Այսօր առավել քան կարևոր է պատերազմի ձախողումները վերածել հաջողությունների՝ դասեր քաղելով ու հզորանալով
18-10-2021 18:38:31 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
2020 թվականի Արցախյան պատերազմն, այն էլ COVID-19 համավարակի ընթացքում, հսկայական ճնշում գործադրեց Հայաստանի առողջապահական համակարգի վրա։ Վերականգնողական ոլորտը հայտնվեց բավականին խոցելի վիճակում, իսկ երբ ուշադրությունը պատերազմից անցավ հաշմանդամություն նոր ձեռք բերած անձանց վերականգնմանը՝ այդ ոլորտի տարիների բացերն ավելի ակնառու դարձան։ Ազգային նոր առաջնահերթություն դարձավ պատերազմի արդյունքում հաշմանդամություն ձեռք բերած հազարավոր անձանց առողջական կարիքների հոգածությունը։
Սթափ գնահատելով իրավիճակը և մեր երկրի առջև ծառացած նոր մարտահրավերները՝ սփյուռքի մի շարք կազմակերպություններ և հայազգի հայրենանվեր մասնագետներ անմիջապես սկսեցին գործուն քայլեր ձեռնարկել։ Այդպիսի կազմակերպություններ էին «Թերապիստներ Հայաստանի համար» նախաձեռնությունը և Հայ-ամերիկյան սպորտային բժշկության կոալիցիան (ՀԱՍԲԿ), որոնք պատերազմի ընթացքում անմիջապես ստանձնեցին կլինիկական և մասնագիտական կրթական աջակցության տրամադրման մոբիլիզացումը․ համատեղ ջանքերով նրանք հիմնադրեցին վերականգնողական ոլորտի թվային ռեսուրսների գրադարան, նախաձեռնեցին երկլեզու վեբինարների շարք, իրականացրեցին բազմամասնագիտական հեռախորհրդատվություններ, որոնք ուղղված էին ապացուցողական հիմքով պացիենտների գնահատմանն ու միջամտության կազմակերպմանը։ Միայն այս կազմակերպություններն օգնեցին հավաքագրել ավելի քան 60 առողջապահության ոլորտի մասնագետի՝ որոնք ժամանեցին Հայաստան և Արցախ՝ կամավորական աշխատանքի համար։ Նրանց մեջ էին նաև կազմակերպությունների հիմնադիրները՝ ամերիկահայ մասնագետներ Արմինե Պապիկյանն ու Նիկոլաս Թավուքջյանը։
Նրանք աջակցեցին հայաստանյան վերականգնողական ոլորտի ավելի քան մի քանի տասնյակ մասնագետի վերապատրասատումներին և կրթական անհետաձգելի կարիքների ապահովմանը, որի շնորհիվ մասնագետներն ի վիճակի էին կամավոր հիմունքներով անմիջական խնամք ապահովել Հայաստանում և Արցախում վիրավոր զինծառայողներին։
Այս ջանքերի կենտրոնացման արդյունքում վերջերս իրականություն դարձավ նաև «Հետպատերազմյան վերականգնում» թեմայով վիրտուալ միջազգային գիտաժողովը, որին մասնակցեցին ավելի քան 430 մասնագետներ Հայաստանից, Արցախից, ԱՄՆ-ից, Բելիզից, Մեծ Բրիտանիայից, Լիբանանից, Իրանից և Կանադայից։ Հիմնական բանախոսն էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների գծով խորհրդատու Պ․ Սքելթոնը։ Սա թերևս վերջին տարիների վերականգնողական ոլորտի ամենամեծ, համընդգրկուն և մասնագետների կողմից պահանջված գիտական միջոցառումն էր։
Հետպատերազմյան վերականգնման վիրտուալ սիմպոզիումը վառ օրինակ էր, թե ինչպես միջազգային հետազոտողները, սփյուռքի կազմակերպությունները և տեղական մասնագետները կարող են միասին աշխատել և շոշափելի արդյունքներ գրանցել։ Օտարերկրյա բանախոսներից շատերն առաջին անգամ տեղեկացան Հայաստանի մասին և ցանկություն հայտնեցին շարունակել իրենց համագործակցությունը տեղական համալսարանների, մասնագիտական ասոցիացիաների և վերականգնողական կենտրոնների հետ։
«Թերապիստներ Հայաստանի համար» կազմակերպության և ՀԱՍԲԿ-ի համատեղ ջանքերն այսքանով չեն սահմանափակվել։ Նրանք Հայաստանի համար մշակել են Միջգիտակարգային վերականգնողական վերապատրաստման ծրագիր (Interdisciplinary Rehabilitation Fellowship for Armenia IRFA), որը նախատեսում են մեկնարկել 2022 թվականի հունվարին և վերապատրաստել հայաստանյան մի շարք առաջատար մասնագետների համաշխարհային չափանիշներին համապատասխան, իսկ պիլոտային ծրագրի բարեհաջող ավարտից հետո ներդնել այն ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի ծրագրերում։ Այս ամենը հնարավորություն կտա բարձրացնել հայաստանյան մասնագետների կլինիկական և կրթական մակարդակը, ինչն էլ էապես կազդի վերականգնողական ծառայությունների մատուցման որակի բարձրացման վրա թե՛ Հայաստանում և թե՛ Արցախում։
Հաշվի առնելով ներկայիս Հայաստանի և Արցախի անկայուն վիճակը և նոր հակամարտության վերսկսման սպառնալիքները՝ վերականգնողական և առողջապահության ոլորտի միջազգային և տեղական փորձագետները շեշտում են, որ ՀՀ-ի համար անառարկելի առաջնահերթություն է մասնագիտական որակի ապահովման, կրթության և աշխատուժի մեջ ներդրումը, որը հնարավորություն կտա դիմակայել ապագա մարտահրավերներին, արտակարգ իրավիճակներին ու աղետներին։
Այժմ կազմակերպություններն իրականացնում են ֆոնդհայթայթումներ՝ ծրագիրը հայաստանյան մասնագետների համար կարճ ժամկետներում հասանելի դարձնելու համար։ Ծրագիրը հավանության է արժանացել ՀՀ Առողջապահության նախարարության, Առողջապահության ազգային ինստիտուտի, Polaris EduCorps-ի և IDeA հիմնադրամի, UCLA Health-Philips կոնսորցիումի և մի շարք այլ տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից։
Այսպիսով սփյուռքի ակտիվ ներգրավվածությունը, տեղի փորձագետների հետ համագործակցությունը և միջազգային կազմակերպությունների առաջնորդությունը կարող են ոչ միայն խթանել ոլորտի զարգացումը, այլև կարող են նպաստել, որպեսզի Հայաստանը տարածաշրջանում դառնա վերականգնողական ոլորտի առաջատար։ Նման հնարավորությունը չպետք է բաց թողնել և անտեսել։ Այսօր առավել քան կարևոր է պատերազմի ձախողումները վերածել հաջողությունների՝ դասեր քաղելով ու հզորանալով։