FAST-ի նախաձեռնությամբ ՀՀ-ում է ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի պատվիրակությունը

FAST-ի նախաձեռնությամբ ՀՀ-ում է ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի պատվիրակությունը

  • 09-11-2021 15:06:20   | Հայաստան  |  Հասարակություն



 
FAST-ի նախաձեռնությամբ մեկշաբաթյա այցով  Հայաստանում է ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի պատվիրակությունը:
 
Նոյեմբերի 8-ին տեղի ունեցած՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍ) և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի նախագծերի ղեկավար Պատրիկ Ռոուզը մանրամասնել է իրենց ճանաչողական այցի նպատակները, ներկայացրել է ֆինանսավորման հնարավորությունները, որոնցից հայ գիտնականները կարող են օգտվել առաջադեմ հետազոտությունների իրականացման համար:   
 
Պատրիկ Ռոուզը նաև ներկայացրել է Հայաստանում գիտական ու տեխնոլոգիական ավանդական մտածողությունը կոտրող, բեկումնային նախագծերի (blue sky ideas) ֆինանսավորման հեռանկարներն ու ծրագրերը։
 
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը նշեց, որ ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի այս ծրագրերի իրականացումը հնարավորություն կտա կատարել ֆունդամենտալ հետազոտություններ, գեներացնել գաղափարներ, որոնք կունենան հետազոտական արդյունք և կվերածվեն որոշակի կոնկրետ պրոդուկտների. 
 
«Գաղտնիք չէ, որ զարգացած գիտությունն ու կրթված հասարակությունն ամուր, անվտանգ պետության երաշխիքներից են։
 
Նմանատիպ նախաձեռնություններն էլ բխում են այդ ռազմավարությունից, և ողջունելի է, որ կան մարդիկ ու կազմակերպություններ, ովքեր սատարում են այս ծրագրերի իրականացմանը։ Վստահ եմ, որ Հայաստանում ունենք շատ լավ գիտնականներ ու պրոֆեսորներ, ովքեր կունենան հետաքրքիր, նորարար գաղափարներ, որոնցով կարող են դիմել այս ծրագրին։
 
Որպես ԿԳՄՍ նախարարություն՝ մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի այս համագործակցությունը կայանա, և որքան հնարավոր է շատ գիտնականներ ու ստարտափեր տեղեկանան  նախաձեռնության մասին»։ 
 
ԱՄՆ-ի ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակը (ONRG) և Բանակի միջազգային տեխնոլոգիական կենտրոնը (ITC) ԱՄՆ ռազմածովային նավատորմի և ԱՄՆ բանակի միջազգային դրամաշնորհային ֆինանսավորման ծրագրերն են, որի շրջանակում յուրաքանչյուր տարի կազմակերպվում է շուրջ 200 այց՝ ավելի քան 47 երկրներում։ Այցերի նպատակն է որոնել հեռանկարային գիտական հետազոտություններ, տեխնոլոգիաների ոլորտում նորարար ու հեղափոխական գաղափարներ և ստարտափերի, աջակցման ու ֆինանսավորման տարբեր մեխանիզմների միջոցով խթանել այդ ծրագրերի զարգացումը։
 
«Մենք փնտրում ենք գաղափարներ, որոնց գուցե ոչ ոք չի հավատում, որոնք առաջին հայացքից անհնարին ու չափից դուրս անիրատեսական են թվում»,- նշեց ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի նախագծերի ղեկավար Պատրիկ Ռոուզը և հավելեց. 
 
«Հայաստանում համագործակցություն մեկնարկելու գրավիչ կողմերից մեկը Հայաստանի գիտակրթական հարուստ պատմությունը, գիտության զարգացման հեռանկարները, ներուժը և այնպիսի էկոհամակարգերի առկայությունն է, ինչպիսին օրինակ FAST հիմնադրամն է։ Մենք հրավիրում ենք հայ գիտնականներին ներկայացնելու իրենց ամենատարօրինակ թվացող գաղափարներն ու գիտական հետազոտությունները։ Աշխատելու ենք անմիջապես  գիտնականների հետ՝ ավելի լավ հասկանալու համար, թե ինչ ռեսուրսներ են պետք գաղափարները կյանքի կոչելու համար։ Սա Հայաստանի հետ մեր առաջին համագործակցությունն է, բայց հուսով եմ, որ սա դեռ տարաբնույթ համագործակցությունների սկիզբն է»։
 
FAST հիմնադրամի կողմից կազմակերպված՝ Հայաստան այցի ընթացքում ԱՄՆ-ի ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի, Բանակի միջազգային տեխնոլոգիական կենտրոնի և FAST-ի ներկայացուցիչներն այցելելու են Հայաստանի գիտական, կրթական և տեխնոլոգիական մի շարք առանցքային կենտրոններ՝  ծանոթանալու նորարարական գաղափարներին և նախագծերին, բացահայտելու ապագայում դրանց ֆինանսավորման հեռանկարները: 
 
Մասնավորապես այցեր են նախատեսվում հետևյալ հաստատություններ՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա, Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան,  Հայաստանի Ամերիկյան համալսարան, Բյուրականի աստղադիտարան ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:
 
 Բացի այդ նախատեսված են հանդիպումներ հայկական տեխնոլոգիական կառույցների, տարբեր ստարտափ ընկերությունների ու ստարտափ հաբերի ներկայացուցիչների հետ:
FAST հիմնադրամի ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը ներկայացրեց  իրենց կողմից ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի պատվիրակության այցի կազմակերպման նպատակները, առաջնահերթություններն ու մղումները, ինչպես նաև հայ գիտնականների համար ֆինանսավորման նմանատիպ հնարավորությունների ստեղծման կարևորությունը Հայաստանում գիտության և նորարարության զարգացման գործում. 
«FAST-ը շարունակաբար աշխատում է այնպիսի կամուրջների և հարթակների ստեղծման ուղղությամբ, որոնք կարող են օգնել հայ գիտնականներին և նորարարներին կապեր ստեղծել և համագործակցել առաջատար միջազգային կառույցների և դոնորների հետ:
 
Մարտահրավերները, որոնց բախվել են մեր երկիրը և աշխարհը՝ սկսած 2020 թվականի սկզբից, իրենց ազդեցությունն են ունեցել բոլոր ոլորտների և կազմակերպությունների վրա։  Մենք վստահ ենք, որ այդ մարտահրավերների հաղթահարման հիմնական ուղիներից մեկը Հայաստանում նորարարությունների ստեղծումն է համաշխարհային շուկայի համար: Եվ հենց այս տեսլականով ենք մեր ամենօրյա աշխատանքում վճռականությամբ և համբերատարությամբ մշակում և իրականացնում ծրագրեր»,-նշեց Սյուզաննա Շամախյանը, և հավելեց, որ այսպիսի նախաձեռնություններով ցանկանում են Հայաստանում ստեղծել պայմաններ, որպեսզի գիտնականներն իրենց երկրում գործելով նպաստեն աշխարհում գիտության առաջընթացին։ 
 
Այցի շրջանակում նաև նոյեմբերի  10-ին ժամը 15:30-ին, և նոյեմբերի 11-ին ժամը  15:00-ին  FAST հիմնադրամում նախատեսվում են բաց հանդիպումներ երիտասարդ գիտնականների, գիտատեխնոլոգիական կազմակերպությունների և ստարթափերի հետ։ 
 
***
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ստեղծվել է 2017 թվականին: Հիմնադրամի հիմնական առաքելությունն է խթանել ու նպաստել գիտության և նորարարության զարգացմանը Հայաստանում և նրա սահմաններից դուրս:
 
Գործունեության 4 տարիների ընթացքում Հիմնադրամն իր ծրագրերի միջոցով ներգրավել է ավելի քան 6000 շահառու՝ ուսանողներ, հետազոտողներ, ձեռնարկատերեր, ստարտափներ և քաղաքականություն մշակողներ:
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն