Քասախը անհրաժեշտ փոփոխություններին ընդառաջ

Քասախը անհրաժեշտ փոփոխություններին ընդառաջ

  • 20-11-2021 12:40:46   | Հայաստան  |  Հասարակություն

 
Այն, ինչ երեկ տեղի ունեցավ Կոտայքի մարզի Քասախ համայնքում, պարզ ցույց տվեց, որ հնում Չամռլու կոչված համայնքը, թեև ազատվել է թուրքական ծագումով անվանումից, բայց դեռ չի ազատվել նախկին արատավոր բարքերից։ Բարքեր, որոնք վերջին տասնամյակներում արմատակալել ու մոլախոտի համառությամբ շարունակում են խանգարել համայնքի բնականոն զարգացմանը։ 
 
Ի՞նչ զարգացման մասին կարող է խոսք լինել, երբ Քասախի համայնքապետն արդեն քառորդ դար զբաղեցնում է նույն պաշտոնը, երբ համայքապետի տեղակալը ոչ պատահաբար նրա եղբոր որդին է։ Այսքանը հերիք է պատկերացնելու համար այն ձևավորված կլանը, այն մերձավորների խումբը, որը համայնքը վերածել է սեփական կալվածքի ու առոք-փառոք տնավորվել։ Արդյունքում մի խումբ մարդկանց անձնական կյանքը տարեցտարի ծաղկել է, իսկ համայնքային կյանքը՝ տարեցտարի լճացել։ 
 
Բանն այն է, որ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանի պաշտոնավարման լիազորությունների ժամկետն ավարտվել է և ըստ տեղական ինքնակառավարման մասին օրենքի՝ պիտի նշանակվի ժամանակավոր պաշտոնակատար մինչև դեկտեմբերի 5-ին կկայանան ՏԻՄ ընտրություններ։ Եվ ահա մարզպետի կողմից նշանակվում է ժամանակավոր պաշտոնակատար, որը պիտի անցնի իր աշխատանքային պարտականությունների կատարմանը։ Բայց համայնքապետարանի աշխատակազմը դիմում է բոյկոտի։
 
Աշխատակիցները փակում են համայնքապետարանի դռները և հրաժարվել բացել։ Ժամանակավոր պաշտոնակատարի՝ օրենքով սահմանված լիազորությունների կատարման խոչընդոտը վերացնելու համար երեկ երեկոյան տեղի ունեցավ իրավապահ մարմինների միջամտությունը։ Նրանք կատարեցին իրենց օրինական գործառույթը և վերականգնեցին համայնքապետարանի հասանելիությունը ժամանակավոր պաշտոնակատարի համար։
 
Ցանկացած իրավական երկրում և իրավագիտակից հասարակությունում, որտեղ տիրում են առողջ և պետականամետ բարքեր, օրենքի և իրավունքի այսպիսի պահպանումը գիտակցվում և հարգվում է։ Մինդեռ Քասախում համայնքապետ Արա Մկրտչյանի ենթակայության տակ գործած աշխատակիցները իրենց վարքով ու բառապաշարով երեկ ցույց տվեցին, թե որ բարքերին են իրենք կողմնակից։ Դա ունի մեկ անուն՝ ֆեոդալական։ Տպավորություն էր, թե նրանց համար չկա պետություն, պետական կառավարման օղակ, օրենք և վերադաս մարմնի որոշում։ Նրանց համար կա միայն Քասախի համայքապետարան, որի տերը իրենք են և կա միայն Արա Մկրտչյան, որն էլ իրենց տերն է։ 
 
Ինչո՞ւ է այդպիսի տպավորություն,- կհարցնեք դուք։ Որովհետև նրանք ահա այսպիսի արտահայտություն են թույլ տալիս, ինչն էլ բնորոշում է իրենց մտածելակերպը։ «Մենք տեղական ինքնակառավարման մարմին ենք, ոչ մեկ չի կարող թելադրել մեզ, թե մենք ինչ անենք, մարզպետի որոշումը մեզ համար հիմք չի կարող լինել»։
 
Մնում է կարծել, որ  Հայաստանի Հանրապետություն, վարչատարածքային բաժանման միավորներ՝ մարզեր գոյություն չունեն, կա միայն առանձին Քասախ համայնք՝ Հայաստանից ու Կոտայքի մարզից դուրս։ Նման ամբարտավան կեցվածք ունեցողներին ինչ-որ մեկը պիտի հուշի, որ ինքնակառավարումը պետք չէ շփոթել ինքնավարության հետ։
 
Մեկ այլ դրվագի վրա էլ ուշադրություն պիտի հրավիրենք։ Ժամանակավոր պաշտոնակատարի մուտքը համայքապետարան խոչընդոտողները տեսախցիկների առաջ պնդում էին, թե իրենց բոյկոտը անշահանխնդիր է, իրենք նյութապաշտության հետևից ընկած չեն ու աթոռի կռիվ չեն անում։ Կրկին ուշադրություն։ Սա ասում են այն մարդիկ, որոնց պաշտպանած համայնքապետը ավելի քան 25 տարի նույն պաշտոնին է, նույն աթոռին։ Դե իհարկե, աթոռակռիվ չէ, ոչ մի նյութապաշտություն, ոչ մի անձնական բարեկեցություն, ուղղակի 25 պարզ ու միամիտ տարիներ։  Դրա համար էլ հիմա Արա Մկրտչյանը մեղադրյալ է չորս քրեական գործով և դատարանի որոշմամբ կալանավորված։ Մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի և պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերն անօրինական սխեմաների միջոցով ինքնակամ զավթելու մեջ։
 
Համայքապետարանի աշխատակիցների բոյկոտից մի դիտարկում էլ անենք ու եզրափակենք դրվագների մեջբերումը, քանի որ այնտեղ հնչում էին անպարկեշտ խոսքեր և ոչ նորմատիվային բառապաշար։ Որքան էլ ցավալի է, բայց դրանք լսեցինք տիկնանց շուրթերից։ Դժվար չէ պատկերացնել, թե վարչական այս կամ այն լծակը ունենալով իրենց ձեռքին ինչպես են նրանք, իբրև համայնքապետարանի աշխատակիցներ, այսքան ժամանակ հարաբերվել այն համագյուղացիների հետ, որոնք ենթադրենք ընդդիմադիր են եղել իրենց։
 
Իրականում աղետալին այն է, որ մարզպետի որոշումը առոչինչ, իսկ Քասախի տեղական ինքնակառավարումը ամեն ինչ համարող Արա Մկրտչյանի կադրերը նույնիսկ հպարտանում էին իրենց համայնքապետի այդքան տարվա պաշտոնավարությամբ։ Կադրային սերնդափոխությունը նրանց համար ահավոր խորթ է ու նույնքան ատելի։ Բացահայտ ցինիզմով անգամ խոստանում էին կազմակերպել էքսկուրսիա դեպի համայքապետի այդքան տարվա աշխատասենյակ ու սանհանգույց։ Ճիշտ է, էքսկուրսիա չի լինի, բայց դեկտեմբերի 5-ին կլինեն համայնքապետի և ավագանու ընտրություններ։ Եվ եթե նորից նման մարդկանց պիտի հանձնվի Քասախի ճակատագիրը տնօրինելու գործը, ուրեմն պիտի հրաժեշտ տալ համայնքի զարգացման հեռանկարին։
 
Հետգրություն
 
Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 3-րդ գլխի 24-րդ հոդվածում գրված է․ «Նույն անձը համայնքի ղեկավարի պաշտոնում կարող է ընտրվել ոչ ավելի, քան 2 անգամ անընդմեջ»: 
 
Ինչպե՞ս է պատահել, որ Քասախի համայնքապետը ի՞նչ 2, ի՞նչ 3, այլ 5 անգամ է կարողացել է ընտրվել ու վերընտրվել։ Հարցեր են, որոնց պատասխանների հետևից անպայման պիտի գնալ։ Ու ոչ միայն Քասախում։
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն