Բժիշկները Գենետիկորեն Մոդիֆիկացված Խոզի Երիկամն Առաջին Անգամ Հաջողությամբ Փոխպատվաստել Են Մարդուն


Բժիշկները Գենետիկորեն Մոդիֆիկացված Խոզի Երիկամն Առաջին Անգամ Հաջողությամբ Փոխպատվաստել Են Մարդուն

  • 22-10-2021 14:02:52   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
ita.am. Նյու Յորքի համալսարանի Լանգոնի անվան բժշկական կենտրոնի վիրաբույժները գենետիկորեն մոդիֆիկացված խոզի երիկամն առաջին անգամ հաջողությամբ փոխպատվաստել են մարդուն: Փորձն իրականացվել է դեռ սեպտեմբերին, սակայն դրա նախնական արդյունքները հայտնի են դարձել օրեր առաջ, իսկ հետազոտության և գիտափորձի արդյունքները ներկայացնող գիտական հոդվածը խմբագրման փուլում է՝ գիտական ամսագրում հրապարակման համար։
 
Վիրաբույժները փոխպատվաստել են արհեստական շնչառության սարքին  միացված մի կնոջ, ում մոտ ախտորոշվել էր ուղեղի մահ։ Ընտանիքը բժիշկներին թույլ է տվել նրա մարմինն օգտագործել գիտափորձի համար՝ նախքան բժշկական սարքավորումներից անջատելը։ Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, նախքան կնոջ ընտանիքից նման վիրահատության թույլտվություն ստանալը, բժիշկները խորհրդակցել են էթիկական, իրավական և կրոնական հարցերով զբաղվող փորձագետների հետ։
 
Երիկամը վերցվել է GalSafe տեսակի խոզից, որի հյուսվածքներում անջատված է շաքարի սինթեզի համար պատասխանատու գենը: Այս գենը չկա մարդու օրգանիզմում, և հետևաբար, մարդուն նման գենի առկայությամբ օրգանի փոխպատվաստումը դառնում է խնդրահարույց. մարդու օրգանիզմը կարող է մերժել այն։
 
Առաջին փուլում բժիշկները որոշեցին ստուգել անոթների վիճակը, որոնք հիմնականում ազդում են քսենոտրանսպլանտացիայի վրա: Նրանք օրգանն ամրացրել են կնոջ ոտքի վերին հատվածի մի քանի անոթներին և ծածկել այն պաշտպանիչ թաղանթով: Շուրջ 54 ժամ բժիշկները հետևել են ընթացքին՝  հասկանալու համար երիկամի և մարմնի արձագանքը, ինչպես նաև վերցրել հյուսվածքների նմուշներ՝ անալիզի համար։
 
Արդյունքները գերազանցել են սպասումները․ օրգանը գրեթե անմիջապես սկսել է նորմալ գործել։ Ըստ բժիշկների, այն, որ օրգանը գործում էր մարմնից դուրս, հստակ նշան է, որ այն կգործի նաև մարմնում:
 
Դեռ պարզ չէ, թե գենետիկորեն մոդիֆիկացված խոզի երիկամը որքան ժամանակ կգործի մարդու օրգանիզմում և ինչպիսին կլինի իմունային համակարգի երկարաժամկետ արձագանքը: Այնուամենայնիվ, ինչպես նշում են The New York Times-ին հարցազրույց տված փորձագետները,  այս ուսումնասիրությունը իրական բեկում կարող է մտցնել բժշկության մեջ:
 
Ուսումնասիրության հեղինակները նշել են, որ գենետիկորեն մոդիֆիկացված խոզերը կարող են լինել «օրգանների կայուն և վերականգնվող աղբյուր»՝ փրկելով երիկամի փոխպատվաստման սպասող հազարավոր մարդկանց։
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ