Աբդուլլահ Գյուլը դատապարտել է Էրդողանի հայտարարությունը դեսպանների վերաբերյալ

Աբդուլլահ Գյուլը դատապարտել է Էրդողանի հայտարարությունը դեսպանների վերաբերյալ

  • 25-10-2021 22:13:30   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

ermenihaber.am Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2 օր առաջ հայտարարել էր, որ երկրի արտգործնախարարությանը կարգադրել է անցանկալի անձ հայտարարել թուրք իրավապաշտպան, Հայոց ցեղասպանությունը ճանաչող Օսման Քավալային ազատելու կոչ արած 10 երկրի դեսպաներին։
 
Էրդողանի այդ հայտարարությունը քննարկումների պատճառ է դարձել նաև Թուրքիայի ներսում: Թեմային արձագանքել են Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը ու նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Մի շարք երկրներ արդեն հասցրել են իրենց մտահոգությունը հայտնել խնդրի առնչությամբ: 
 
Գյուլը, Էրդողանի հայտարարությունը համարելով անընդունելի, նշել է, որ դեսպանները միայն կատարում էին իրենց երկրի ղեկավարության հրամանը և նրանք չպետք է անձամբ պատասխանատվություն կրեն: Գյուլի կարծիքով դեսպանների արտաքսումը լուրջ հետևանքներ կունենա և պատճառ կդառնա նոր խնդիրների:
 
Ըստ նրա՝ չի կարելի թույլ տալ, որ այս խնդիրը վերածվի ճգնաժամի, քանի որ դա չի բխում ոչ մի երկրի շահից: Գյուլի կարծիքով հարցը պետք է վստահել Թուրքիայի արտգործնախարարությանը: Չպետք է թույլ տալ, որ իրավիճակը հասնի այնպիսի մի կետի, որից ետ կանգնել այլևս հնարավոր չլինի:
 
Մինչ այդ էլ Թուրքիայի նախագահի հայտարարությունը դատապարտել էր Դավութօղլուն՝ նշելով, որ դա կարող է դառնալ Թուրքիայի պատմության դիվանագիտական ամենամեծ  ճգնաժամը:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը