ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների «հարկադիր անհետացման» վերաբերյալ 16 նոր գործեր են ներկայացվել․ Հայ դատի գրասենյակ


ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների «հարկադիր անհետացման» վերաբերյալ 16 նոր գործեր են ներկայացվել․ Հայ դատի գրասենյակ

  • 23-10-2021 21:38:22   | Հայաստան  |  Իրավունք

Վաշինգտոնում տեղակայված «Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը» (ALC) հայտարարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների «հարկադիր անհետացման» վերաբերյալ 16 նոր գործերի ներկայացման մասին։
 
Դրանք վերաբերում են թվով 20 անձանց, ովքեր անհետացել են ադրբեջանական գերության մեջ։
 
ALC-ն, համագործակցելով Երևանում գործող «Միջազգային և համեմատական ​​իրավունքի կենտրոնի» հետ, հիմնավոր ապացույցներ է ներկայացրել առ այն, որ այդ անձինք կալանավորվել և գերեվարվել են ադրբեջանական ուժերի կողմից 2020 թվականի արցախյան պատերազմի ժամանակ, սակայն Ադրբեջանի կողմից  նրանց ներկայիս կարգավիճակի մասին լրացուցիչ տեղեկություններ չեն հրապարակվել։ Միջազգային հումանիտար իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ այդ անհետացումներն «հարկադիր անհետացման» միջադեպեր են, և Ադրբեջանը պարտավոր է հետաքննել ու հրապարակել այդ անձանց վերաբերյալ տեղեկությունները:
 
Միջազգային իրավունքի համաձայն՝ «հարկադիր անհետացումը» պատերազմական շարունակական հանցագործություն է, և որպես այդպիսին՝ այն տևում է այնքան ժամանակ, քանի դեռ զոհի ճակատագրի և գտնվելու վայրի մասին հստակ տեղեկություն չի տրամադրվել։ ALC-ի հարուցված այս նոր գործերը ՄԻԵԴ-ին մղում են պարտադրելու Ադրբեջանին հետաքննել ոչ միայն այդ անձանց անհետացումները, այլև խաղաղ բնակչության վրա Ադրբեջանի համատարած հարձակումների դեպքերը: Իրավական այս գործողությունների նպատակն է նաև ընդգծել, որ Ադրբեջանը տիրապետում է այդ անձանց մասին տեղեկություններին և մինչ այժմ չի ճանաչել նրանց գերությունը և այդ տեղեկությունները չի փոխանցել զոհերի ընտանիքներին:
 
«Հայկական իրավական կենտրոնը» և «Միջազգային և համեմատական ​​իրավունքի կենտրոնը» նաև երկու նոր գործ են ներկայացրել Ադրբեջանի կողմից 10 հայ ռազմագերիների սպանության համար՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի: ՄԻԵԴ ներկայացված անհերքելի ապացույցների համաձայն այս 10 հայ զինվորականները ողջ և անվնաս գերի են վերցվել ադրբեջանական ուժերի կողմից։ Այնուամենայնիվ, անազատության մեջ գտնվելու ժամանակ նրանք անմարդկային խոշտանգումների և դաժան սպանության են ենթարկվել։ Հայ 10 ռազմագերիներից 9-ը գերության մեջ սպանվել են ռազմական գործողությունների դադարեցումից և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությունից հետո։
 
Հայկական իրավական Կենտրոնի ղեկավար Քեն Խաչիկյանը, ՄԻԵԴ ներկայացված նոր գործերի առիթով նշել է․ «Ադրբեջանը միջազգային հանրության կողմից պետք է պատասխանատվության ենթարկվի հայության նկատմամբ շարունակական ագրեսիայի և ռազմական հանցագործությունների համար։ Գերության մեջ գտնվող բոլոր հայերը պետք է ազատ արձակվեն առանց նախապայմանների, հետագա բանակցությունների կամ փոխանակումների։ Հարկադիր անհետացումների և սպանությունների վերաբերյալ այս նոր գործերը ևս մեկ քայլ են ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների պաշտպանության գործում»։
 
«Միջազգային և համեմատական ​​իրավունքի կենտրոնը» մանրամասն տեղեկություններ և ապացույցներ է հավաքել և փաստագրել 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմից գերեվարված հայերի մասին: Այս փաստահավաք աշխատանքի հիման վրա իրավապաշտպան կազմակերպությունների համագործակցության արդյունքում ՄԻԵԴ-ում բազմաթիվ գործեր են հարուցվել։ Կազմակերպությունները շարունակում են հետամուտ լինել Ադրբեջանի գերության մեջ գտնվող բոլոր հայ գերիների և՛ ազատությանը, և՛ իրավունքներին:
 
Անհետացած հայ ռազմագերիներ
 
Սերգեյ Անանյան, Արթուր Ասատրյան, Խաչատուր Ավետիսյան, Նարեկ Բորյան, Ռոբերտ Ղազարյան, Արամ Հովսեփյան, Կարեն Իսկանդարյան, Հայկ Խաչատուրով, Գագիկ Խաչատրյան, Հայկո Խաչատրյան, Տիգրան Մանասյան, Միքայել Մկրտումյան, Իրինա Մուսայելյան, Գուրգեն Սաֆարյան, Արարատ Սաքանյան,  Մարտիկ Սարգսյան, Լևոն Սարգսյան, Կարեն Սարգսյան, Իվան Սողոմոնյան, Նորայր Սողոմոնյան։
 
Սպանված հայ ռազմագերիներ
 
Արթուր Մանվելյանը կամավոր մասնակցել է Արցախի պաշտպանությանը 2020 թվականի սեպտեմբերի վերջից։ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին Մեխակավանի մոտ տեղի ունեցած մարտական ​​գործողությունների ժամանակ Մանվելյանը վիրավորվել է, այնուհետև սպանվել ադրբեջանցի զինծառայողի կողմից։ Կրակոցների պահը տեսագրել են նրան սպանած ադրբեջանցի զինծառայողները, տեսանյութը լայն տարածում է գտել համացանցում։ Ռազմական գործողությունների դադարեցումից և հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո հայ զինվորները մնացել էին Արցախի Հադրութի Հին Թաղեր գյուղում։ Ադրբեջանցի զինվորների հարձակման արդյունքում թվով ինը հայ զինվորներ ենթարկվել են խոշտանգումների և սպանվել։ Նրանք են՝ Հարություն Անդրիասյանը, Սարգիս Հարությունյանը, Անդրանիկ Շահնազարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Սմբատ Ավետիսյանը, Ռոման Մարգարյանը, Հարություն Մկրտչյանը, Գևորգ Արշակյանը և Գարիկ Բարսեղյանը: Արդյունքում բոլոր ինը հայ զինծառայողները ենթարկվել են խոշտանգումների և դաժանաբար սպանվել։ 
 
 ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք