Տիեզերագնացները Սնկերի Միջոցով Կարող Են Պաշտպանվել Տիեզերական Ճառագայթումից

Տիեզերագնացները Սնկերի Միջոցով Կարող Են Պաշտպանվել Տիեզերական Ճառագայթումից

  • 25-11-2021 14:38:11   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
ita.am. Մարդկությունը ցանկանում է նվաճել անծայրածիր տիեզերքը, սակայն մինչ այդ գիտնականները ստիպված կլինեն լուծել մի հրատապ խնդիր, այն է՝ գտնել համապատասխան պաշտպանություն տիեզերական ճառագայթումից: Երկրի մագնիսոլորտը պաշտպանում է մեզ արեգակնային քամուց և բռնկումներից, ինչպես նաև միջաստղային միջավայրի կործանարար ճառագայթումից: Երկրից 408 կմ հեռավորության վրա գտնվող ՄՏԿ-ի տիեզերագնացներն արդեն իսկ ենթարկվում են ավելի շատ ճառագայթման, սակայն դեռևս բավականին մոտ են մեր մոլորակին, որպեսզի մինչև մեկ տարի ապահով մնան ուղեծրում: Ինչը չի կարելի ասել ավելի հեռավոր և երկարատև տիեզերական ճանապարհորդությունների մասին։
 
Նշված դեպքերում ավելի հուսալի պաշտպանություն է հարկավոր, և գուցե օգնության համար մարդկությունը դիմի սնկերի թագավորությանը: Գոյություն ունի սնկերի հատուկ տեսակ՝ Cladosporium sphaerospermum, որն աճում և փթթում է բարձր ճառագայթման պայմաններում: Այս սունկը ոչ թե պարզապես կլանում է ճառագայթումը, այլ իրականում ռադիոսինթեզի միջոցով սնվում է դրանով:
 
Ճառագայթման այս «սիրահարներն» ունեն ֆենոմենալ կենսունակություն՝ կարողանում են գոյատևել այնպիսի միջավայրերում, ինչպիսին են, օրինակ, նախկին Չեռնոբիլի ատոմակայանը կամ վակուումը։ 2019 թվականին կենսաբանների թիմն այս սնկերն ուղարկեց ՄՏԿ և մեկ ամիս հետևեց դրանց աճին, այնուհետև ճառագայթման չափումներ կատարեցին սնկերի մոտ գտնվող տարածքից և համեմատության համար սնկերից հեռու տարածքից: 1,7 մմ սնկային շերտի տակ ճառագայթման մակարդակը 2,17%-ով ցածր է եղել ստուգիչ տարածքի չափման համեմատ։ Բացի այդ, տիեզերական վակուումում սունկը զարգացել է մոտ 1,2 անգամ ավելի ակտիվ, քան Երկրի վրա։
 
Իհարկե, դեռ վաղ է խոսել հեռավոր տիեզերական ճանապարհորդությունների ժամանակ «հրաշագործ» սնկի օգտագործման մասին։ Հետազոտողների հաշվարկների համաձայն՝ Մարսի վրա ճառագայթման մակարդակը Երկրի մակարդակին հասցնելու համար, բնակության համար նախատեսված տարածքը պետք է ծածկվի Cladosporium sphaerospermum-ի 2,3 մ հաստությամբ շերտով, կամ, որպես այլընտրանք, մարդիկ պետք է բնակվեն Մարսի հողից (ռեգոլիթ) 3 մ խորության տակ: Այնպես որ, զարմանալ պետք չէ, եթե ժամանակի ընթացքում այնպես պատահի, որ տիեզերագնացները տիեզերական ճառագայթումից պաշտպանվելու համար թաքնվեն Cladosporium sphaerospermum ծածկույթի տակ:
 
 
Նոյյան տապան   -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ