Silicon Mountains գագաթնաժողովը համախմբել էր տեխնոլոգիական համայնքին
19-11-2021 17:50:32 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Այսօր՝ նոյեմբերի 19-ին Մատենադարանում կայացել է SILICON MOUNTAINS 2021 տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովը, որը նվիրված էր տնտեսության մեջ խելացի լուծումների կիրառությանը (Digital Smart Economy)։
Արդեն երկրորդ անգամ անցկացվող միջոցառման կազմակերպիչն է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը։ Գագաթնաժողովի շրջանակներում քննարկվել են խելացի լուծումների կիրառման և տնտեսության թվայնացման հեռանկարները։
Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունից տեղեկանում ենք, որ համաժողովի հատուկ հյուրն էր Սինոփսիս վերազգային ընկերության նախագահ Դր. Չի-Ֆուն Չանը (Chi-Foon Chan), ով ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2020 թվականի (GIT Award 2020) մրցանակակիրն է։
«Հայաստանը կարող է մեծ օգուտ քաղել տեխնոլոգիական աշխարհում տեղի ունեցող փոփոխություններից՝ անցկացնելով ուսումնասիրություններ և ճանաչելով հնարավոր առավելությունները։ Ձեր երկիրը ներուժ ունի՝ կարող է դառնալ ոչ միայն տեխնոլոգիական ծառայություններ մատուցող, այլև մտավոր սեփականության, ծրագրային ապահովման խոշոր արտահանող և կարևոր լուծումների ստեղծող։ Ես երկար տարիներ աշխատել եմ հայ մասնագետների հետ և արել եմ այսպիսի դիտարկումներ՝ առաջին 5 տարիների ընթացքում նրանք զարգացնում են իրենց մասնագիտական հմտությունները, հաջորդ 5 տարիների ընթացքում իրականացնում են շատ բարդ միջազգային նախագծեր, ինչից հետո արդեն ղեկավարում են այդպիսի նախագծերը։ Հույս ունեմ, որ այժմ հայ մասնագետները ևս մեկ քայլ առաջ կանեն և կսկսեն նոր ուղղություններ սահմանել տեխնոլոգիական շուկայում»,- նշել է Սինոփսիս վերազգային ընկերության նախագահ Դր. Չի-Ֆուն Չանը:
«Տեխնոլոգիաները ազդեցություն ունեն կյանքի բոլոր ոլորտների վրա, և մենք պիտի հասկանանք, թե ինչպես կարող ենք օգտագործել և զարգացնել ապագայի տեխնոլոգիաները՝ Հայաստանը զարգացնելու համար։ Տեխնոլոգիական կրթությունը հայերի համար պետք է սկսվի դպրոցական տարիքից։ Մենք ցանկանում ենք խրախուսել երիտասարդներին, որպեսզի որպես մասնագիտություն ընտրեն գիտությունն ու ՏՏ-ն, և համապատասխան կրթություն ստանան թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում»,- նշել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը:
«SILICON MOUNTAINS 2021-ն իրենից ներկայացնում է բիզնեսի առաջնորդների հանդիպում և բաց քննարկում, որտեղ ընկերությունների ղեկավարները ներկայացնում են իրենց փորձը, ծրագրերը: Այսօր կան ոլորտներ, որոնք քիչ կապ ունեն ժամանակակից տեխնոլոգիաների հետ և չունեն զարգացման համար անհրաժեշտ ողջ ինֆորմացիան: Հարկավոր է հնարավորինս արագ փոխանցել այդ տեղեկատվությունը, որպեսզի բիզնեսները մրցունակ մնան միջազգային շուկայում», - ընդգծել է ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը:
ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանի խոսքով, Հայաստանի ամենակարևոր խնդիրներից է գնալ թվային լուծումները ակտիվ կիրառելու և արտահանելու ուղղությամբ:
«Մենք աշխարհում կարող ենք մրցակցային լինել միայն որակյալ ինժեներների առկայության պարագայում: SILICON MOUNTAINS-ը Սիլիկոնյան հովտին մեր համարժեք պատասխանն է՝ դեռ միայն գագաթնաժողովի տեսքով: Այն խոսում է մեր ծրագրերի մասին, թե որտեղ ենք ցանկանում լինել գլոբալ տեխնոլոգիական քարտեզի վրա՝ ցույց տալով Հայաստանը որպես բարդ ինժեներական լուծումներ առաջարկող և արտահանող երկիր»,- նշել է նա:
Գագաթնաժողովի գլխավոր հովանավորը «Յունիքոմփ» ընկերությունն է, իսկ աջակիցներն են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն ու «ԱԿԲԱ բանկ»-ը:
Միջոցառման ընթացքում կայացած արարողության շրջանակում շրջանառության մեջ դրվեց «Բարձր տեխնոլոգիաներ. «Սիլիկոնային սարեր»» թեմային նվիրված մեկ նամականիշով երկկողմանի փոստային բացիկ:
Փոստային բացիկի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը, «ՀայՓոստ» ընկերության ֆիլատելիայի բաժնի ղեկավար Շուշան Ալեքսանյանը, «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն Չի-Ֆուն Չանը, Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Փոստային բացիկի նամականիշի վրա ներկայացված է 2019 թվականին Հայաստանում տեղի ունեցած «Սիլիկոնային սարեր» համաժողովից լուսանկար: Բացիկի ներքևի ձախ անկյունում պատկերված է «ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՍԱՐԵՐ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով, իսկ դարձերեսին պատկերված է 2021 թվականի «Սիլիկոնային սարեր» համաժողովի լոգոտիպը:
Գագաթնաժողովի ընթացքում կայացել է չորս պանելային քննարկում: Առաջին պանելային քննարկումը նվիրված էր Թվային խելացի տնտեսության շարժիչին (Միկրոէլեկտրոնիկա, Արհեստական բանականություն): Պանելային քննարկմանը մասնակցում էին «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը, ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը, «Քեյր Թեքնոլոջիս» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Ղուլյանը և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը:
ՏՀՏ ենթակառուցվածքը՝ որպես թվային տնտեսության հիմք (Հեռահաղորդակցություն) խորագրով երկրորդ պանելային քննարկման մասնակիցներն էին «Վիվա-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի Հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը:
Երրորդ պանելային քննարկմանը, որին մասնակցում էին «Թումո»-ի տնօրեն Մարի Լու Փափազյանը, ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ԲԱՆԱ-ի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը և «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը, նվիրված էր Թվային խելացի տնտեսության էկոհամակարգի զարգացմանը (կրթություն, տարածաշրջանային զարգացում, խելացի քաղաք, ստարտափներ):
Վերջին՝ չորրորդ պանելային քննարկումն անցկացվում էր Թվային տնտեսության մարտահրավերները (Կիբեռանվտանգությունը 4-րդ արդյունաբերական հեղափոխության
եւ ֆինտեխի դարաշրջանում) խորագրի ներքո: Մասնակիցներն էին «Յունիքոմփ»-ի Համակարգային ինտեգրման բաժնի ղեկավար Խորեն Մամիկոնյանը, ՀՀ Կենտրոնական բանկի տնօրեն Կոմիտաս Ստեփանյանը, «ԱԿԲԱ բանկ»-ի Պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը և «Վիվա-ՄՏՍ» ընկերության Ներքին հսկողության և աուդիտի վարչության պետ Կիմ Ավանեսյանը:
***
Հիշեցնենք, որ Silicon Mountains առաջին համաժողովն անցկացվել էր 2019թ. դեկտեմբերի 4-5-ին և նվիրված էր ՏՀՏ ոլորտում «խելացի լուծումներին» և համաշխարհային շուկայում առաջիկա տարիներին սպասվող զարգացումներին:
Համաժողովի պատվավոր հյուրն էր ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկիր, ճապոնացի գիտնական դոկտոր Տակեո Կանադեն: Միջոցառմանը մասնակցում էին բանախոսներ համաշխարհային առաջատար կազմակերպություններից՝ Microsoft, Cisco, nCipher Security եւ NXP Semiconductors: