Դավիթ Գալստյանը կմնա կալանքի տակ


Դավիթ Գալստյանը կմնա կալանքի տակ

  • 18-10-2021 21:17:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Պատրոն Դավիթ մականունով հայտնի Դավիթ Գալստյանը կմնա կալանքի տակ: Վերաքննիչն այսօր մերժել է նրա պաշտպանների բողոքը:
 
Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում հարուցված անպիտան հռիթների գործով ու մեղադրվում շուրջ 4.7 միլիոն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։
 
Այդ գործով կալանավորված են նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը:
 
Խոսելով այսօրվա որոշումից՝ Դավիթ Գալստյանի պաշտպանը հայտնել է, որ հիմքերը ուսումնասիրելուց հետո այն կբողոքարկեն վերադաս ատյանում:
 
Արմեն Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ վաղը միջնորդելու են նախաքննական մարմնին՝ պարզելու համար, թե ինչու է անկատար թողնվել հրթիռների պիտանի լինել-չլինելու հարցը որոշելու նպատակով նշանակված փորձաքննությունը:
 
Գալստյանի պաշտպանն այսօր անդրադարձել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանը, թե այդ հրթիռները դեռ 2011-ին էին ներկրվել Հայաստան, սակայն նախարարությունը դրանք չէր գնել անսարքության պատճառով:
 
Արմեն Հարությունյան (Դավիթ Գալստյանի պաշտպան) - Նախկին նախարարի հայտարարությանը ես չեմ ուզում ընդհանրապես որևէ ձևով գնահատական տալ: Ես համարում եմ դա քաղաքական հայտարարություն և չեմ ուզում ընդհանրապես որևէ մեկնաբանում տալ: Ես ունեմ գործի նյութեր, որոնք տրամադրվել են մեզ: Գործի նյութերում չկա որևէ տվյալ, որ մատակարարված հրթիռները անորակ, անպիտան հրթիռներ են եղել: Մենք խոսում ենք ժամկետների մասին: Վերջիվերջո, պետք է հասկանանք՝ պահանջվել է 1985-1991 թթ. արտադրության հրթիռ: Դա ԽՍՀՄ արտադրության հրթիռ է: Ինչ պահանջվել է, դա մատակարարվել է: Այսօր մենք խոսում ենք 1985-1991 թթ. արտադրության հրթիռների մեջ որոշակի խոտանների մասին: Սա պարզապես զավեշտ է, այսինքն՝ ուզում ենք հին զինամթերք, մատակարարվում է հին զինամթերք, հիմա ասում են՝ հին զինամթերք եք մատակարարել: 
 
«Լուրերի» լրագրողի հարցին՝ ինչու ՊՆ-ն չի գնել այդ մատակարարված հրթիռների 70 տոկոսը՝ Դավիթ Գալստյանը պատասխանեց՝ չգնելու մասին չի կարող որևէ բան ասել: 
 
Արմեն Հարությունյան - Կարող եմ ենթադրել միայն, որ չգնման խնդիրներից եղել է նաև ֆինանսականը, որովհետև պետբյուջեի ֆինանսավորմամբ է այդ ամենը գնվում:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play