյութում երեւացող հանգամանքները, ինչպես նաև ոստիկանների գործողությունների իրավաչափությունն ու համաչափությունը պարզելու, իրավական գնահատականներ տալու նպատակով:
 
«Սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ՝ «Ոստիկանները, գետնին տապալելով, բերման են ենթարկում քաղաքացուն՝ երեխաների աչքի առաջ» վերտառությամբ: ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ և սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում տեսանյութը ֆիքսվել է: Այն ուղարկվում է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ (Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը) եւ 181-րդ (Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումները) հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, քրեական վարույթի շրջանակներում տեսանյութում երևացող հանգամանքները, ինչպես նաև ոստիկանների գործողությունների իրավաչափությունն ու համաչափությունը պարզելու, իրավական գնահատականներ տալու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը